18/08/2025

Խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան ստանա և ինչ-որ բան զիջի․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան ստանա ու միաժամանակ ինչ-որ բան զիջի։

Հենց այդ պատճառով, ըստ նրա, Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին կայցելի Միացյալ Նահանգներ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը համաձայնության են եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, բայց հիմա ամեն ինչ կախված է Կիևից։

«Ռուսաստանի զիջումներն այն են, որ «չգրավվի ամբողջ Ուկրաինան»։

Խոսքը Ուկրաինայի հինգ շրջանների մասին է։ Վաշինգտոնը մտադիր է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հարցը։ Հուսով եմ, որ Վաշինգտոնին կհաջողվի կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպում»,- ասել է նա:

Ինչպես հայտնել ենք՝ Ալյասկայում Թրամփի և Պուտինի բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ երկար, իմաստալից զրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սկզբում՝ առանձին, ապա՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։

Զելենսկին հայտնել է, որ օգոստոսի 18-ին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման: Վաշինգտոն կուղևորվեն նաև եվրոպական երկրների առաջնորդները:

Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Կրեմլի առաջարկները Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

Այս մասին ասվում է Reuters-ի կողմից հրապարակված ծավալուն հոդվածում։ Հաղորդվում է, որ Պուտինի պահանջները Ուկրաինայի նկատմամբ վերաբերում են տարածքներին, պատժամիջոցներին և ռուսաց լեզվին Ուկրաինայում:

Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայումում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:

Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

Սա ռուս-ուկրաինական լայնածավալ և երկարատև պատերազմից ի վեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել: