18/08/2025

Ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների․ Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում:

Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա՛մ լռում են կա՛մ սահմանափակվում խորհրդանշական տեքստերով:

Ավելին, մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ՝ խոշտանգում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը պատշաճ որակով և օպերատիվությամբ չիրականացնելուն:

Ի դեպ, վերջին օրինակը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին է, ով առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է նրա` պատշաճ բուժզննության անցկացումը:

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն»: