19/10/2025

Քանի մարդ է փորձել Ռոնալդուի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի տոմս գնել

ՀՖՖ- արձագանքը՝ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի հետ կապված: «Հարգելի՛ երկրպագուներ, Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը մեծ արձագանք ստացավ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՖՖ-ն:

«Շատերը ՀՖՖ-ին մեղադրում են, որ չեն կարողացել տոմս գնել:

«Հանրապետական» մարզադաշտը կարող է ընդունել առավելագույնը 14,000 երկրպագու: Տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել 470,000 մարդ։ 1 երկրպագուն կարող էր գնել 2 տոմսից ոչ ավելի, հետևաբար հնարավոր է եղել բավարարել մոտ 7,000 հայտի պահանջ:

Բնականաբար, շուրջ 463,000 երկրպագու կարող է բողոքել, որ չի կարողացել տոմս գնել: Տոմսերի պաշտոնական վաճառքից դեռ ամիսներ առաջ համացանցում եղել են վաճառքի վերաբերյալ ոչ պաշտոնական հայտարարություններ, հիմա էլ ոմանք աստղաբաշխական գներով տոմսեր են վաճառում:

Վերավաճառողների դեմ պայքարելու համար ՀՖֆ-ին խորհուրդ էին տալիս հանդիպման տոմսերը վաճառել 100,000-200,000 դրամ, բայց ՀՖՖ ռազմավարության հիմնական ուղղություններից է ֆուտբոլը որպես սոցիալական երևույթ ընկալելը։ Բնականաբար, տոմսերի նման թանկացում չէր կարող լինել:

Տեղեկացնենք, որ 14,000 նստատեղով ստադիոնի մոտ 7,000 տոմս վաճառվել է շատ մատչելի՝ 1,000-3,000 դրամ:

Շուկայում այժմ այս տոմսերը վաճառում են տասնապատիկ թանկ: ՀՖՖ-ի վաճառած բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին: Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է միայն մեկ QR կոդ: Այս դեպքում ևս կարող է լինել բողոքի մեծ ալիք, որի հետ ՀՖՖ-ն որևէ առնչություն չունի:

Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն հորդորում է շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՀՖՖ-ն պատասխանատու չէ այլ անձանց վաճառած տոմսի համար: Վերավաճառողից տոմս չգնելով՝ կօգնենք, որպեսզի հետագայում հայկական ֆուտբոլից իսպառ վերանա այս բացասական երևույթը»: