Սեպտեմբերի 2-ը կարող է դառնալ հայ ժողովրդի հավաքական արժանապատվության, ազգային ինքնագիտակցության ու քաղաքական կամքի դրսեւորման, թեկուզ խորհրդանշական ու այս պահին գուցե գործնականում քիչ բան տվող, բայց կարեւոր հանգրվան ու ազդակ առ այն, որ Փաշինյանի ասածի ու արածի հետ ինքը համաձայն չէ:
«Աշխարհը պետք է տեսնի, որ մենք չենք ուրանում, չենք մոռանում եւ շարունակում ենք մեր պայքարը»,- այս շեշտադրմամբ էր ՀՅԴ ԳՄ-ն անոնսում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, Ազատության հրապարակում կայանալիք հավաքը:
Հավաքական ընդդիմության նիրհի պայմաններում, երբ Փաշինյանի պարտվողական քաղաքականությանը փաստացի ծրագրային այլընտրանք չի ներկայացվում, այս հավաքը կարելի է տեղավորել «բարոյական հաղթանակների» շարքում, եթե հայ հասարակությունն իսկապես գիտակցի դրա կարեւորությունն ու իր ներկայությամբ Փաշինյանին ցույց տա, որ չնայած հեղափոխություն չի արել, բայց, միեւնույն է, համաձայն չէ նրա հետ ու չի կարծում, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության թիվ մեկ սպառնալիքն Արցախն էր:
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը «Հրապարակ»-ին ասում է՝ արցախահայությունն ու նրա կողմից ընտրված մարմինները, ստեղծված իրավիճակին զուգահեռ, պայքարում են Արցախ հավաքական վերադարձի իրավունքի համար, չնայած ՀՀ իշխանությունը փակել է Արցախի էջը եւ վախենում է անգամ «Արցախ» բառն արտաբերել:
«Տասնամյակներ, ինչու ոչ՝ դարեր շարունակ, Արցախը եղել է Հայաստանի անվտանգային համակարգի կարեւոր բաղադրիչը, եւ մենք ականատես եղանք նրան, որ այդ բաղադրիչը սասանվելու, այսինքն՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պարագայում ինչ կատարվեց՝ բռնազավթվեց Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասը, եւ վերջը չի երեւում, թե ինչ է լինելու»,- ասում է մեր զրուցակիցը:
Վահրամ Բալայանը, իհարկե, պատրանք է համարում ՀՀ գործող իշխանությունների թմբկահարած «խաղաղությունը», ասում է՝ բավական է լսել, թե ինչ է հայտարարում Ալիեւը՝ որ շարունակելու են զինվել, քանի որ գիտեն, թե ովքեր են իրենց հարեւանները:
«Թե՛ վարչապետը, թե՛ պետական իշխանության մարմինները, հատկապես՝ ՔՊ-ական, անգամ փորձ չեն անում «Արցախ» բառն օգտագործել կամ գոնե գերիների հարցին լուծում տալ։ Հասկանալի է, որ Բաքվի կողմից ճնշումներ կան, բայց նաեւ իրենց մտածելակերպն է, համոզմունքը: Եվ կյանքն ու ժամանակը, հավանաբար, ավելի շատ փակագծեր կբացեն այն մասին, թե ինչ է եղել 2018 թվականից առայսօր»,- շեշտում է Բալայանը՝ ընդգծելով, որ իրենք՝ արցախահայերն էլ խաղաղություն են ցանկանում, բայց ռեալ, իրական խաղաղություն՝ հիմնված պատմական արդարության ու մարդու իրավունքների վրա:
Վահրամ Բալայանը պատահական չի համարում, որ այս փուլում ՀՀ իշխանության ու անձամբ Փաշինյանի խոսույթը հակաարցախյան է: Ադրբեջանի երկու հիմնական պահանջներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն էր, ինչի շուրջ համաձայնությունն արդեն կայացել է:
«Ալիեւը հասկանում է, որ այդ կառույցը որոշակի իրավասություններով օժտված էր, նա տեսնում է, որ եվրոպական տարբեր մայրաքաղաքներ ժամանակ առ ժամանակ խոսում են այն մասին, որ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ է իրականացրել Արցախում, նա տեսնում է, օրինակ, Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը, ԱՄՆ-ի կոնգրեսականների դիմումները եւ հասկանում է, որ հարցը փակված չէ: Իրենց հերթին արտաքին ուժերն էլ քաջ գիտակցում են, որ Արցախի Հանրապետության ոչնչացումը տարածաշրջանում ուժերի բալանս է փոխել՝ դրանից բխող հետեւանքներով՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտից մինչեւ զարգացումներ Սիրիայում ու թուրքական աշխարհի ուժեղացում: Այսօր Թուրքիան ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի տարածքն ու ազդեցությունը, իսկ Ադրբեջանը նրա ծնած արհեստական պետությունն է»,- ՄԽ-ի լուծարման հարցում Բաքվի շտապողականությունն ու հրճվանքն այսպես է մեկնաբանում Վահրամ Բալայանը:
Վերադառնալով սեպտեմբերի 2-ի հավաքին՝ նա կարեւորում է ոչ միայն արցախահայերի, այլեւ ամբողջ հայ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը եւ գիտակցումը, թե, ի վերջո, ինչ է տեղի ունեցել.
«Եթե անհատական մակարդակում դիտարկենք, սա ամեն մեկի անձնական ողբերգությունն է, որը, ի վերջո, նա իր հետ տանում է, բայց գլոբալ հարթությունում սա ազգային ողբերգություն էր: Հայ ժողովուրդը, որ հավաքական, 42 հազար ք/կմ ազգային կենսագործունեության տարածք ուներ, շատ կարճ ժամանակում 12 հազարը կորցրեց, սա հանրության համար ողբերգություն պետք է լինի: Հասարակությունը պետք է հասկանա, որ յուրաքանչյուրն անձնական պատասխանատվություն ունի եւ պետք է գիտակցի, որ կրակն իրեն է մոտենում, չնայած նրան, որ այս պահին ինքը Երեւանի կենտրոնում առողջ ու խաղաղ է»: Բալայանն այս գիտակցումը պահանջ դարձնելու հարցն առաջին հերթին էլիտայի խնդիրն է համարում, որն իր անձնական հոգսերով ապրող քաղաքացուն պետք է հասցնի այդ պահանջն ու այն գիտակցումը, որ կեղծ են վախերը, թե հայ ժոովուրդն այլեւս ոչինչ չի կարող անել: «Այդ նույն ժողովուրդն էր, չէ՞, 1992-94 թվականներին հաղթանակ կերտում այդ նույն ուժերի հարաբերակցության պայմաններում: Համազգային միասնականություն ու համերաշխություն ձեւավորելը, անտարբերությունը կոտրելն ու 80-90-ականների մթնոլորտ ստեղծելն է գլխավոր խնդիրը»,-կարծում է նա:
Ինչ վերաբերում է մասնավորապես տեղահանված արցախահայերի իներտությանը, Բալայանն ասում է՝ այստեղ էլ կա խնդիր, մարդիկ մխրճված են սոցիալական բազում խնդիրների մեջ ու հաճախ առավել կարեւորը չեն տեսնում, երկարաժամկետ պայքարի անհրաժեշտությունը չեն գիտակցում: «Ժողովուրդն իրեն դուրս է դրել ազգային, պետական հարցերից, ուզում է առօրյա հոգսերով ապրել: Մտավորականությունը, քաղաքական ուժերն այստեղ շատ անելիք ունեն»,- եզրափակում է Վահրամ Բալայանը:
Բաց մի թողեք
Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին
Լիլիթ Մակունց` անգին քարը, կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Իրան – Բյուզանդիա հավիտենական հաշտության պայմանագիրն ընդամենը յոթ տարվա կյանք ուենցավ