19/08/2025

«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար

«Հայկական ջազի թագուհի» տիտղոսին արժանացած ճանաչված երգչուհի Էլվինա Մակարյանի 75-ամյակը նշանավորվեց «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ» մոնոդրամայով, որի պրեմիերան տեղի ունեցավ Երգի պետական թատրոնում, հենց երգչուհու ծննդյան օրը` օգոստոսի 16-ին: 

Հրապարակ թերթը գրել է․ Ներկայացումն ամբողջությամբ կարծես մոր հետ երկխոսություն լինի, հենց ամենասկզբում ասվում է․ «Մայր, որդի, հայրենիք, սրանք էին Էլվինայի 3 սրբությունները»: Մոր սիմվոլիկ կերպարը, պատկեր առ պատկեր բացում է Էլվինայի կյանքի տարբեր փուլերը` առաջին քայլեր, մրցանակներ, փառք, ճանաչում, սեր, դավաճանություն, մեկուսացում, կորուստներ, ամերիկյան շրջան եւ, ի վերջո` 2007-ի երեւանյան չկայացած համերգ, որին այդքան երկար էր սպասում երգչուհին:

Հենց այս չկայացած համերգն է դրված ներկայացման առանցքում, որը պետք է տեղի ունենար  Օպերայում՝ ջազ բենդի հետ, եւ որն ինչ-ինչ պատճառներով չեղարկվում է: Այդ չկայացած համերգի բեմադրող ռեժիսոր, ինչպես նաեւ այս ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանը դժվարանում է ասել, թե ինչու այդպես էլ չկայացավ 2007-ի համերգը, միայն հիշում է, որ Էլվինա Մակարյանն այնքան էր ոգեւորվել, որ Ամերիկայից ձայնային հաղորդագրություն էր ուղարկել` համերգի հետ կապված իր դիտարկումներով: Հենց այդ վերջին ձայնագրությունն էլ օգտագործվել է այս ներկայացման մեջ։ «2 շաբաթից համերգը չեղարկվում է, իսկ 2 ամիս անց Էլվինա Մակարյանը լքում է այս մեղավոր աշխարհն ու հեռանում»,-ասում է Ա. Սահակյանն ու դժվարանում թաքցնել հուզմունքը:

Այս մոնոներկայացում-համերգն ասես հոգու պարտք լինի Արթուր Սահակյանի համար, որը որոշեցին իրականացնել հենց երգչուհու ծննդյան օրը: «Ես Էլվինայի հետ կյանքումս 2 անգամ էի հանդիպել, երրորդ անգամ պետք է հանդիպեինք այս համերգի առնչությամբ, բայց չհանդիպեցինք, համերգը չկայացավ, չստացվեց: 2 անգամ եմ հանդիպել, բայց նա ինձ համար հարազատ մարդ է, ես շատ ծանր եմ տանում այս հուզմունքը… Երեւանում շատ արձաններ են դրվել, այս արձանն էլ թող լինի ներկայացման տեսքով: Այս ներկայացումը թող մեզ հպարտություն պարգեի, որ ունեցել ենք նման արտիստ»,- ընդգծում է Արթուր Սահակյանը:

Դինամիկ անցումներով, ճկուն լուծումներով, 2 մասի բաժանված բեմը հանդիսատեսին ներկայացնում է երգչուհու կյանքը` բեմում եւ բեմից դուրս, օրինակ՝ թե ինչպես է հայտնի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւը, առաջին անգամ լսելով Էլվինային, մոտեցել նրան ու հորդորել տեղափոխվել Մոսկվա, ապրել ու ստեղծագործել այնտեղ, այլապես ափսոս է,  նման ադամանդը կկորչի Երեւանում: Ներկայացման մեկ այլ դրվագում Արամ Խաչատրյանի հետ հանդիպումն է, Բաբաջանյան համերգասրահում Խաչատրյանը լսելով Էլվինային՝ ոտքի է կանգնում ու հոտնկայս ծափահարում, հետո առաջարկում նրան հյուրընկալվել իր տանը` Մոսկվայում: Այդ կենսագրական հուշերի, անձնական պատմությունների միջոցով բացվում է ժամանակը, հենց այն ժամանակը, որն ընդունեց ու մերժեց Էլվինային, այն հայրենիքը, որը մեծարեց ու օտարեց երգչուհուն, այն մարդիկ, որ սիրեցին ու չարախոսեցին նրա թիկունքում։ «Ինչի՞ ինձ վռնդեցիք իմ քաղաքից, ի՞նչ էի ձեզ արել, ինչի՞ եք այդքան չար, հերսոտ, ես ոչ մի ազգության մեջ չեմ տեսել, որ իրար այդքան խաբեն, թշնամաբար վերաբերվեն, քծնեն օտարին…. Իսկական հայերը նրանք են, որ իրար վատություն չեն անում, չեն խաբում, չեն քծնում»,- ասում է բեմից Էլվինան, որի կենդանի ձայնը ժամանակ առ ժամանակ լցնում է դադարները ու հանդիսատեսի մոտ ստեղծում կենդանի ներկայության պատրանք:

Էլվինա Մակարյանին մարմնավորում է ջազ երգչուհի Իլոնա Սագիեւան, որը վիրտուոզ կերպով ոչ թե խաղում է, այլ կարծես ապրում Էլվինայի դերը, նրա կյանքը, երկխոսում նրա հետ տարածության ու ժամանակի միջով:

Իլոնա Սագիեւան անկեղծանում է` այս համերգն առանձնահատուկ էր իր համար՝ Էլվինայի մասին բարձրաձայնելու, նրա հոգեվիճակը, ապրումները, երգերը` կենսագրության հետ համադրված, ներկայացնելու առումով։ «Սցենարը սովորելիս հուզվում էի, ամեն երգը երգելիս լաց էի լինում, մենք բնավորությամբ շատ նման ենք, ես էլ եմ ճակատային եւ գիտեմ, թե ինչ դժվար է այդպես ապրելը, պատեր ջարդելը: Էլվինայի գույնն անհրաժեշտ է բոլորիս, անգամ իր բացակայության դեպքում իր գույնը մնալու է՝ ի հեճուկս այն մարդկանց, որոնք ժամանակին նրա առաջ դռներ էին փակում: Ցավում եմ, որ մարդիկ արվեստագետներին լքում են, վռնդում, փոխանակ նրանց գնահատելու կենդանության օրոք… Դիմում եմ այն մարդկանց, որոնք ասում են, թե ինչքան էլ ուզեմ, Էլվինա չեմ դառնա: Իհարկե, չեմ դառնա, ես չեմ ուզում նմանվել իրեն, ինքը հանճարեղ էր, ես ունեմ իմ գույնը, ինքը՝ իր…»,- նշում է երգչուհին, որը, որպես թալիսման, այդ օրն իր վրա կրում էր երգչուհու կրծքազարդը, որին, սակայն, անձնապես չի ճանաչել:

«Հրապարակ».  «Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ կայացավ 18 տարի անց

Ներկայացման սցենարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանն Էլվինա Մակարյանի մտերիմներից է եղել: Ներկայացման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Ռուզան Մինասյանը 30 տարի առաջ երգչուհու հետ ունեցած իր հարցազրույցի ձայնագրությունն է միացնում, որտեղ հնչում է երգչուհու խռպոտ ձայնը, որն իրեն հատուկ տեմպերամենտով հեգնում է` քանի դեռ ինքը «սաղ է, մոտիկ ու ձեռի տակ», ի՞նչ պարտադիր է, որ «Հայֆիլմն» իր մասին ֆիլմ նկարի:

Ռ. Մինասյանն ասում է` դեռ մեկ տարի առաջ բեմադրիչ Արթուր Սահակյանն իրեն առաջարկել է գրել իր հուշերը Էլվինայի մասին։ «Ես միշտ վախեցել եմ հուշեր պատմողներից, հուշերը մարդկանց փոխանցելուց, որովհետեւ այդ հուշագրության մեջ սարսափելի պատասխանատվություն կա, եւ ակնածանքը, վախն այդ մեծության հանդեպ ինձ թույլ չի տվել, որ անընդհատ շահարկեմ նրա անունը»,- ասում է Մինասյանն ու հավելում, որ Ա. Սահակյանը խնդրել է իրեն՝ ինչքան հնարավոր է, շատ գրել 90-ականների Էլվինայի կյանքի շրջափուլի մասին։

«Շատ մարդիկ, որոնց հետ Էլվինան շփվել է 90-ականներին, արդեն կենդանի չեն, եւ շատ մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնել հենց այդ շրջանը: Ներկայացման մեջ կան նուրբ պահեր, որոնց ես տեղյակ եմ․․․, սցենարն անընդհատ փոխվել է, կար տեսարան, որ ինքը Երեւանում քարը վերցնում համբուրում է եւ իր սերը` քարը վերցրած, պետք է տաներ Ամերիկա: Շատ միստիկ բաներ ուներ Էլվինան իր կերպարում, եւ այսօր ես առաջին իսկ պահից այն զգացողությունն ունեի, որ ինքը մասնակցեց իր տարեդարձին, ու դրա համար ուզում եմ ասել` շնորհավոր թանկ ներկան»,- ասում է սցենարի հեղինակն ու իր գոհունակությունը հայտնում թե՛ ռեժիսորական լուծումներից, թե՛ երգչուհու դերակատարումից. «Փորձերին ռեժիսորը հրավիրում էր մարդկանց, որոնք ճանաչել են Էլվինային, հուշեր ունեն՝ իր հետ կապված, եւ որոնք ինչ-որ դետալներ էին ավելացնում ներկայացմանը: Ի դեպ, Արթուրն այստեղ օգտագործել է «դերարար» բառը եւ ոչ դերակատար, ու դրանով ամեն ինչ ասված է, քանի որ Իլոնան այս դեպքում ոչ թե Էլվինայի դերը կատարեց, այլ` արարեց»:

Էլվինա Մակարյանի ընտանիքի անդամները՝ քույրը՝ Լիանա Մակարյանը, եւ ամուսինը՝ Սամվել Մկրտչյանը, դուստրը՝ Զարուհի Միքայելյանը, եւ ամուսինը՝ Հրաչ Դավիդյանը, թոռները՝ Մարտին, Ալեն, Էնջի, Ջանի Դավիդյանները, եւ ընտանիքի անդամներից Աննա Բալթայան-Ավանեսյանը ձայնային հաղորդագրություն էին ուղարկել ներկայացման ստեղծագործական կազմին ու երախտագիտություն հայտնել՝ երգչուհու ծննդյան օրը գեղեցիկ նշելու ու հիշատակը վառ պահելու համար: Նրանք նշել էին, որ Էլվինան շնչում ու ոգեշնչվում էր իր հայրենիքով, պարծենում իր հայ ժողովրդով եւ հայի զավակ լինելով: Նրա երազանքն էր, որ գալիք սերունդները ծանոթ լինեն իր բարձր արվեստին, երաժշտական ճաշակին, որի համար այդքան պայքարել է: