«Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել։ Եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին՝ մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել, և դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել»։
Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա արդեն բավարար վերլուծական բազա է արձանագրելու համար, որ ընդդիմության գործընկերները այդպես խոսում են՝ ասելիք չունենալու պատճառով, որևէ այլ պատճառ չկա»,-պնդել է նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի վերոնշյալ գնահատականներին, նկատում է. «Նրա այդ պնդումը բավականին տարօրինակ է, բայց իրականում Նիկոլ Փաշինյանին մեղադրում ենք շատ պարզ բանում: Պետք չէ հակասություններ փնտրել:
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Արցախի կապիտուլյացիան և մեղադրվում է հենց դրանում, սակայն քանի որ մենք ունեինք երկու հայկական պետություն, հարցը սրանում է և հենց կապիտուլյացիների թիվը դրանով է բացառիկ:
Նա արդեն իսկ մեկ կապիուլյացիա ստորագրել է, երկրորդի մասով էլ անում է կոնկրետ քայլեր: Նրան մեղադրում էին և մեղադրում են Արցախի կապիտուլյացիայի համար և Հայաստանը նույն ճակատագրին արժանացնելու համար:
Բոլոր այն կանխատեսումները, այն պնդումները, որոնք այս տարիների ընթացքում արել են ընդդիմադիրները, անխտիր իրականացվել են: Անկախ այն բանից, թե դա որքանով կարող է տագնապ հարուցել, դա այլ հարց է: 2022 թվականի «Դիմադրության շարժումը» մի կարգախոս ուներ. «Ոչ Արցախի հայաթափմանը, ոչ Հայաստանի թրքացմանը»:
Այս կարգախոսի առաջին մասը տեղի է ունեցել, երկրորդը կանխելու համար պետք է անել քայլեր: Այն բոլոր գնահատականները, որ արվում են, այդ ամբողջի շրջանակներում են: Նիկոլ Փաշինյանը կարող է լինել մի քանի կապիտուլյացիայի հեղինակ, ինչու, պատասխանը շատ պարզ է, Հայաստանն ուներ երկու հայկական Հանրապետություն, որից մեկն է այժմ մնացել:
Նա կապիտուլյացիա իրականացնող քայլեր է իրականացնում: Փաշինյանը կոնկրետ իր գործողությունները մի քանի մասի է բաժանել և հերթով դրանք իրականացնում է: Կապիտուլյացիան մեծ հաշվով թշնամուն հանձնվելու քայլերն են, ինչը այժմ իրականացվում է Փաշինյանի թեթև ձեռքով: Այդ գնահատականներում չկա որևէ սխալ:
Նրա բոլոր քայլերը միտված են թշնամուն հանձնվելուն` կապիտուլացվելուն»:
Բաց մի թողեք
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում
Հիմա էլ չեն բացառում, որ Փաշինյանը առաջիկա շաբաթներին հայտարարի արտահերթ ընտրությունների գնալու մասին
Զեյնաբ Խանլարովա էին լսում, հայկական ռադիոյով առավոտից իրիկուն հնչում էր ազերական երաժշտություն