Ինչպես հայտնել ենք, օգոստոսի 27-ին Արարատ քաղաքի՝ ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել։
Իրավապահները արձանագրել են, որ «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ է։
Shamshyna.com-ը գրել է, որ իրավապահները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ է մտնում նաև այն, որ հնարավոր է անհայտ անձը կամ անձինք փորձել են գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում են ուղարկել նշված գործարանի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է:
Ըստ լրատվամիջոցի՝ հակատանկային արկը չի պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ:
«Քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն են բերել գործարան, աշխատակիցները տեսակավորել են այն և այդ ժամանակ նկատել են կպչուն ժապավենով փաթեթավորված պարկ, և քանի որ չի երևացել, թե պարկի ներսում ինչ կա, աշխատակիցները պարկը հեռացրել, ապա բացել են, որտեղ հայտնաբերել են ցինկից խողովակ, որի մեջ նկատել են հակատանկային արկը, և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ, ապա կպայթեր կամ եթե չպայթեր, այնուհետև տեղափոխելու էին ձուլարան, և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր, և տեղի կունենար ողբերգություն, քանի որ ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում՝ գուցե այն ողբերգական ավարտ ունենար»,- գրել է ԶԼՄ-ն:
Դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են՝ օգոստոսի 27-ին՝ ժամը 20:25-ին, Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ գործարանի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ բեռնատարով գործարան բերված երկաթի թափոնների մեջ աշխատակիցները նկատել են հակատանկային արկ՝ փաթեթավորված պոլիէթիլենային պարկով:
Իրավապահները արձանագրել են արկի հայտնաբերման փաստը, և ներկայումս ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ բեռնատարի վարորդին հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
«Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հավելել են ՔԿ-ից:
Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը փորձել է կապ հաստատել նաև Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, սակայն մեզ չի հաջողվել:
«Հայկական ժամանակ»-ին, սակայն, գործարանի աշխատակիցներից ոմանք, որոնք չեն ցանկացել ներկայանալ, հայտնել են, որ արկը տեղադրողները բավականին լավ տեղեկացված են եղել, թե ինչ չափի է վառարանը, և ինչ չափի արկ է հարկավոր, որ այն չբացեն, չկտրեն, այլ միանգամից տեղադրեն վառարանի մեջ:
Վերջիններիս խոսքով՝ արկը տեղադրված է եղել խողովակի մեջ, հասկացել են, որ քաշն այն չէ, և բացել են: Այն տեղադրված է եղել մյուս ջարդոնների տակը, որպեսզի չերևար: Ըստ որոշ կասկածների՝ մոտ 10 օրվա փաթեթավորված էր:
«1500 աստիճան վառարանի մեջ եթե մտներ ու պայթեր, տարածքում ոչինչ չէր մնա»,- պնդում են աշխատակիցները:
Վերջիններիս կարծիքով՝ սա ուղղված է մեկ անձի՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի դեմ, քանի որ նա ամերիկյան ներդրումներ է բերում Հայաստան և փորձում է ռազմարդյունաբերությունը զարգացնել:
Նրանք մատնանշում են այն, որ ռուսամետ շրջանակները սկսել են քարոզչություն իրականացնել, թե այն չէր պայթի, շոու է և այլն: Սրանից արդեն ամեն բան պարզ է դառնում:
Բաց մի թողեք
«ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է եղել
Բաքվի նոր ակնկալիքը Երևանից․ Երբ կվճռվի ԵԱՀԿ ՄԽ ճակատագիրը
Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանի և իսրայելական «Xana Gardens» ընկերության միջև նոր կասկածելի գործարք է կնքվել