29/08/2025

Խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում, որ բոլոր առնչվող հարցերը լուծված են․ Փաշինյան

Այսօր՝ ՀՀ կառավարության նիստից հետո, արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանն իջել է նախասրահ՝ պատասխանել լրագրողների հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում, որ բոլոր առնչվող հարցերը լուծված են։

«Երբ մենք ասում ենք, որ խաղաղություն է հաստատվել, դա չի նշանակում, որ կողմերը այլևս խնդիրներ չունեն իրար հետ։ Նման բան չի լինում նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ երբևէ կոնֆլիկտ չի եղել, և նույնիսկ բարեկամական հարաբերություններ ունենք»,– նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ միջպետական հարաբերությունների զարգացումը դինամիկ գործընթաց է, որի ընթացքում կողմերն ունեն ինչպես համաձայնություններ, այնպես էլ անհամաձայնություններ, որոնք չեն փոխում ընդհանուր պատկերն ու խաղաղության հաստատման փաստը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է որոշ պահանջներ առաջադրել, օրինակ՝ Սահմանադրության փոփոխությունների հարցում, ինչը բնական գործընթաց է հարաբերությունների կարգավորման փուլում։