Հայաստանի պաշտոնական փաստաթղթերում, Նիկոլ Փաշինյանի ելույթներում թվերի ու փաստերի խառնաշփոթ է, ընդ որում, ամենաառանցքային պետական արձանագրումներում, ինչպիսին է, ասենք, Հայաստանի Հանրապետության տարածքը:
Այսպես, մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում, ասելով. «29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է»:
Այս թիվը բազմիցս է հնչել: Իսկ, ասենք, 2023 թվականին Բրյուսելում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո նույն Փաշինյանը այլ թիվ է հնչեցնում. «Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 8 հարյուր քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը»:
Այն գրված է նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքում. «Հայաստանի Հանրապետությունը ունի 29 հազար 800 կիլոմետր տարածք եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենիքն է»:
Թե ինչպես է 29 հազար 743-ը դառնում 29 հազար 800, ոչ ոք չի բացատրում: Եթե վարչապետը կլորացնում է թվերը, ապա մաթեմատիկայի կանոններով այս 29 հազար 743-ը կլորացնելուց հետո պետք է դառնա 29 հազար 700: Արդյո՞ք պետության տարածքը նշելիս, երկրի առաջին դեմքը իրավունք ունի նման անճշտություններ թույլ տալու:
Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը Հրապարակ թերթի հարցերին պատասխանում է. «Եթե նա կարողանում է ասել զոհերի մասին «պլյուս-մինուս հիսուն», տարածքը ինչ է, որ պլյուս-մինուսով չխոսի: Ինձ զարմացնում է, որ բոլորը ընկնում են այն ծուղակը, որը նա սարքում է: Սա կոչվում է օրակարգ թելադրել: Վաղը նա կարող է ուրիշ թիվ ասել, մյուս օրը՝ մեկ այլ բան, առավոտյան՝ մի բան, գիշերը՝ մեկ այլ բան: Ու այս մանիպուլյացիաների հետեւից պետք չի գնալ: Այսօր նա ասում է մեր 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին, վաղը կարող է, ասում է՝ այդ 200 քառակուսի կիլոմետրն էլ Հայաստանին չեն տալու»:
– Բոլորին այս հարցը հետաքրքրում է, որովհետեւ երկրի ղեկավարը կարևոր թիվ է հնչեցնում…
– Պետք է նրան անտեսել, նրա խնդիրն այսօր օրակարգ թելադրելն է, եւ կապ չունի, թե ինչ բառապաշարով՝ լպիրշ կլինի, գարշելի կլինի, կուլտուրական, թե «գեղավարի», թե ոչ պրոֆեսիոնալ՝ կապ չունի: Նա իջեցնում է հարցը, թեման, նախադասությունը, եւ ամբողջ ժողովուրդը գնում է դրա հետեւից:
Այո, ինքը ժամանակին ասում էր՝ 29 հազար 800 քառ կմ, հետո մեկ էլ սա դարձավ 29.743: Ինչքան քիչ, այնքան լավ, աստիճանաբար քչացնում ենք, էլի: Կարող է, դա այն տարածքներն են, այդ կրճատված մասը, որոնք հիմա օկուպացված են: Ու կան դեռ անկլավներ, որոնք տալու է, բայց հետո ո՞նց է վերաձևակերպելու: Ասելու է, որ մենք մնացել ենք 29.743-ի սահմաններում: Եւ ո՞վ է գնալու հաշվի: Ոչ ոք:
-Անկլավները, Արծվաշենը մտնում են 29 հազար 800-ի մեջ: Բայց մենք ոչ մի բառ չենք լսում այս մասին: Ի՞նչ է լինելու սրանց հետ, Ձեր կանխատեսմամբ:
– Հենց դա է, նա չի ասում՝ Արծվաշեն, բայց apriori ասում է, որ կան տարածքներ մեր վերահսկողության տակ, եւ կան տարածքներ, որոնք նրանք են վերահսկում: Եթե հարցնեք, թե որոնք են դրանք, նա չի ասի: Կասի՝ դրանք դետալներ են, որոնք դեռ քննարկման փուլում են: Դուք նրա բերանից Արծվաշեն բառը լսե՞լ եք:
– Ոչ, բայց նա պարտավոր է մարդկանց գոնե մոտավորապես ասել, թե ինչ է լինելու Արծվաշենը, եւ եթե փոխանակվելու է:
– Դուք սպասում եք, որ նա ինչ որ բան պետք է փոխանակի՞: Նա միակողմանի պետք է զիջի այն, ինչ որ իրեն կասեն:
– Լավ, մեկ այլ հարց: Փաշինյանն ասում է, որ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանները ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը արդեն ուժը կորցրել է, որովհետեւ ըստ այդ հռչակագրի, օրինակ, Ղրիմը ուկրայինական է: Այսինքն՝ ինչպես կարող է միջազգայնորեն ընդունված փաստաթուղթը մի երկրի դեպքում գործի, մյուսի դեպքում՝ ոչ: Միջազգային իրավունքում նման բան կարո՞ղ է լինել:
– Իհարկե, ոչ: Այստեղ ամեն ինչ գալիս է նրանից, թե պետության ղեկավարն ինչպես է իր պետության շահերը պաշտպանում: Այստեղ ոչ մի պաշտպանություն չկա, մի սպասեք, չի էլ լինելու, իսկ Խաղաղության օրակարգ կոչվածի մասին մինչև մյուս տարվա հունիս խոսելու է, մինչև ընտրությունները, իհարկե, եթե մինչ այդ բան չփոխվի: Նա արդեն մտել է ագրեսիվ քարոզչական փուլ: Նա վաղը պետք է Սահմանադրություն փոխի, չէ՞: Եւ պետք է բոլորին համոզի, եւ նա արդեն «ստարտը» տվեց: Նա արդեն ասաց՝ ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը գիտի, որ վաղը խաղաղություն է լինելու, չի քվեարկի Սահմանադրության օգտին: Վերջ, նա արդեն սկսել է Սահմանադրության փոփոխության քարոզչությունը: Նա ասելու է՝ եթե սա չանեք, լինելու է պատերազմ: Այդ կուտը վաննաներով, ցիստերով լցրել է ժողովրդի առաջ: Այդ թուղթը, որը Վաշինգտոնում ստորագրել է, ես դրան ասում եմ՝ Փաշինյանի երկարակեցության թուղթ, դրանից է նա բռնվել, դա նրա իշխանության մնալու թուղթն է: Նա այդ թուղթը ստացել է Վաշինգտոնից: Մյուսները շահել են ամեն ինչ, իսկ նա շահել է իրեն, որ մնա իշխանության, որովհետեւ դա դառնալու է նրա լակմուսի թուղթը ընտրություններից առաջ, նա այդ թղթով է գնալու ընտրության: Իսկ թե ինչ կփաթեթավորի դրա տակ, քանի կիլոմետր, կարևոր չի: Ամեն ինչ կառուցվում է իր երկարակեցության, ավտորիտարիզմի վրա:
– Իսկ ի՞նչ է լինելու, ըստ ձեր կանխատեսման, Սեւ լճի, Ներքին Հանդի, Սոթքի, Ջերմուկի մեր հատվածների հետ, որտեղ հիմա ադրբեջանցիներ են կանգնած: Սա էլ չի հասկացվում պաշտոնական զրույցներից: Դրանք է՞լ են մտնում 29․800-ի մեջ:
– Մնալու են Ադրբեջանին: Ինքն էլ է ընդունում, որ դա օկուպացված տարածք է, թեեւ չի ասում՝ օկուպացված, ասում է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ:
– Տիգրանաշենի ճակատագիրը ի՞նչ է լինելու:
– Տալու է միանշանակ: Երկրորդ կարծիք չկա:
– Այսինքն, Հայաստանը կիսելու ենք երկու մասի՞
– Չեմ կասկածում ոչ մի վարկյան: Դեռ չի եղել մի դեպք, որ նա մի բան ասի, դրա հետեւից չգնա ու հետո հակառակը չլինի: Անկլավների հարցը պետք է լուծվի միանժանակ:
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն