Ավետարանի ոչ մի էջում, ոչ մի ասույթում, ոչ մի պատմության մեջ չի խոստացվում, որ Հավատը մեզ որոշակի անձնական նյութական կամ ոչ նյութական դիվիդենդներ է բերելու:
Այդ մենք ենք, որ մեր հիմարության պատճառով երբեմն գալիս ենք այն սխալ եզրակացության, որ ինչ-ինչ ծեսեր կամ կանոններ պահելու համար մենք պետք է պարգեւատրվենք որոշակի բարիքներով: Այդ տկարամիտ տրամաբանությամբ դատում ենք մոտավորապես հետեւյալ կերպ. «Ես այսքան բան եմ անում, բա իմ քյա՞րը որն է:
Հույս ունեմ, որ Աստված կնկատի իմ հրաշալի վարքը եւ ինձ մի հատ գեղեցիկ մեքենա, կամ փող, կամ պաշտոն, կամ փառք՝ լայքեր ու սրտիկներ կնվիրի»: Այսպիսի «պարգեւավճարներ» Աստծուց սպասելն առնվազն միամտություն է:
Աստված, իհարկե, մեզ տալիս է իր շնորհները, բայց ոչ թե մեր վայելքի, այլ՝ մեր միջոցով ամբողջ աշխարհին փոխանցելու համար: Եվ այդպես է յուրաքանչյուր քրիստոնյայի դեպքում: …Երբ ես մտածում եմ Փաշինյանի քմահաճույքով ազատազրկված Սամվել Կարապետյանի, Միքայել սրբազանի եւ կամ Բագրատ սրբազանի, նաեւ այլ քաղբանտարկյալների մասին, ցավ զգալով, որ նրանք հայտնվել են այս վիճակում, ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրանք ինչ-որ տեսանկյունից երջանիկ մարդիկ են:
Որովհետեւ հանուն Հավատի, հանուն Աստծո, հանուն Եկեղեցու նեղություն կրելը (թող ներեն ինձ, եթե սխալվում եմ) պատիվ է:
«Ո՞վ կարող է ինձ այնպես մեկուսացնել, որ ես Աստծո հետ չշփվեմ», – հարցնում է Միքայել սրբազանը: Նույնը կարելի է ասել իշխանության ներկայացուցիչների, պրոպագանդիստների եւ կողմնակիցների զրպարտությունների, վիրավորանքների եւ ծաղրուծանակի մասին:
Առաջնորդվել նրանով, թե քանի ուրախ ու քանի ջղային սմայլիկ ես ստացել ու քո վարքը պայմանավորել դրանով՝ դա հենց այսօրվա իշխանությունների գործելակերպն է: Իրապես հավատացյալ մարդու համար դա տասներորդական խնդիր է:
…Շատ ավելի դաժան պայմաններում՝ Բաքվի բանտում խոշտանգվող եւ դարձյալ փաշինյանական քարոզիչների թիրախում գտնվող հայը՝ Ռուբեն Վարդանյանը, իր զնդանից մեզ ուղերձ է փոխանցել՝ գրելով, որ մարդիկ բաժանվում են ոչ թե լավերի կամ վատերի՝ մեզանից յուրաքանչյուրի մեջ կա եւ՛ լավը, եւ՛ վատը. «Մարդիկ տարբերվում են հավատով. նրանք, ովքեր հավատում են Աստծո գոյությանը եւ նրանք, ովքեր չեն հավատում։ Ովքեր կասկածում են, տատանվում են, ովքեր իրենց համար այլ կուռքեր են ընտրում»։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ; aravot.am
Բաց մի թողեք
Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ ու ավելորդ. Դեմոյան
Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի ապակայունացման գլխավոր գործոն․ Տեր-Պետրոսյան
Շատ պարզ է՝ որն է իշխանության նպատակը․ Աբրահամյան