2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ օգոստոսի 14-ը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական վարույթ՝ 13 համայնքի ղեկավարների վերաբերյալ: Նրանց թվում են Կոտայքի մարզի Պտղնի եւ Աբովյան, Տավուշի մարզի Իջեւան, Արագածոտնի մարզի Բյուրական, Արարատի մարզի Նոր Խարբերդ եւ Գոռավան համայնքների նախկին ղեկավարները:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ավարտված քրեական վարույթներով համայնքին պատճառված գույքային վնասը կազմել է ավելի քան 424 միլիոն ՀՀ դրամ, որից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 7 մլն դրամը, իսկ 159 մլն դրամ արժողությամբ 9 հողատարածք վերականգնվել է գույքի տեսքով:
Այս՝ համայնքի ղեկավարների մեծ մասը «նախկիններից» են, որոնց իշխանությունը պաշտոններից հեռացնում է՝ քրեական գործեր սարքելով։ 8 ամսում 13 համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործեր հարուցելն աննախադեպ մեծ թիվ է։
Քաղաքական հետապնդման հետեւանքով 2 տարի 7 ամիս բանտում անցկացրած Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ տասնյակ համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրեական գործերին, ասաց․
«Ինձ թվում է՝ դրանք ավելի շատ վիճակագրական տվյալներ էին, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում հաճելի է համապատասխան իրավասու մարմիններին նման ծավալի աշխատանքներ ցույց տալ, ըստ էության, մենք տարիների ընթացքում տեսնում ենք, որ, մեծ հաշվով, ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ կարելի է նախաձեռնել որեւէ վարույթ, եւ տարիներով այդ մարդու քրեական գործը գնա, նրա կյանքը, կենսագրությունը, աշխատանքային կենսագործունեությունը խախտվեն։
Եթե կա փաստ, կոնկրետ հանցագործության փաստ, որի վրա հարուցվել է վարույթ, դրանք այլ բնույթի են, բայց երբ դրանք կրում են ուղղակի ընտրողական բնույթ, կոնկրետ համայնքի ղեկավարների վերաբերյալ, դրանք զուտ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա են եւ որոշ դեպքերում՝ նաեւ քաղաքական դրդապատճառներով։
Պաշտոնավարումն ինքն իրենից ենթադրում է այդպիսի դրվագներ, որ կարող է կասկածի տեղիք տալ, մնացած դեպքերում սրանք՝ բոլորը՝ 90 տոկոսը, նպատակաուղղված եւ ընտրովի արդարադատության երանգներ ունեցող գործեր են»։
Բաց մի թողեք
Իշխանության օրակարգը պարզ է, որն է ընդդիմության օրակարգը
Ավինյանը իր մտերիմ Կամսար Բաբինյանին վերանշանակել է … Լուսանկար
Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ թե փախուստ էր, այլ սեփական լուծումն ազգի վզին չփաթաթելու պետական գործչի որոշում