«Ամեն հայի շուրթից ամեն օր պետք է հնչի Զորավար ԱՆԴՐԱՆԻԿԻ անունը»: Գրող, հրապարակախոս, անդրանիկագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյան.
Անուններ կան, որ ազգի առջև ծառացած դժվարին ժամանակներում ճեղքում են արգելքի ցանկացած «հաստաբեստ» պատ ու ժողովրդին ներկայանում նոր լույսի տակ, շողում-շողշողում որպես հույսի ու հավատի ապավեն-խորհրդանիշ: Այդպիսին է հայ ժողովրդի մեծանուն զավակ, հայ, ֆրանսիացի (Ֆրանսիայի «Պատվո լեգեոն»-ի շքանշանակիր է) և բուլղար ժողովուրդների ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, բուլղարական, ցարական բանակների գեներալ, զորավար Անդրանիկ Օզանյանի անունը, որին ժողովուրդը անսահման սիրով պարզապես Անդրանիկ փաշա, թուրքերը՝ Սարսափ փաշա /զորավար/ են անվանում:
Այս տարի, այս ամիս Սյունիքի Տեղ գյուղի վաղմիջնադարյան Սուրբ Գևորգ եկեղեցում ժամերգությունից հետո Հերոսների պուրակում հանդիսավորությամբ բացվեց հույսի ու հավատի ապավեն-խորհրդանիշ Զորավար Անդրանիկի (քանդակագործ Հարություն Համբարչյան) գեղեցիկ կիսանդրին: Կիսանդրու գաղափարը հղացել և ստեղծման աշխատանքները կազմակերպել է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Կիսանդրու տեղադրության ընտրությունը պայմանավորված է ինչպես գյուղի ռազմավարական դիրքով, այնպես էլ Արցախյան և Զանգեզուրյան մարտերում Անդրանիկ Օզանյանի պատմական դերակատարությամբ:
Նախատեսված էր, որ կիսանդրին կտեղադրվի Արցախի Քաշաթաղի շրջանի Մարքիզ լեռան վրա, որ 1918 թ․ դեկտեմբերի 1-ին՝ արցախյան արշավանքի ժամանակ, ազատագրել էր զորավարը։ 44-օրյա պատերազմում Քաշաթաղի շրջանի բռնազավթումից հետո ժամանակավորապես անհնար է դարձել լեռան վրա կիսանդրու տեղադրումը:
Նախաձեռնող խմբի որոշմամբ՝ առայժմ կիսանդրին հանգրվանելու է Մարքիզ լեռան հանդիպակաց ձորափին գտնվող, ներկայումս սահմանամերձ դարձած Տեղ գյուղում, վստահ լինելով, որ «Հայոց զորքերի հետ միասին Անդրանիկի կիսանդրին դեռ վերադառնալու է ազատագրված Արցախ, ազատագրված Մարքիզ լեռ»։ Մի խոսքով՝ տեղափոխումն իրականանալու է միայն տարածքի ազատագրման և անվտանգության պայմաններում:
Էդգար Էլբակյանը այժմ էլ վստահ է ու հավատում է, ինչ ասել է կիսանդրու բացման արարողությանը՝ «Մարքիզ լեռը մերն է եղել և մերն է լինելու, Շուշին մերն է եղել և մերն է լինելու, Արցախը մերն է եղել և մերն է լինելու»։ Մեր օրերի համար «զարմանահրաշ», ցնցող լուր: Այդպես չէ՞…
Ո՞վ է իրավունք տվել Նրանց (և, ընդհանրապես, որևէ մեկին) հիշել, հոլովել, անգամ համարձակություն ունենալ փողոցից իշխանության եկած «Քրչափռչախմբի» շնորհիվ շունը տիրոջը չճանաչող հեղհեղուկ ու խառնակ մեր օրերում շուրթերին հայի արյան հետ խայտացող Սուրբ ԱՆՈՒՆ ունենալ ու նրան օրհնաբանող արձան կերտել, սուրբ պատարագով-բանով, ծես-հանդեսով էլ արձան կանգնեցնել, և այնպես կանգնեցնել, որ արծվենի հայացքն ուղղված լինի հարևան հարազատ ազայրբայջանի անքակտելի տարածք հռչակած Արցախ աշխարհին…Ներողություն՝ Լեռնային Ղարաբաղին… Գայլի սի՞րտ են կերել այդ մարդիկ… Արձան կերտել աննկուն, իմաստուն զորավարի, որ պարտություն չկրեց և ոչ մի ճակատամարտում, նրա կռնակը երբեք չտեսավ թուրքական կանոնավոր բանակի ոչ մի ասկյար:
Նրա, ով կարող էր Բուլղարիայում փոքրաթիվ մի ջոկատով (280 մարտիկ) հանկարծակի հարձակվել և խորահմուտ հրամանատարությամբ գերեվարել թուրքական 11 հազարանոց մի ամբողջ զորաբանակ: Էլի ի՜նչ չարագործություններ է արել այս մարդը ընդամենը քեզ «խաղաղ» մորթազերծ անող, ցեղդ արմատից ոչնչացնող «հոգատար» «կարդաշների» նկատմամբ: Հարկ է արմատախիլ անել այդ և ազգի ապագայով հանիրավի մտահոգ նման մարդկանց անունները…
Հենց այս մտահոգությունն ունեն ազայրբայջանի և թուրքիո իշխանությունները, որոնց համերաշխ նվագակցում են հայոց իշխանությունը ժամանակավոր զավթած խմբակի կիսագրագետ ու քարացած ուղեղներով սազանդարները:
Բայց արի ու տես՝ նման հուշակոթող ունենալ ցանկացել է շուրջ 100 հայորդի, որոնց նվիրատված գումարների շնորհիվ հնարավոր է դարձել փշուր-փշուր անել հնազանդ անտարբերության գորշագույն պատը , իր համակողմանի աջակցությունն էլ ցուցաբերել է Տեղ համայնքի ղեկավարությունը:
Ո՜նց են համարձակվել կերտել մի մարդու արձան, որի մասին «հարազատ» Աթաթուրքն է «էն գլխեն» ասել. «Ափսոս, որ հայ է ծնվել… Մեր գործն է այնպես անել, որ այս հողուն վրա էլ Անդրանիկներ չծնվեն»: Այս երազանքը այսօր էլ կա և իշխում է հարևան երկրներում: Նրանց Անդրանիկներ պետք չեն: Կարծես թե՝ մեզ էլ պետք չեն: Ու այսօր անգամ ձգտում են դրան հասնել: Կարծես թե …նաև մեր միջոցով: Մինչդեռ իսկական հայրենասեր ու ազգասեր մարդիկ թքած ունեն «ժամանակի հրամայականի» վրա, վախ չունեն օրվա իշխանություններից, եթե վախ էլ ունեն, ապա միայն վախն է իշխանություններից վախեցողներից:
Նրանք համոզված են՝ Անդրանիկը հավերժ է, հայ ազգն էլ նրա հետ է հավերժ: Այս հավատն է ուժ տվել, որ մի քանի տարի առաջ «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության /նախագահ՝ Նորայր Զուլոյան/ նախաձեռնությամբ Վանաձորում ևս համաժողովրդական հանգանակությամբ հնարավոր եղավ Զորավար Անդրանիկի անվան փողոցի սկզբնամասում տեղադրել Անդրանիկ Զորավարի աշխարհում առաջին բրոնզաձույլ հոյակերտ արձանը (քանդակագործ Գեղամ Բեգջանյան):
Համաժողովրդական այս երկու նախաձեռնությունները հուշում են՝ մեծարել Անդրանիկի, Նժդեհի, մեր հազարավոր հերոսների գործը, հարգել հիշատակը, նշանակում է ոչ միայն երգել նրանց մասին, արձաններ կառուցել, փողոցներ ու դպրոցներ կոչել նրանց թանկ անուններով, այլև ամենից առաջ ամրապնդել համազգային համերաշխության նրանց ցանկություններն ու հավատը:
Հենց թշնամու քթի տակ, համերաշխությամբ, արդեն մեզ համար երանելի կառավարողներ բերենք իշխանության, երանելի, արդար, ազատ-անկախ երկիր կառուցենք ու շենացնենք, բանակն ուժեղացնենք… Բայց այդ համերաշխությունն այսօր կարծես պակասում է մեզանում: Եթե կա, ապա՝ ոնց որ թե միայն ցանկություն, իբրև զգացմունք:
Բայց չէ՞ որ համերաշխությունը պիտի դառնա նաև գործող մեխանիզմ, սթափ ծրագիր, համազգային աշխատանքի բաժանում և ամենօրյա տքնաջան, սևագործ աշխատանք՝ ի փառս հայրենյաց, ի կատարումն Մեծերի ցանկության: Ահա ինչու է Կարո Վարդանյանը կոչնակ հնչեցնում՝ «Ամեն հայի շուրթից ամեն օր պետք է հնչի Զորավար ԱՆԴՐԱՆԻԿԻ անունը»: Կավելացնենք՝ և ոչ միայն…
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Բաց մի թողեք
Տարօրինակ արարածներ են հայտնվել աշխարհում, մարդ ափսոսում ա, որ մարդ ա․ Վիոլետ Գրիգորյան
Օգոստոսի 18-ի աստղագուշակ․ Մի շտապեք աշխատանքի ու գումարի հետ կապված որոշումների հարցում
Անառակ ու լիրբ կանանց մեղքի, շնության ծնունդներ, որ պղծեցին ու պղծում են հայոց աշխարհը. Արտաշես սարկավագ