24/08/2025

Բաքվի հայատյաց քաղաքականությունն էր, որ հանգեցրեց նախ Արցախյան շարժման, ապաեւ երկու ավերիչ պատերազմի

Ոչ առանց Իլհամ Ալիեւի գործուն աջակցության՝ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել, նույնիսկ, դպրոցական ծրագրերում ներառվել է հակահայ մի կեղծ տեսություն, ըստ որի՝ «պատմական հայեր» այլեւս չկան։

Այսօրվա հայերը, իբր, բոշաների (գնչուներ) հետնորդներն են, այսինքն՝ այս տարածքում ապրելու իրավունք չունեն։ Այս «տեսությունը» դատարկ տեղում չի առաջացել՝ ավելի վաղ Ալիեւն ի լուր աշխարհի, հայտարարել էր, թե Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական հող է կամ նրա մեկնաբանմամբ՝ «Արեւմտյան Ադրբեջան»:

Իլհամի հիվանդ երեւակայությանը, անշուշտ, որոշակի ազդակ էր հաղորդել իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի «տրակտատը»:

Ամեն դեպքում Բաքվի վարքագիծն այլ կերպ, քան նացիստական գաղափարախոսություն, որը 1933-1945-ականներին կար Գերմանիայում, չես բնութագրի: Ալիեւը, երեւում է, որդեգրել է համայն մարդկությանն անասելի աղետներ բերած ֆաշիստական Գերմանիայի նախադեպը՝ դառնալով Ադոլֆ Հիտլերի աննկուն գաղափարակիցն ու նրա քաղաքական ուղեգծի ուշիմ շարունակողը:

Փաստերը, որոնց մասին կխոսենք ստորեւ, վկայում են, որ Ադրբեջանն, այո, նացիստական երկիր է, եւ նրա արատավոր գաղափարախոսությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի խոշոր ու բազմազգ երկրների՝ Իրանի եւ Ռուսաստանի համար:

Փորձենք նախեւառաջ հասկանալ, թե կառավարման ինչ համակարգ է այժմ գործում Ադրբեջանում: Այս հարցին անդրադառնալու առիթներ բազմիցս ունեցել ենք, բայց չէր խանգարի եւս մեկ անգամ թարմացնել ընթերցողի հիշողությունը թշնամի երկրում առկա միահեծան ու կենտրոնացված կառավարման համակարգի մասին, որտեղ, ըստ էության, չկա ընդդիմություն, ընտրությունները ձեւական են, իսկ վարվող քաղաքականությունն իր ուզած ձեւով որոշում է մեկ անձ, որն, ի դեպ, Արցախի 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն ազգային հերոս է հռչակել: Մամուլը խստիվ գրաքննության տակ է, եւ պաշտոնական տեսակետից տարբերվող ցանկացած տեսակետ ենթակա է պատժի:

Քաղհասարակության ազատության մասին եւս խոսք լինել չի կարող: Ընդդիմադիր շատ գործիչներ, որոնց խոսքը սահմանափակված է, ստիպված են հեռանալ Ադրբեջանից, մեկնել այլ երկրներ, ինչը, սակայն, փրկություն չէ:

Ավելի ըմբոստներին Ալիեւի ձեռքը, իր «քիլլերների» միջոցով, հասնում է՝ որտեղ էլ նրանք գտնվեն: Եթե յուրայինների հանդեպ է ապշերոնյան բռնակալն այդքան դաժան ու անզիջում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչերի է նա պատրաստ անել այլազգիների հետ, մանավանդ՝ հայերի, որոնց նկատմամբ կենսաբանական ատելություն է տածում եւ այն սերմանում աճող սերունդների մեջ՝ սկսած նրանց նախադպրոցական տարիքից:

Այդ տարիքի ադրբեջանցիների մանկական խաղերի մեջ թշնամու կերպարները, որպես կանոն, հայեր են, որոնց հաճույքով «սպանում» են:

Այդպիսի միջավայրում են մեծանում ադրբեջանական մանկապարտեզների սաները եւ, բնականաբար, դառնում ռամիլսաֆարովներ: Վաղ տարիքից ուսուցանվող նացիստական քարոզչությունը, առաջնորդի պաշտամունքը, թշնամու կերպարի կերտումն ու դրա միջոցով ատելության եւ թշնամանքի տարածումը հիտլերյան գաղափարախոսությունից փոխառված հատկանիշներ են, որոնք հետանկախական շրջանում ալիեւյան հանցավոր կլանը ադրբեջանահայության դեմ սկսել էր կիրառել դեռեւս անցյալ դարի 1970-80-ական թվականներից՝ հասնելով մինչեւ 2020-ի սեպտեմբերին սանձազերծած Արցախյան պատերազմ:

Բաքվի հայատյաց քաղաքականությունն էր, որ հանգեցրեց նախ Արցախյան շարժման, ապաեւ երկու ավերիչ պատերազմի:

Այդուհանդերձ՝ Ադրբեջանը չի հանդարտվում, շարունակում է զինվել ու կատարելագործել ռազմական իր ներուժը: Օգտվելով ՀՀ իշխանության թուլամորթ ու ազգադավ տեսակից, Ալիեւը ավագ եղբոր՝ Թուրքիայի եւ այլ դաշնակիցների աջակցությամբ նվաճեց հայկական Արցախը, որը հազարամյակների պատմություն ունի, եւ աչքը դրեց բուն Հայաստանի վրա՝ հայտարարելով, թե այն ամբողջությամբ ադրբեջանական տարածք է եւ, վաղ թե ուշ, պետք է վերադարձվի «իրական տիրոջը»:

Ժամանակին ազգայնամոլությամբ տառապող Գերմանիայում եւ Իտալիայում, որոնք հարեւան ժողովուրդների համար լրջագույն վտանգ էին, ի վերջո, ոչնչացվեց նացիզմի որջը: Հերթն, անկասկած, Ադրբեջանին էլ կհասնի, եւ մեզ կվիճակվի տեսնել այդ օրը:

«Հայացք Երեւանից»