Որքան էլ Փաշինյան Նիկոլը ժողովրդին ուղղված իր ուղերձով փորձի ներկայացնել այնպես, թե վաշինգտոնյան փաստաթղթերի իսկական արժեքն ու գինը խաղաղությանը հնարավորություն տալն է, միեւնույն է, այդ փաստաթղթերը ոչ մի իրական արժեք չեն ունենա, եթե երկրի տնտեսության արդյունաբերականացման ու բանակի մարտունակության բարձրացման համար նոր հնարավորություններ չբացեն:
Եվ, ճիշտ հակառակը, որքան էլ ընդդիմությունը փորձի ներկայացնել այնպես, թե Վաշինգտոնն ու վաշինգտոնյան փաստաթղթերը նոր կապիտուլյացիայի մասին փաստաթղթեր են, միեւնույն է, դրանք կապիտուլյացիայի մասին եւ դրան վերաբերող փաստաթղթեր չեն: Դրանք այդպիսին չեն, որովհետեւ Հայաստանի կապիտուլացումն այդ փաստաթղթերից առաջ՝ արդեն իսկ եղել է: Դա տեղի էր ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Նույնն է նաեւ հիմա: Իհարկե, որքան էլ Նիկոլը փորձի չներկայացնել այս փաստաթղթում եղած վտանգներն ու սպառնալիքները, իհարկե, որքան էլ ընդդիմությունը փորձի այդ վտանգներն ու սպառնալիքները չափազանցված ներկայացնել, միեւնույն է, մենք գիտենք, որ դրանք՝ այդ վտանգներն ու սպառնալիքները կան եւ չեն կարող չլինել:
Բայց արդյո՞ք այդ վտանգներն ու սպառնալիքները չէին լինի, եթե չլիներ այդ փաստաթուղթը, կամ՝ արդյո՞ք դրանք չեն լինի, եթե թաքցվեն ժողովրդից: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն իսկապես մենք չունենք:
Այս առումով, գուցե սխալվում ենք, բայց մեզ թվում է, որ այդ վտանգների ու սպառնալիքների լինելու կամ չլինելու պատճառն ամենեւին էլ այդ փաստաթղթում դրանց լինելը կամ չլինելը չէ, իրենց մասին ժողովրդի իմանալ կամ չիմանալուց է կախված:
Մեր կարծիքով, այդ վտանգների ու սպառնալիքների իսկական պատճառը պատերազմում մեր պարտվելն ու մեզ համար անբարենպաստ այսօրվա աշխարհաքաղաքական իրողություններն են: Ահա թե որտեղ են սխալվում Փաշինյան Նիկոլն ու մեր ընդդիմությունը: Ահա թե որտեղ պետք է փնտրենք նրանց սխալները:
Այս իմաստով, մեզ թվում է, որ նրանք՝ մեր իշխանությունն ու ընդդիմությունը, սխալվում են, երբ եղած փաստաթղթում երկրի տնտեսության արդյունաբերականացման ուղիները չեն փնտրում, երբ դրանցում բանակի մարտունակության եւ սպառազինման հավելյալ հնարավորություններ փնտրելու փոխարեն, սպառնալիքներն ու վտանգները թաքցնելով կամ դրանք չափազանցված ներկայացնելով են զբաղվում:
Այնինչ, չսխալվելու համար պետք է անեին ճիշտ հակառակը: Չսխալվելու համար Նիկոլը չպետք է ասեր, թե առանց Արցախի հարցը փակելու մենք Հայաստանի խաղաղության հարցը չենք լուծի: Չպետք է ասեր, որովհետեւ պետք է հասկանար, որ Արցախի հարցը փակելով էլ խաղաղություն չի լինելու:
Չի լինելու, որովհետեւ անցած 33 տարիներին մեր՝ խաղաղություն չունենալու պատճառը ոչ թե մեր՝ «Արցախի հարց ունենալը», այլ Թուրքիայի պանթուրանականության գաղափարախոսությունն է եղել:
Կամ թե՝ եթե Նիկոլն ու իր կառավարությունը հասկանում են, որ կարելի է հաղթել մեկ, երկու կամ շատ պատերազմներում, բայց բոլոր պատերազմներում հաղթել հնարավոր չէ, ուրեմն չենք հասկանում, թե նրանք այդ ինչու պետք է չհասկանան, որ ոչ մի խաղաղություն հավերժական չի լինում, եւ ցանկացած խաղաղություն, այդ թվում՝ նաեւ հայ-ադրբեջանական, մի օր անպայման խաթարվելու է:
Կամ թե՝ ինչպես հասկանանք այն, որ երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն հասկանում, որ սպառնալիքներն ու վտանգները վերանում են ոչ թե դրանք թաքցնելով կամ դրանց մասին չափազանցված պատկերացումներ ձեւավորելով, այլ դրանց հաղթահարման համար ընձեռված ցանկացած հնարավորություն օգտագործելով:
Այս եւ այսպիսի շատ այլ հանգամանքներով է պայմանավորված, որ մենք ասում ու պնդում ենք, որ վաշինգտոնյան փաստաթղթերն այսօրվա Հայաստանում ոչ թե անհոգ ու երջանիկ խաղաղություն ունենալու կամ չունենալու, այլ երկրի տնտեսությունն արդյունաբերականացնելու եւ տեխնոլոգիականացնելու, ոչ թե բանակում բարեփոխումների իմիտացիան պահելու, այլ մարտունակ ու խնդիրներ լուծող բանակ կառուցելու առումով է, որ պետք է կարեւորվեն:
Եվս մի հանգամանք, որին չենք կարող չանդրադառնալ: Այսօրվա Հայաստանի բարեփոխվող բանակը նաեւ որեւէ երկրի դեմ բանակ չպետք է լինի: Նրա այսօրվա խնդիրն այս իմաստով ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ Հայաստանը պաշտպանող ու Հայաստանի անվտանգային խնդիրները լուծող բանակ դառնալն է:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաց մի թողեք
Մոսկվայում «սպասում են» Նիկոլ Փաշինյանին
Երկու դիտարկում՝ նույն թեմայով. հայաստանցի – ղարաբաղցի
ԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրվա առթիվ հատկացրել է ավելի քան 4 միլիարդ եվրո