Հայաստանում տիրող իրավիճակը ճիշտ հասկանալու համար բավական է հիշել 2020թ. 44-օրյա պատերազմի սկզբից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները:
Դրանք, իհարկե, շատ-շատ են, հիշենք դրանցից միայն կարեւորների մասին: 44-օրյա պատերազմում խայտառակ պարտություն, տասնյակ հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ եւ գերիներ, սուվերեն Հայաստանի մի շարք տարածքների հանձնում Ադրբեջանին, Արցախի հայաթափում, եւ այսպես շարունակ։
Սրան զուգահեռ, այս երկու երկրների միջեւ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ փաստաթղթի հրապարակ նետում եւ դրանում ներկայացված կետերի ու տեսակետների վերաբերյալ քննարկումներ եւ համաձայնեցումներ, որոնք ընթանում են շատ զարմանալի սցենարով, հիմնականում՝ Ադրբեջանի թելադրանքով եւ Հայաստանի լուռ համաձայնությամբ:
Ընթացքում եղել են տարբեր մակարդակի հանդիպումներ, իբր ճշգրտումներ եւ «համաձայնեցումներ», ու մինչ այսօր դրանք ընթանում են նույն գծով. ինչ Ադրբեջանին ձեռնտու է, Հայաստանը դա էլ անում է, որեւէ ինքնուրույն առաջարկություն չի արել: Դա համաձայնագիր չէ, այլ կարծես Հայաստանին ուղարկված եւ պարտադրված նամակ, որի ամեն կետին հոժարակամ համաձայնել է Հայաստանը:
Այդ փաստաթղթում, բացի մեծ շահեր ունենալուց, Ադրբեջանը Հայաստանին պարտադրել է զուտ Հայաստանի բացառիկ ներքին հարցերին վերաբերող կետեր՝ Սահմանադրության փոփոխում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ նմանատիպ այլ կետեր, որոնք ամոթալի ու նվաստացուցիչ են ցանկացած սուվերեն երկրի համար, հետեւաբար՝ լիովին անհասկանալի է, թե ինչպես կարող է խոսք գնալ խաղաղության մասին:
Պարտադրանքով խաղաղություն չեն մուրում, եւ խաղաղություն կարելի է պարտադրել, եթե մյուս կողմը կապիտուլացվել է ու այլ ելք չունի: Արդեն հասել ենք մի կետի, որ Փաշինյանն ու Ալիեւը վերջնականապես պայմանավորվածություն են ձեռք բերել, ու մնում է ձեւական կողմը՝ կնքեն ու ստորագրեն այդ փաստաթուղթը:
Այդ պայմանավորվածությունից հետո, հավանաբար, ինչպես ԱՄՆ-ն վարվեց Արցախի հետ, ԱՄՆ-ի նախագահը շատ ոգեւորված հայտնում է, որ ինքը հասել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի լիարժեք հաստատմանը, եւ ավելին՝ ԱՄՆ-ն պատրաստ է իր երկրի որեւէ կազմակերպության միջոցով վերահսկողություն հաստատել «Սյունիքի միջանցքի» ամբողջ ճանապարհահատվածի վրա, որպեսզի հետագայում նրանց միջեւ հակասություններ չառաջանան, որը կբերի նոր հակամարտության:
Հայաստանն այնքան գոյություն չունի, որ զարմանալի չէ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ, բացի Ադրբեջանից, ճանապարհի այդ հատվածում որեւէ այլ երկիր իրավունք չունի վերահսկողություն հաստատելու, որի մասին լռում է նաեւ Հայաստանը, որը պարզ է, թե ինչի մասին է խոսում:
Սա պարզորոշ մի բանի մասին է խոսում, որ ԱՄՆ-ն ամեն կերպ պաշտպանում է Ադրբեջանին, որպեսզի նա պայքարի Ռուսաստանի եւ Իրանի դեմ, որպեսզի նրանց վերջնականապես դուրս մղեն տարածաշրջանից, եւ միջանցքը դե ֆակտո մնա Ադրբեջանի վերահսկողության տակ:
Պատահական չէր, որ վերջին ժամանակներս հենց այդ երկու ուժերի միջոցով Ադրբեջանը ստանձնեց իր «առյուծի» դերը, որ, ի լուր աշխարհի, Բաքվում ձերբակալեց ու նվաստացրեց Ռուսաստանի լրագրողների մի մեծ խմբի, որոնք մինչ այսօր կալանքի տակ են, եւ ձեռնոց նետեց Ռուսաստանի իշխանություններին՝ անգամ հայտարարելով, որ եթե Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ խելոք չպահի իրեն ու իր չափերը չճանաչի, ապա հարկ եղած դեպքում իրենք կարող են ուժային ճանապարհով պատժել Ռուսաստանին, որն այդ երկու երկրների պարագայում ծիծաղելի է ու մեծ աբսուրդ:
Այս ամենը բնավ պատահական չէ, հենց վերը նշված ծրագրի իրականացման նախերգանքն է, որի սկիզբը փորձում է դնել Ռուսաստանի նախկին ճուտ Ադրբեջանը, որի նկատմամբ դեռ զարմանալիորեն շատ պարկեշտ է իրեն պահում Ռուսաստանը: Իհարկե, այս հարցում իր դերը, անտարակույս, ունի Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի միջնորդությունը Պուտինին, որը, ելնելով ստեղծված բարդագույն իրավիճակից, ընդառաջել է նրան։
Զուտ Տիրոջ ցանկությամբ է, որ «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը մինչ այսօր դեռեւս ստորագրված չէ, եւ հայ ժողովրդին դեռեւս շանս է տրված՝ փրկելու Հայաստանի Հանրապետության գոյությունը, եթե վերջապես հայ ժողովուրդն Ալիեւի այս պարտադրանքներից ու հայ ժողովրդին մշտապես ծաղրելուց հետո, գոնե մեկ անգամ խելքի գա, նամուս հավաքի, այս դասերից հետեւություններ անի ու մի բռունցք դարձած՝ ոտքի կանգնի եւ առաջնորդվի մեծն Նժդեհի մատնանշած ճանապարհով։
Սա է մեր միակ փրկությունը։
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Բաց մի թողեք
Իսրայելի բանակը լուրջ խնդիրներ կունենա, ֆինանսական ահռելի վնասներ կկրի նաև Ադրբեջանը
Իսրայելի ռազմավարական գործընկեր Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունները կտուժե՞ն
Կկայանա՞ Պուտին – Փաշինյան – Ալիև եռակողմ հանդիպում՝ մնում է ենթադրել