20/08/2025

Վաշինգտոնի երկկողմ և բազմակողմ քննարկումների արդյունքները Պուտինի պարտությունն են

ԱՄՆ-ն և Եվրոպան անհապաղ կսկսեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու աշխատանքները: Այդ մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

Ընդ որում՝ լրատվամիջոցը շեշտում է, որ այդ աշխատանքները կտարվեն, որպեսզի Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև նշանակալի հանդիպման ճանապարհ հարթվի:

Լրատվամիջոցի զրուցակիցներն ընդգծել են, որ անվտանգության երաշխիքների նպատակը Մոսկվայի կողմից Ուկրաինայի Զինված ուժերը սահմանափակելու պահանջից խուսափելն է: Երաշխիքները կենտրոնացած կլինեն ուկրաինական ռազմական ուժերի և նրա կարողությունների հզորացմանը՝ առանց որևէ սահմանափակման:

The Wall Street Journal-ն իր հերթին գրում է, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքների մշակման նպատակային խումբը «կգլխավորի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն»: Վերջինս, ինչպես հայտնի է, Թրամփի աշխատակազմում համատեղում է նաև ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Ինչպես կարելի է համադրել առկա բավական սուղ տեղեկատվությունից, Վաշինգտոնում Միացյալ Նահանգները և եվրոպական առաջատար մի քանի երկրների ղեկավարները համաձայնեցրել են ուկրաինական կարգավորման «ճանապարհային քարտեզ»:

Որպես առաջին քայլ՝ քննարկվում է ռուս-ուկրաինական «ավելի բարձր մակարդակի պատվիրակությունների հանդիպում»: Այդ տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը:

Խոսքն, ամենայն հավանականությամբ, կողմերի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև հատուկ ծառայությունների և ռազմական հետախուզության պետերի մակարդակով բանակցությունների մասին է:

Ըստ երևույթին, այդ բանակցությունները պետք է նախապատրաստեն Պուտին-Զելենսկի հանդիպում, որի հաջողության դեպքում ենթադրաբար կկազմակերպվի Թրամփ-Պուտին-Զելենսկի գագաթաժողով, որի ընթացքում էլ նախատեսվում է ստորագրել «գործարքի համաձայնագիրը»:

Գերմանիայի կանցլեր Մերցը Վաշինգտոնի բանակցությունները գնահատել է «ավելի արդյունավետ, քան սպասվում էր և կարող էր տեղի ունենալ»: Եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, Եվրահնաձնաժողովի նախագահին, երևում է, չի հաջողվել ԱՄՆ նախագահին վերադարձնել «նախ՝ հրադադար, ապա՝ քաղաքական կարգավորում» հայեցակարգին, բայց նրանք, հավանաբար, կարողացել են Թրամփին ետ պահել Ուկրաինայի հարցով Պուտինի հետ «սեպարատ գործարք կնքելու» գայթակղությունից:

Ի՞նչ ընթացք կունենան նախանշված զարգացումները, կանխատեսել դժվար է: Բայց, երեւի, պետք է արձանագրել, որ Վաշինգտոնի երկկողմ և բազմակողմ քննարկումների արդյունքները Վլադիմիր Պուտինի համար այնքան «վարդագույն» չեն, ինչպես պատկերվում էր նախապես: