27/08/2025

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կատեգորիկ հրաժարվեց «Հայաստանի պատմություն» անունով դասագիրք հեղինակելուց

Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ինչպես անցած տարի, այս տարի եւս մի շարք առարկաներից դասագրքեր չեն լինելու։ «Դասագրքերի մի մասն արդեն առաքվել է եւ ներկայում բաշխման փուլում է, իսկ մնացածը կառաքվի եւ կբաշխվի մինչեւ օգոստոսի 25-ը։

Միեւնույն ժամանակ, որոշ դասարանների համար որոշ առարկաների դասագրքեր դեռեւս բացակայում են։ Դրանք մեծամասամբ վերաբերում են ավագ դասարաններին»,- օրերս տեղեկացրել էր ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից դասագրքեր չեն լինի 10-րդ եւ 11-րդ դասարանների «Քիմիա» առարկայից, 10-րդ եւ 11-րդ դասարանների «Կենսաբանություն»-ից, 11-րդ դասարանի «Հանրահաշիվ» առարկայից, 11-րդ դասարանի «Ռուսերեն», 9-րդ եւ 11-րդ դասարանների ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն), 5-11-րդ դասարանների «Ֆրանսերեն»-ից: Նշված դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերն ադապտացնել նոր չափորոշիչներին:

Ինչպես նաեւ դասագիրք չի լինի 11-րդ դասարանի «Բնագիտություն» եւ 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաներից, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Իսկ մինչ այդ ԿԶՆԱԿ-ը կտրամադրի ուսումնական նյութեր, քանի որ կոնկրետ այս առարկաներից հին դասագրքեր չկան, եւ նախկին դասագրքերը թեմատիկ առումով չեն համապատասխանում նոր չափորոշչին:

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը, անդրադառնալով հատկապես «Հայոց պատմություն»-ից բացակա դասագրքերի խնդրին, հիշեցնում է, որ անցած տարի պատմագիտական համայնքը մեծ հեղինակային խումբ ստեղծելով «Զանգակ» հրատարակչության կողմից՝ հայտ ներկայացրեց եւ գրեց 10-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը (հեղինակների թվում էր նաեւ ինքը), բայց ԿԳՄՍՆ-ն չերաշխավորեց այն։ «Իբր փորձաքննություն էին անցկացրել, եւ դասագիրքը չէր համապատասխանել գիտականության սկզբունքներին, այդպիսի մի խայտառակ ձեւակերպում, այն դեպքում, որ դասագրքի հեղինակների մեջ դոկտոր, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ կային:

Ի դեպ, հեղինակային խումբը պատասխան պահանջեց նախարարությունից` տրամադրել դասագիրքը փորձաքննած մասնագետներին, եւ նրանց դիտարկումները, թե գիտականությանը չհամապատասխանող ինչ սխալներ են մատնանշվել, սակայն նախարարությունը հրաժարվեց դա տրամադրել, ինչպես նաեւ՝ այդ «փորձագետների» անունները, իբր նրանց անունները հանրայնացնելուց հետո նրանք կթիրախավորվեն եւ կդառնան հանրային պարսավանքի օբյեկտ»,- ասում է Մալոյանն ու նշում, թե չի հավատում, որ լուրջ մանկավարժական, պատմագիտական վաստակ ունեցող որեւէ մասնագետ փորձաքննել է այդ դասագիրքը, սա ընդամենը ԿԳՄՍՆ-ի մերժումը շղարշող փաստարկում է, որ դասագիրքը չերաշխավորվի ու դպրոցներ չմտնի:

Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, ապա «Զանգակ»-ը նորից նույն խմբագրակազմին առաջարկել է մասնակցել դասագրքաստեղծ պրոցեսին եւ լրամշակելով դասագիրքը՝ կրկին ներկայացնել մրցույթին, սակայն. «Ինչպես գիտեք, փետրվար-մարտ ամիսներին արդեն տեղի ունեցան խայտառակ փոփոխություններ, երբ առարկան անվանափոխվեց եւ դարձավ «Հայաստանի պատմություն», բացի դրանից՝ առարկայական չափորոշիչում եւ ծրագրերում կատարվել էին խեղաթյուրումներ` ազգային, հայրենասիրական ձեւակերպումները, թեմաները, հատկապես արցախյան ազատամարտին, հայոց հարցին, ցեղասպանությանը վերաբերող թեմաները կա՛մ հանվել էին, կա՛մ խեղաթյուրվել:

Այսքանից հետո դասագրքաստեղծ խմբի գլխավոր խմբագիրը` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, կատեգորիկ հրաժարվեց «Հայաստանի պատմություն» անունով դասագիրք հեղինակելուց եւ մրցույթին ներկայացնելուց: Հեղինակային խմբի մյուս անդամներն էլ իրենց համաձայնությունը հայտնեցին եւ հրաժարվեցին «Հայաստանի պատմություն» վերնագրով դասագիրք գրել եւ մրցույթի ներկայացնել»։ Զրուցակիցս  նկատում է, որ նույն պատճառաբանությամբ նաեւ «Էդիտ Պրինտն» էր հրաժարվել մասնակցել մրցույթին:

Ինչ վերաբերում է «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հեղինակային խմբի կողմից այս տարի ստեղծված եւ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքին, որը դեռ դպրոցներ չմտած արդեն մեծ աղմուկ է առաջացրել, Ա. Մալոյանն ասում է, որ ժամանակի սղության պատճառով խորությամբ չի ուսումնասիրել, բայց ծանոթացել է Հայկ Դեմոյանի դիտարկումներին, որը դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տվել էր 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար։ «Միայն աչքովս ընկավ, որ դասագրքում, որպես այդպիսին, «Հայրենական մեծ պատերազմ» տերմին գործածված չէ, եւ դրա փոխարեն գործածված է «խորհրդա-գերմանական պատերազմ» եւ խոսվում է 2-րդ համաշխարհայինի համատեքստում, ինչը մասնագիտական առումով այնքան էլ ճիշտ չէ եւ չի արտացոլում պատմական իրականությունը»,- եզրափակում է պատմաբանը: