Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրն է, կեցցե՛ այն, հռչակագրի, որն իբրև թե խնդիր է առաջացրել թշնամի Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Ու ոմանք կարծում են, որ եթե դա խանգարում է Ադրբեջանին, ուրեմն ՀՀ Սահմանադրությունը պիտի փոխվի, որտեղից դուրս դրվի Հռչակագիրին հղումը, որ հանկարծ Ալիև պապան չնեղանա, խաղաղության թուղթ ստորագրի ․․․
Իսկ իրականում Անկախության հռչակագիրը դարձավ երկրիս անկախությունը ամրագրող ծննդական, Հայաստանում «պատմական արդարության վերականգնման» իրավաքաղաքական հիմքը։
Շնորհավորում եմ ՀՀ արժանապատիվ այն քաղաքացիներին, ովքեր երբևէ կարդացել են կամ ստորև կկարդան Անկախության հռչակագրի տեքստը՝ ոչ ալիևյան աչքերով․
Հայաստանի անկախության հռչակագիր
1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։
2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։
3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։
4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։
5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։
6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։
7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։
8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։
9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։
10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։
11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։
12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։
Բաց մի թողեք
Եթե վարչապետ է, կարող է երկրի սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչ անել և մնալ անպատի՞ժ
Իշխանության թիվ 1 թշնամին երկրին ծառայություն մատուցած մարդն է․ Աբրահամյան
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Հայաստանը զավթելու ծրագրերը, Հայաստանի իշխանությունը՝ հասարակության զգոնությունը հետևողականորեն թմրեցնելը