27/08/2025

ԳԽ պատգամավորներն ինչ են քննարկել ՀՀ առաջին նախագահի հետ․ Լուսանկար

«Գերագույն խորհրդի պատգամավորներս այցելեցինք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին` շնորհավորելու նրան 80-ամյակի, ինչպես նաեւ՝ խորհրդարանի եւ Անկախության հռչակագրի հոբելյանական՝ 35-ամյա տարեդարձների կապակցությամբ»,- հայտնել էր ԳԽ պատգամավոր Ռուբեն Թորոսյանը։

Հանդիպման ժամանակ կար­ծիք­­ներ փոխանակվեցին երկրի այսօրվա մտահոգիչ իրավիճակի եւ այն հաղթահարելու հնարավոր ուղիների մասին։

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ հետագայում նման հանդիպումների անցկացման մասին՝ ի նպաստ մեր երկրում ժողովրդավարության, այդ թվում՝ օրինականության հաստատման գործին»․- նշել էր նա:

Հանդիպման ներկաներից Ալեքսան Հակոբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ հարցեր են քննարկել հիմնադիր նախագահի հետ, ինչպե՞ս ծագեց նրան այցելելու միտքը, հանդիպման ժամանակ քննարկեցի՞ք ներկայիս Հայաստանի խնդիրները, թե՞ ոչ: Հակոբյանն ասաց. «90 թվականի պատգամավորներով գնացինք…. ես վերջին պահին հասցրի գնալ հանդիպմանը: Անձնական հարցեր կային:

Պատգամավորական խորհուրդը պետք է այցելեր, ես խորհրդի անդամ չեմ, ինձ նույնպես առաջարկեցին, ես էլ գնացի, միացա նրանց: Տարբեր հարցեր քննարկեցինք, սակայն, որպես այդպիսին, դրանք անցյալի մասին էին: Լուրջ հարցեր հատուկ չենք քննարկել: Ժամուկես մնացինք, հիմնականում հիշում էինք, հյուրասիրվում էինք, այդպես….

Շատ հաճելի զրույց ունեցանք առաջին նախագահի հետ: Ներկայիս Հայաստանի մասին հարցեր առանձնապես չենք քննարկել, սակայն ընդհանուր առմամբ գտել ենք, որ ներկան լավը չէ»: Անկախության հռչակագրի մասին հարցեր չե՞ք քննարկել․ Փաշինյանն այն համարում է վտանգավոր, սխալ, թերի, ավելորդ։ «Այն, ինչ ասվում է, ոչ մի բանի նման չէ:

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագիրը սխալ համարողներին, ապա գլուխները պատով են տալիս, որ նման բան են ասում: Մենք, ընդհանուր առմամբ, լավ բաների մասին ենք խոսել, նովելատիպ պատմություններ: Հիշեցինք, թե ինչպես ընդունվեց հռչակագիրը, այդպես, ուրիշ հարցեր չենք քննարկել»:

«Հրապարակ». Ինչ են քննարկել Տեր-Պետրոսյանի հետ