Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ արձանագրում են Ալյասկայում Վլադիմիր Պուտինի «հաղթանակը»: Իսրայելական ynet-ի վաշինգտոնյան թղթակիցն արձանագրում է, որ նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսի «շատ հանրապետականներ Թրամփի պահվածքն արդարացնել չեն կարողանում»:
Բայց Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի մոտեցումը նորություն չէ: Միացյալ Նահանգները նաև դեմոկրատական վարչակազմի օրոք է Ռուսաստանի անհանգստությունները շատ որոշակիորեն կիսել:
Բավական է հիշել, որ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանել է պետքարտուղարի առաջին տեղակալ Վիկտորյա Նուլանդի նկատմամբ արգելքը, և նա երեք օր հետո այցելել է Մոսկվա:
Նուլանդը բանակցություններ է վարել ոչ միայն ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովի, այլև նախագահի աշխատակազմի ղեկավար Կոզակի և Վլադիմիր Պուտինի օգնական Ուշակովի հետ:
Արդյունքում կողմերը եկել են հայտարարի, որ հակամարտության կարգավորման հիմքում պետք է դրվեն Մինսկի համաձայնությունները: Իսկ դրանք ենթադրում էին, որ Ուկրաինան պետք է ընդունի «Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կառավարման հատուկ ձևի մասին» օրենք, որ հետագայում ենթակա էր սահմանադրության մեջ ինկորպորացման:
Խոսքը, ըստ էության, երկու մարզերի միավորման և Ուկրաինայի կազմում Դոնբասի ինքնավարության հռչակման մասին էր: Նուլանդի Մոսկվա այցից հետո միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը «Դոնբասի վերականգնման միասնական ծրագիր մշակելու մասին գաղտնի հուշագիր են ստորագրել, որ ունի նաև համատեղ «Վերակառուցման բանկ» ստեղծելու դրույթ»:
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ է սկսել Նուլանդի Մոսկվա այցից չորս ամիս հետո: Մոսկվան համառորեն պնդում է, որ ուկրաինական խաղաղ կարգավորմանը խոչընդոտել է Մեծ Բրիտանիան:
Փաստացի այսօր Դոնբասի նկատմամբ Ռուսաստանի իրավազորության ճանաչման հարց չի քննարկվում: Պուտինը միայն պահանջում է, որպեսզի ուկրաինական զորքերը Դոնեցկի և Լուգանսկի մարզերից դուրս բերվեն:
Ըստ էության՝ ռազմական գործողությունների դադարեցումից հետո դրվելու է Դոնբասից ռուսական զորքերի դուրսբերման հարց, քննարկումները կարող են վերադառնալ այդ տարածքներում ինքնավար պետական կազմավորում հռչակելու ռուս-ամերիկյան նախնական պայմանավորվածությանը, որ ձեռք է բերվել չորս տարի առաջ:
Պետք է նկատի ունենալ, որ չորս տարի առաջ Պուտինի անունից ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ բանակցած բոլոր պաշտոնյաներն իրենց տեղերում են՝ Ռյաբկովը, Կոզակը և Ուշակովը:
Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից մեկ օր առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակը ներկայացրել է ուկրաինական կարգավորման մասին հատուկ վերլուծություն:
Ընդսմին՝ շեշտվել է, որ Կոզակը «Պուտինի թիմում միակ պաշտոնյան է, որ դեմ է եղել Ուկրաինա ռազմական ներխուժմանը և իր տեսակետը երբեք չի թաքցրել»:
Այն, ինչ մամուլում ներկայացվում է որպես «Թրամփին Պուտինի կողմից ներկայացված նախապայմաններ», զգալիորեն տարբերվում է մինչ այդ մի քանի անգամ հնչեցված վերջնագրից: Որոշակի առումով դրանք կարելի է նույնիսկ «փոխզիջումային» անվանել:
Ըստ երևույթին, Թրամփի մոտեցումներում գերիշխում է «գործարարական ջիղը», եթե կա Դոնբասն Ռուսաստանի հետ «միասին վերականգնելու» հնարավորություն, ապա ինչո՞ւ չօգտվել:
Չէ՞ որ դա օգտակար կլինի թե՛ ամերիկյան տնտեսության, թե՛ իր շինարարական բիզնեսի համար: Իսկ եվրոպացիներին ներգրավելու մի ձև, հավանաբար, կգտնվի: Իսկ թերևս՝ ոսկորը կմնա Թրամփի կոկորդում՝ ով գիտե ․․․
Բաց մի թողեք
Պարզվում է, Ալիևը տագնապներ ունի
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
Պուտինն ու Ալիևն անխնա բացահայտում են իրենց լրտեսներին