27/08/2025

Ովքեր են սողացող պատերազմի երկրի զբոսաշրջիկները

Հայաստանի վարչապետ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ տուրիզմը մեր առաջնահերթություններից է, ռազմավարության մշակումից է խոսում: Կառավարությունը ներդրումային ուղեցույցներ է մշակում, որոնցով պետք է առաջնորդվի էկոնոմիկայի նախարարությունը՝ գումարներ ներգրավելու համար:

Օրերս էլ համացանցում լայնորեն տարածվեց Փաշինյանի հավակնոտ արտահայտությունը, թե տուրիզմը Հայաստանում իր լավագույն ժամանակներն է ապրում։ «2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ․ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու…

Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետեւ հիմա արդեն լավ է։ Որովհետեւ այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է»,- գրել է ՀՀ վարչապետը սոցցանցի իր էջում:

Ինչի՞ց որոշեց, որ հիմա արդեն լավ է, անհասկանալի է: Հայաստանի զբոսավայրերը, այնտեղ գտնվող ռեստորաններն ու հյուրանոցները հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, միայն փախչելու ցանկություն են առաջացնում, իսկ Սեւանի ափերը վերջնականապես ահռելի աղբանոցների են վերածվել:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի թվերին նայելով՝ որոշակի աճ, իրոք, տեսնում ենք, որը, սակայն, տուրիստական բում համարելը չափազանցություն է: 2025 թվականի հունվարից մինչեւ ապրիլ ներառյալ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ անշեղորեն իջել է: Մայիսից է միայն սկսվել վերելքը: 2024 թվականի մայիսի 167 հազարի փոխարեն այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 181 հազար զբոսաշրջիկ, հունիսին՝ 215 հազար (180 հազար՝ 2024-ի հունիսին) եւ 264 հազար՝ հուլիսին՝ նախորդ հուլիսի 238-ի փոխարեն (թվերը կլորացված են՝ Ս. Ս.):

Անցյալ տարի զբոսաշրջության կոմիտեի տվյալներով Հայաստան է ժամանել մոտ 2 մլն 208 հազար 179 զբոսաշրջիկ, ինչը 4․6 տոկոսով քիչ է նախորդ տարվանից: Բայց եթե համեմատենք 2019 թվականի հետ, ապա 4 տարում տուրիստների ընդհանուր հոսքը Հայաստան ավելացել է ընդամենը 16 տոկոսով: Սա աճ է, բայց ոչ այն աճը, որի համար վարչապետը կարող է պարծենալ, թե ապագան այսօր է:

Ինչի՞ արդյունք էր թվերի նվազումը տարեսկզբին եւ աճը մայիսից: Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Գեւորգ Բաբայանը համարում է, որ նվազումը կախված էր ռուս միգրանտների՝ Հայաստանից մեկնելով: Բայց միայն միգրանտներով չի չափվում տուրիզմը: Այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, ունեն իրենց բարեկամները, ընկերները, որոնց այցելում են: Ժամանակին Ռուսաստանից այցելողների թիվը մոտ 50-53 տոկոս էր, հիմա 39 տոկոս է ինչը շատ լավ է, մենք նկատում ենք բազմազանության ավելացում»:

Փորձագետը, վկայակոչելով զբոսաշրջության կոմիտեի տվյալները, Վրաստանից այցելությունների աճ է նկատում: Բայց պետք է հաշվի առնել, որ վրացիները այնքան էլ գնողունակ չեն, շատ գումար չեն ծախսելու Հայաստանում: «Կարծում եմ՝ այն միջոցառումները, որ եղան Հայաստանում ՝ Զեմֆիրայի համերգը, մյուսները, բերում են իրենց հետ հոսքեր»:

Ըստ Բաբայանի, առաջարկվող ծառայությունների որակը խդնդրահարույց է, բիզնեսը, որը ծառայություններ է մատուցում զբոսաշրջիկնեին, «հետադիմական» է: «Սա մասնավոր սեկտորի խնդիրն է, շատ հետամնաց է հայկական տուրիզմը», – ասում է նա:

Արդյո՞ք տուրիստական հոսքերի մեջ ներառված են Ռուսաստանից, Հնդկաստանից եկած միգրանտները, որոնք դասական իմաստով զբոսաշրջիկ չեն, այլ այստեղ են հանգամանքների բերումով: «Այդ բոլոր թվերը ներառված են, նրանք ներկայացվում են որպես զբոսաշրջիկներ: Անգամ եթե ունեք սփյուռքից բարեկամներ, որոնք տարին մի քանի անգամ այցելում են, նրանք էլ են զբոսաշրջության մեջ հաշվի առնվում: Բայց սա ինչ- որ իմաստով արդար է, որովհետև այդ մարդիկ գալիս, գումար են ծախսում, անգամ եթե տեսարժան վայրեր չեն գնում, միեւնույն է, այցելում են այլ երկիր, կարճաժամկետ, որը զբոսարջության տրամաբանության մեջ է»:

Ըստ փորձագետի, ռուս էմիգրանտները մինչև այն պահն են տուրիստ, երբ որ նրանք կեցության քարտ չեն ստացել: «Քանի իրենք ապրում են վիզայով, այն թույլտվությամբ, որը զբոսաշրջիկին հասանելի է, նրանք տուրիստ են, նույնը հնդիկներն են: Այս թվերում նաև նրանք են, ովքեր չունեն աշխատանքային պայմանագիր, բայց եկել են Հայաստան»:

Նկատե՞լ եք արդյոք որպես փորձագետ, որ պետությունը արտոնություններ տա զբոսաշրջությանը, որպես ճյուղի, որը առաջատար է հայտարարվում: Ոչ՝ պատասխանում է փորձագետը: «Այն հատուկ գլոբալ արտոնություն չունի: Եթե կան առանձին կազմակերպություններ, որոնք պետությունը արտոնություն է տվել նրանց առանձնահատուկ կարողությունների համար, սա այլ է, բայց զբոսաշրջությունը հարկվում է ընդհանուր նորմերով»: Ըստ փորձագետի, արտոնություններ տալ տուրիզմին չարժե, պետությունը տարբեր ավիաընկերություններ է բերում, որոնք ակտիվորեն գովազդում են Հայաստանը, այն աշխարհի հետ են կապում մատչելի ուղիղ թռիչքներով, եւ մոտակա տարիներին տուրիստների հոսքը, ըստ նրա, ավելանալու է:

Դեպի Սյունիք զբոսաշրջությունը կրճատվե՞լ է, ինչո՞ւ՝ հարցին Գեւորգ Բաբայանը պատասխանում է. «Սյունիքում, վստահ եմ, որ կրճատվել է: Վերջերս հյուրեր ունեի, մինչև Սյունիք գնալը նրանք միլիոն հարց տվեցին անվտանգության հետ կապված։ Բայց ինքներդ գիտեք, որ եթե խնդիր լինի, Երեւանում էլ մենք չենք ունենա ապահովություն: 20 թվականին դրոնը եկավ, հասավ Երեւան»:

Զբոսաշրջային բիզնեսը Հայաստանում արտոնյալ չէ, թեեւ հայտարարվում է, որ այն առաջնահերթություն է, եւ, հետեւապես, այն վերելքը, որն արձանագրվել է, կապ չունի հմուտ կառավարման հետ: Այլ կերպ ասած՝ պետությունը զբոսաշրջային բիզնեսի զարգացման հետ կապ չունի: Ճշմարտությունն այն է, որ ոչ մի զբոսաշրջիկ չի ուզում սողացող պատերազմի երկիր գնալ, իսկ նրանց, ովքեր եկել են, սահմանին ոչ ոք չի հարցնում, թե ինչ մտադրությամբ են եկել, արդյոք տուրի՞ստ են, թե՞ հետագայում աշխատելու կամ կեցության հեռանկար ունեն: Հետեւապես, ներկայացվող թվերն ընդամենը Հայաստան ժամանողների քանակն են՝ բուն զբոսաշրջության զարգացման հետ կապ չունեցող: