17/08/2025

Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․

Հայ մտավորականը ֆեյսբուքում գրում է, որ, ի տարբերություն Հայաստանի, 1991 թվականին «Ադրբեջանում Մոսկվայի գործակալը չէր իշխանություն»:

Խիստ վիճելի է նրա պնդումը, որ Հայաստանում Մոսկվայի «գործակալներն էին իշխանություն», բայց ավելի կարևոր է արձանագրել, որ հանրային տիրույթում քարոզչություն իրականացնող անձը բացարձակապես չի ճանաչում Ադրբեջանը, այդ երկրի երեսունհինգամյա պատմությանը ծանոթ չէ:

Սա մասնավոր խնդիր չէ, այլ՝ հանրային, եթե կուզեք ճիշտն իմանալ՝ պետական, որովհետեւ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են հարաբերությունների հաստատմանը: Վաղը կամ մյուս օրը կարող է ստեղծվել հայ-ադրբեջանական հանրային շփումների հարթակ, որտեղ, բնականաբար, մենք չենք կարող ներկայանալ «ոչխար թուրք», «ցեղասպան թուրք», կամ «աէրոդրոմ կեպիով թուրք» կարծրատիպերով:

Չի ստացվի նաև այն մտակաղապարով, որ Ադրբեջանում «Մոսկվայի գործակալներ չեն եղել և չկան»: Սա ինքնին թերարժեքություն է:

Իրականում ոչ միայն 1991 թվականին, այլեւ մինչև հաջորդ տարվա հունիս Ադրբեջանում գործել է Մոսկվայի դրածո իշխանություն՝ Այազ Մութալիբովի գլխավորությամբ, Ադրբեջանը մասնակցել է ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին, ավելի քան 87 տոկոսով «կողմ» քվեարկել Խորհրդային Միության պահպանմանը և փոխարենը ստացել Լեռնային Ղարաբաղում, Շահումյանի շրջանում և Գետաշենում «Կոլցո» ռազմագործողություն անցկացնելու, Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով՝ Ոսկեպարից մինչև Նռնաձոր զինված բախումներ հրահրելու արտոնություն:

Ադրբեջանի 1992 թվականի հունիսի նախագահական ընտրություններում հաղթել է Աբուլֆազ Ալիևը (Էլչիբեյը): Այդ մարդը հայտնի է 1975 թվականի քրեական գործով, որ նրա դեմ հարուցել է ՊԱԿ-ը: Մեղադրանքի հիմքում դրվել է նրա «պանթուրքիստական քարոզչությունը»:

Ադրբեջանցի տասնյակ հեղինակներ վկայում են, որ երբ այդ մասին զեկուցել են կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևին, նա կտրուկ ընդհատել է .«Մեզ մոտ, ինտերնացիոնալ Բաքվում պանթուրքիզմ չի կարող լինել»:

Աբուլֆազին, իհարկե, ցուցադրական դատապարտել են չորս տարվա ազատազրկման, բայց նա պատիժը կրել է Բաքվի մերձակա ուղղիչ-աշխատանքային գաղութում: Բանտից ազատ արձակվելով՝ Աբուլֆազ Ալիևը վերադարձել է գիտական աշխատանքի, մի բան, որ խորհրդային այլախոհների համար արգելված էր:

Նրանք կարող էին լավագույն դեպքում հնոցապան, շինհարթակի պահակ կամ շուկայում բեռնակիր լինել, բայց երբեք՝ ԳԱ Հին ձեռագրերի ինստիտուտի ավագ գիտաաշխատող, ինչպիսին Աբուլֆազ Ալիևն էր:

Նա նախագահ է ընտրվել Հեյդար Ալիևի քաղաքական պրոյեկտով, որպեսզի մեկ տարի հետո պաշտոնը զիջի «ադրբեջանական ժողովրդի հորը»: Այդպես էլ եղել է: Եվ ամենակարևոր փաստարկը. Նախագահի պաշտոնում Էլչիբեյի ընտրությունից մեկ շաբաթ հետո Մոսկվան նրա տրամադրության տակ է դրել Գյանջայի դեսանտային դիվիզիան, որ երեք օրում գրավել է Շահումյանը, Մարտակերտի շրջանի հյուսիսը:

Ուղիղ մեկ տարի հետո Աբուլֆազը կատարել է խոստումը, իշխանությունը փոխանցել է Հեյդար Ալիևին, որ ոչ թե Մոսկվայի գործակալ, այլ ՊԱԿ-ի մերձավորաերևելյան ռեզիդենտն է եղել: Տասը տարի անց Բաքվում իշխանությունը Հեյդարից անցել է Իլհամ Ալիևին, որ ՄԳԻՄՕ-ի դոցենտ էր, այսինքն՝ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների դպրոց անցած պրոֆեսիոնալ դիվանագետ: Ադրբեջանում, այսպիսով, դեռևս գործակալական իշխանություն է:

Պուտին-Ալիև հակասություններով վաղաժամ խաբվել չի կարելի: Թուրքիան և Ռուսաստանը «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը չեն խզել: Ամենայն հավանականությամբ, չեն էլ խզի: