Նախքան խաղաղության համաձայնագրի հանրայնացումը էլ ամբիոն չմնաց, որ ընդդիմությունը չդղրդացներ՝ գուժելով փաստաթղթում տեղ գտած՝ «Հայաստանի կողմից հերթական անգամ կենսական շահերը զիջելու» և այլ ապոկալիպտիկ ցնդաբանությունների մասին։
civic.am-ը գրել է․ Բանը հասավ նրան, որ փաստաթղթի սևագրին գաղտնիության ռեժիմում ծանոթացած ու դժգոհ մնացած ԱԺ ընդդիմադիր որոշ պատգամավորներ դիմեցին վարչական դատարան։ (Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից տիրապետվող Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող պայմանագրի նախագծերին ծանոթանալու հնարավորություն չտալը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին):
Այժմ, երբ արդեն հանրայնացվել է նախաստորագրված փաստաթուղթը, ու հայտնի են դրա կետերը, ընդդիմությունը տաղավարից տաղավար է ցատկում (մինչև կմեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանն ու հասանելի կդառնա ՀՀ գլխավոր ամբիոնը)՝ գուժելով փաստաթղթի ոչ խաղաղաբեր՝ «պատերազմ անոնսող» լինելու մասին։ Դժվար կացություն է ստեղծվել 2026-ի ընտրությունների նախաշեմին գտնվող քաղաքական ճամբարի համար, ինչ խոսք, թե՛ ասելիքի, թե՛ անելիքի, թե՛ խոստանալիքի առումով։
Նախ՝ անելիքի մասին, որը ընդդիմության դեպքում մարդկանց փողոց դուրս բերելն է՝ «վատ փաստաթուղթ» նախաստորագրած իշխանությանը հեռացնելու օրակարգով։ Խնդրո առարկա փաստաթղթերի հանրայնացումից, դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետի ուղերձից հետո գեթ մեկ շահառու՝ բողոքավոր քաղաքացի, դուրս չեկավ փողոց, հաշիվ չպահանջեց իշխանությունից, թե՝ այս ի՞նչ ես բանակցել ու նախաստորագրել, թո՛ղ աթոռդ ու կորչիր գրողի ծոցը։ Արդ, ի՞նչ է մնում անել ընդդիմությանը բողոքական զանգվածի իսպառ բացակայության պայմաններում՝ խոսել, ավելի ճիշտ՝ չարախոսել ու խոստանալ։
Ընդ որում, խոսելիքի ու խոստանալիքի առումով էլ ընդդիմությունը հայտնվել է աննախանձ վիճակում, քանի որ «դեմ ըլլալով» խաղաղության համաձայնագրին՝ չի կարող մերժել խաղաղության գաղափարը, այսպիսով, փաստորեն, մեղադրվելով խաղաղության այլընտրանքին՝ պատերազմին կողմ լինելու մեջ։
Ուստի մնում է ստորագրված համաձայնագրի վերաբերյալ ճոռոմ չարախոսությունը համադրել «մենք կգանք, ավելի լավ պայմաններով խաղաղություն կբերենք» ծանծաղամիտ խոստման հետ։
Նախօրեին ԶԼՄ-ներից մեկի տաղավար շտապած ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը նորից երգել է արդեն հայտնի ռեպերտուարի երգն ու ասել մոտավորապես այն, ինչի մասին նշեցինք քիչ վերը. «Երբ գանք իշխանության, փորձելու ենք բանակցել նոր բովանդակություն, չենք հրաժարվելու բանակցություններից, չենք հրաժարվելու տեքստ ունենալուց, բայց էդ տեքստը պետք է բխի Հայաստանի շահերից։
Էս փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանին ինչի՞ համար ա պետք, որ էս փաստաթղթով մտնի ժողովրդի մեջ ու ասի՝ տեսեք, ձեզ բերել եմ խաղաղություն, եթե այս ուժերը եկան՝ պատերազմ է լինելու, ոնց որ ասել էր 2021 թվականին՝ ես չեղա, իրանք եկան, պատերազմ ա լինելու։ Մենք ասում ենք՝ Ադրբեջանի հետ պետք է բանակցությունները շարունակվեն, պետք է ճանապարհները ապաշրջափակվեն, պետք է, այո, ունենանք համապարփակ, իրական խաղաղության մասին փաստաթուղթ, բայց էն տեքստը, որ սեղանին դրված է, դա իրական խաղաղության հետ կապ, առնչություն չունի»։
Այսքանն ասելուց հետո Սաղաթելյանը դեմքին ժպիտ հաղորդելով, որպես սրտահովանք, ազդարարել է՝ «ընդ որում, էդքանից հետո Ադրբեջանն ասել ա, որ էդ փաստաթուղթը չի ստորագրելու, չէ՞, մինչև չլինեն սահմանադրական փոփոխությունները։
Ես էլ հույս ունեմ, որ հարցը մինչև չեղարկելուն չի հասնի՝ մինչև սահմանադրական փոփոխությունները Նիկոլ Փաշինյանը չի լինի, ՀՀ Սահմանադրությունը չի փոխվի, և մենք Ադրբեջանի հետ մեր իրական, ժողովրդի շահերից բխող բանակցությունները կսկսենք ու կունենանք արժանապատիվ խաղաղություն»։
Իշխան Սաղաթելյանի այս հայտարարությունը, թե՝ կգանք, նոր թուղթ կբանակցենք, կունենանք «արժանապատիվ խաղաղություն», քաղաքական ինֆանտիլիզմի բացառիկ նմուշ է։ Բայց նախ՝ պետք է պարզել, թե «արժանապատիվ» ասելով ինքը՝ Սաղաթելյանն ու ՀՅԴ-ն ընդհանրապես ի՞նչ են հասկանում։
Դատելով գաղտնազերծված «004» շրջաբերականից՝ ՀՅԴ-ի իմացած ու պատկերացրած «արժանապատիվը» ՀՀ-ի զիջված անկախությունն է ու ՌԴ-ի հետ ինչ-որ «միությունների» մեջ մտնելը։ Շատ կարևոր է պարզաբանելը՝ արդյոք ՀՅԴ-ն, խոսելով արժանապատիվ խաղաղության մասին, «արժանապատիվ» բառի տակ դնում է բացառապես սեփակա՞ն պատկերացումները՝ առաջնային համարելով սեփական երկրի շահը, թե՞ ՀՅԴ-ի համար «արժանապատիվ» է այն, ինչը հաճո է Մարիա Զախարովայի, Լավրովի ու նրանց վերադասի քիմքին ու ախորժակին։
Ասենք՝ եթե ՀՅԴ-ն գա իշխանության, ինչպե՞ս է վարվելու վաշինգտոնյան փաստաթղթերին նախորդած պայմանավորվածությունների հետ, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության ու մյուս եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-ՌԴ հայտարարությունների։
Մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրագործումն ինչպե՞ս է պատկերացնում, ճիշտ այնպե՞ս, ինչպես Պուտինը՝ ռուսական ուժերի վերահսկողություն Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի վրա՝ ՀՀ իրավազորության և ինքնիշխանության զիջմամբ։
Այժմ «նոր բանակցող, նոր բովանդակություն» մանիպուլյատիվ թեզի մասին. Սաղաթելյանն ու նրա քաղաքական մյուս գործընկերները, փաստորեն, հույս ունեն, որ Ալիևն ու Ադրբեջան պետությունը, տեսնելով, որ ՀՀ-ի անունից բանակցողը փոխվել է՝ եկել են դաշնակներն ու նրանց քաղաքական «ասիչը»՝ Ռոբերտ Քոչարյանը, նայելու են վերջիններիս արծվենի հայացքին, սիրտները, ինչպես «Քաջ Նազարը» հեքիաթի միջի հսկաների սիրտը Նազարին տեսնելիս, դող է ընկնելու, ուրանալու են սեփական շահերն ու բանակցային սեղանի շուրջ կատաղի կերպով առաջ են մղելու Հայաստանի շահերը։
(Հատկապես արտահերթության կարգով դուրս են գալու Շուշիից, քանի որ Սաղաթելյանը դեռ 2020-ին որդուն խոստացել է, որ նրա հարսանիքը Շուշիում է անելու)։
Նման ֆանտաստիկ բան թերևս կարող է տեղի ունենալ մի դեպքում՝ եթե ՀՅԴ-ին հաջողվի «վերբովկա» անել Պետական անվտանգության կոմիտեի երբեմնի նախագահ, գեներալ-մայոր Հեյդար Ալիևի որդի Իլհամին, նրա աշխատակազմին և ողջ պետական ապարատին ընդհանրապես։ Արդ, եթե մեկ և կես դար գոյություն ունեցող, ընդհուպ երիտթուրքերի հետ բանակցած կուսակցությունն այդքան վստահ է, որ ի վիճակի կլինի «հեղափոխել» Ադրբեջանի իշխող վերնախավին, ապա ինչո՞ւ մինչև Փաշինյանի իշխանությունը այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել մասնավորապես Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծման ուղղությամբ։
Այն ժամանակ, երբ, օրինակ, հրապարակվեցին ԼՂ խնդրի կարգավորման «Մադրիդյան սկզբունքները», որոնց խիստ ու կտրուկ դեմ էր ՀՅԴ-ն, ինչո՞ւ իր ռեսուրսները «խոդի գցելով» չկարողացավ վիժեցնել մերժելի բովանդակությունն ու ստանալ նորը՝ վսեմն ու արդարը։
Ո՞վ կամ ի՞նչը խանգարեց։ Արդյոք բանակցողի անտաղանդ ու ապաշնորհ լինե՞լն էր պատճառը։ Նույն տրամաբանությամբ՝ ո՞վ կամ ի՞նչն է օգնելու, որ իշխանության գալու դեպքում Իշխան Սաղաթելյանն ու նրա մյուս գործընկերները չեղարկեն հետպատերազմական իրավիճակի իրողությունները՝ հաշվի առնելով բանակցված փաստաթուղթը, ու ստանան նորը։
Կասկածում ենք, որ ԼՂ բանակցային գործընթացի տակ ականներ դրած, չլուծած ու, այո, գործող իշխանության «ջեբը գցած» նախկին իշխանությունն այսքանից հետո ի վիճակի լինի որևէ թուղթ, այն էլ՝ պրոհայկական, բանակցել։ Իշխանության գալու դեպքում նրանց կողմից բանակցվելիքը լինելու է ճիշտ նույն բովանդակության շուրջ, որն արդեն բանակցվել է ու հրապարակվել։
Իսկ եթե ոչ, ապա Սաղաթելյանն ու իրենց որդիների, թոռների հարսանիքը Շուշիում անել փափագող մյուս բանակցողները Ալիևի հետ քննարկելու են վերսկսած պատերազմը կանգնեցնելու պայմանները՝ դրանցից բխող կործանարար հետևանքներով։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն