Ադրբեջանի նախագահական զույգը օգոստոսի 21-ին գտնվել է Քելբաջարում: Տեղի «բնակչության հետ հանդիպմանն» Իլհամ Ալիևը մի քանի հայտարարություններ է արել, որոնցից ամենաէականը 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահ ուժերի» ներկայությամբ Ադրբեջանի իրականացրած ռազմագործողությունների թվարկումն է:
Ալիևը փաստացի բացահայտել է, որ քառասունչորսօրյա պատերազմը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ոչ թե դադարել, այլ փոխակերպվել է Լեռնային Ղարաբաղի դեմ «սողացող ագրեսիայի», որ իրականացվել է ՌԴ «խաղաղապահ զորքերի» պատասխանատվության գոտում:
Այդ ագրեսիան, անկասկած, հնարավոր չէր լինի, եթե Ալիևը չունենար Վլադիմիր Պուտինի համաձայնությունը: Ընդ որում` Ադրբեջանի նախագահն այդ «հաղթական ռազմագործողությունները» թվարկում է մի հերթականությամբ, որից ակնհայտ է դառնում, որ ԼՂ հայաբնակ մնացած տարածքների օկուպացիայի, Լաչինի միջանցքը փակելու, ապա և էթնիկ զտում իրականացնելու իր կանխածրագիրը գործողության է դրվել 2022 թվականի փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումից հետո:
Ալիևը քելբաջարցիներին «ավետել է», որ «ատելի Մինսկի խումբը վերջին օրերն է ապրում»: Ռուսաստանը ԵԱՀԿ և Մինսկի խմբի անդամ է, համանախագահ: ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով:
Ըստ այդմ, կազմակերպության անդամ մեկ երկրի անհամաձայնությունը բավական է, որպեսզի Մինսկի խումբն իրավաբանորեն չլուծարվի:
Օգոստոսի 21-ին Իլհամ Ալիևը միջազգայնորեն հրապարակայնացրել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, օկուպացիան և հայ բնակչության էթնիկ զտումն իրականացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախնական համաձայնությամբ:
Ռուս-ադրբեջանական սիներգիայի մոսկովյան նախագիծը բացարձակ ֆիասկոյի է ենթարկվել, հարաբերությունների նախկին մակարդակն այլևս չի վերականգնվելու: Մոսկվան կընդդիմանա՞ Մինսկի խմբի լուծարմանը:
Սա չափազանց կարևոր է ոչ թե այն իմաստով, որ Ռուսաստանը «մտադիր է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը», ինչպես ոմանք են ներշնչում բռնատեղահանված արցախցիներին, այլ այնքանով, որ Մոսկվան այդ ձևով կարող է խոչընդոտել հայ-ադրբեջանական կարգավորմանը կամ առնվազն իր ներգրավվածության խնդիր հարուցել:
Բաց մի թողեք
Ում դեմ պատերազմի է նախապատրաստվում Ադրբեջանը
Հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանում չի դադարել, իրենց համար մենք թշնամի ենք
Փաշինյանը Հայաստանի անկախության Հռչակագիրը «կոնֆլիկտային» է բնորոշել