ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Նիգավան գյուղի բնակիչ Հարություն Համամջյանին, որն ապրում է ծերանոցում եւ պոետիկ մտածելակերպով պարզ գյուղացի է, երկար ժամանակ «կարթի» վրա է պահել այսօր արդեն լուծարման գործընթացում գտնվող varks.am վարկային կազմակերպությունը:
Հրապարակ թերթը գրել է․ Համամջյանը 150 հազար դրամ վարկ է վերցրել, բայց արդեն 179 հազար տոկոս է «փակել»: Այժմ նա «սեւ ցուցակում» է, որտեղից մինչև մեր թվարկության ավարտը հազիվ էլ դուրս գա:
Իսկ սկսվել է ամենը 50 հազար դրամից: 6 տարի առաջ նա էլեկտրասյուներից մեկին փակցված varks.am -ի հայտարարությունն է տեսել, ապա վերջինիս միջնորդությամբ «Գլոբալ-կրեդիտ» վարկային կազմակերպությունից 50 հազար ՀՀ դրամ վարկ է ստացել՝ մեկ տարի մարման ժամկետով։ Այսպես Հարությունը վարկային կազմակերպությունների սարդոստայնն է ընկել:
2 շաբաթ հետո նրան զանգել են եւ ասել, որ կարող է varks.am -ից 150 հազար դրամ ստանալ, նա էլ համաձայնվել է: «Եթե նախկին՝ այսինքն «Գլոբալ-Կրեդիտից» մեկ տարի մարման ժամկետով ստացած 50 հազարը իր տոկոսով, պլյուս միջնորդ կազմակերպության 30 տոկոսը այսօր փակեք, ապա մենք ձեզ վաղը 400 հազար վարկ կտանք՝ 3 տարի մարման ժամկետով»,- առաջարկել են Հարությունին, նա էլ կրկին համաձայնել է:
«Անմիջապես գնացի «Գլոբալ-Կրեդիտ» և փակեցի այդ 50+30 հազարը։ Վերադարձա միջնորդ վարկային կազմակերպություն։ Ես և այդ միջնորդ կազմակերպության ղեկավարը մի 5-6 բանկեր գնացինք՝ այդ 400 հազարը ստանալու համար, սակայն այդ բանկերը ինձ միաբերան, ձայն-ձայնի տված մերժեցին՝ վճարունակ չլինելու պատճառաբանությամբ։ Փաստորեն ձեռքումս մնաց 70 հազար։ Որքան էլ որ ես Հարություն Համամջյանն էի, միևնույնն է, մեկ ամսում 70 հազարը 150 հազար դարձնել չէի կարող։
Սակայն ամիսը մեկ կամ երկու անգամ տոկոսները բարեխղճորեն մուծել եմ։ Այդպես միայն տոկոսները մուծեցի՝ չեմ հիշում 179, թե՞ 197 հազար՝ մինչև «Վարկս Էյ Էմի» լուծարումը։ Իսկ նրանց 150 հազար մայր գումարը մուծել չկարողացա։
Եվ լավ եղավ, որ այդ «Վարկս Էյ Էմ»-ը լուծարվել է, թե չէ, ես ստիպված կլինեի հավերժ մուծել 150 հազարի տոկոսները, որը ամսական կազմում էր 20 տոկոսից ավել։ Միայն հետո հասկացա, որ ընկել եմ քցոցի սխեմայի մեջ։ Ես հասկանում եմ, որ ինչպես մեր մոլորակում, այնպես էլ մեր երկրում բարոյականությունը իրավաքաղաքական կատեգորիա չէ, սակայն ինչ ասես, եթե մարդիկ անմարդկային են», – ասում է Հարությունը:
Եւ քանի որ ամեն ինչի պատասխանատուն այս երկրում վարչապետն է, որին Հարությունը ընտրել է, եւ նրա ընկեր-պաշտոնյաները, իր խնդրանքը նա ուղղում է Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Մհեր Գրիգորյանին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, նաեւ ծերանոցի տնօրինությանը, որտեղ հիմա ապրում է:
Իսկ խնդրանքը հետեւյալն է. իրեն եւ վարկային հարցով իր բախտակիցներին դուրս բերել «Սև ցուցակից» և մեկ տարի մարման ժամկետով վարկ տալ՝ 400 հազար դրամ: «Խոստանում եմ մինչև 2026թ մայիս այդ 400 հազարը եռապատկել։ Այդ 1 տարում փակել «Վարկս էյ էմի» 150 հազար մայր գումարը և 400 հազար վարկը։ Հիշե՛ք, իմ գրավը ես եմ, իմ գարանտը իմ խոսքերն են։ Անշահախնդիր հարգանքով ու անհամբեր սպասումով՝ Հարություն Համամջյան»:
Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար