«Օգոստոսի 22-ին՝ ուրբաթ օրը, մեր երկրի հետ միասին Հարավային Կովկասի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի հիմքը դրեցինք»,- կառավարության նիստից հետո օգոստոսի 25-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Խոսքը Կարս-Նախիջևան երկաթուղու մասին է, որի հիմնարկեքի արարողությունը կայացել է Իգդիրում: Աչքի է զարնում մի հանգամանք. 2007 թվականի նոյեմբերին, երբ սկսվել է Բաքու-Թբիլիսի – Կարս երկաթգծի կառուցումը, հիմնարկեքին մասնակցել են Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Սաակաշվիլին և Ալիևը:
Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնարկեքի արարողությունը չափազանց համեստ էր, ներկա է գտնվել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլուն, թեև սկզբունքորեն դրա կարեւորությունը շատ ավելին է եթե նկատի ենք ունենում, որ «ի կատար է ածվում թուրքական աշխարհի մեկդարյա երազանքը»:
Փաստացի այդ արարողությանը ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն են բացակայել, այլև Բաքվից ոչ մի պաշտոնյա ներկա չի գտնվել:
Չափազանց արտառոց է, որ այդ առթիվ անգամ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույց չի կայացել, նրանք ողջույնի, շնորհավորանքի ուղերձներ չեն փոխանակել: Ինչ վերաբերում է թեմայի տեղեկատվա-քարոզչական գեներացմանը, ապա Բաքվի մամուլը բավարարվել է միայն թուրքական կողմի լրատվության կրկնօրինակմամբ:
Նախագծի մասին ադրբեջանական կողմը փորձագիտական-վերլուծական բնույթի նյութեր գրեթե չի հրապարակել:
Ի՞նչ է թաքնված Էրդողանի ոգևորության և Ալիևի առերևույթ լռության ենթատեքստում: Ալիևը Վաշինգտոնում պարտավորվել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ տեղեկատվա-քարոզչական «ֆուրոր չստեղծե՞լ», թե՞ Էրդողանն է «դեպքերից առաջ ընկնում»:
Արժե, թերևս, հիշեցնել, որ Թբիլիս-Կարս ճիշտ Կարս-Նախիջևան՝ 224 կիլոմետր երկարության , երկաթգծի նախնական արժեքը գնահատված էր 600 միլիոն դոլար, որ շինարարության ընթացքում ավելացավ և կազմեց գրեթե մեկ միլիարդ:
Էրդողանն ասում է, որ երկգիծ և լիովին էլեկտրաֆիկացված գծի կառուցումն արժե 2,4 միլիարդ եվրո: Այդ գումարը Թուրքիան վերցնում է որպես վարկ: Իսկ թե քանի՞ տարի կտևի կառուցումը՝ ոչ ոք վստահաբար չի կարող ասել: Գուցե Ալիևի լռությունը դրանո՞վ է պայմանավորված:
Բաց մի թողեք
«Օսմանյան աշխարհագրությունը վերահաստելու» Էրդողանի ռազմա-քաղաքական նախագիծը ձախողվում է
Հայաստանն այլեւս նախընտրական տրամաբանությամբ է ապրում
Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի համագործակցությունը նոր մասշտաբ է ստանալու․ Էրդողան