Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ցնցումների մեջ ընկավ, երբ նրան հիշեցրինք, որ Կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ համաձայն է ՀԷՑ-ի մասով Սթոքհոլմի արբիտրաժի կայացրած որոշման հետ, և որ ՀԾԿՀ-ն պետք է հետ կանչի օրենքի խախտմամբ ՀԷՑ տնօրեն նշանակված Ռոմանոս Պետրոսյանին։
«Ո՞վ է ասում, որ կառավարությունն ընդունում է»,- զարմացավ Փաշինյանը։
Երբ MediaHub-ը կողքից հուշեց, որ կառավարության անունից է այդպիսի դիրքորոշում ուղարկվել ՀԾԿՀ-ին, Փաշինյանը բառի բուն իմաստով ցնցումների մեջ ընկավ՝ իրեն դնելով Լյուդովիկոս 14-րդի տեղը։
«Ով տենց դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի գնա: Կառավարությունը ես եմ, չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում հայտնել»,- հայտարարեց Փաշինյանը, հերթական անգամ ցույց տալով, որ ինքը թքած ունի ցանկացած դատարանի որոշման և ցանկացած մեկի դիրքորոշման վրա և ոտքի վրա աշխատանքից ազատելով այդպիսի դիրքորոշում գրողին։
Իսկ ո՞վ է կառավարության անունից այդպիսի դիրքորոշում հայտնողը։
Բանն այն է, որ սույն թվականի օգոստոսի 6-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նամակ էր գրել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ մեջբերելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր հանդիսացող «Տաշիր կապիտալ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի գրությունն՝ ուղղված իրենց, որով ակնկալում են անհապաղ կատարել Ստոքհոլմի արբիտրաժի վճիռը։ ՀԾԿՀ-ն Արայիկ Հարությունյանից այս նամակով ակնկալում է կառավարության դիրքորոշումը՝ կապված Սթոքհոլմի արբիտրաժի կայացրած վճռի և Նարեկ Կարապետյանի պահանջի հետ։
Ի պատասխան ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գրության՝ կառավարության անունից ՀՀ միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Լիպարիտ Դրմեյանը պատասխանել է, որ արբիտրաժային վճիռը կողմերի կողմից ենթակա է անհապաղ պարտադիր կատարման (ստորև կցում ենք Դրմեյանի ուղարկած նամակի պատճենը)։
Ըստ այդմ, հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, որ իր ղեկավարած կառավարության ու այդ կառավարության աշխատակազմի ղեկավարի անունից ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ Լիպարիտ Դրմեյանը դիրքորոշում է հայտնել, որը բացարձակ չի բխում իր մոտեցումից, քանի որ, ինչպես ինքը այսօր նշեց, «չի կարա որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում հայտնել»։
Հետաքրքիր է՝ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը կազատի՞, արդյոք, աշխատանքից իր դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում հայտնած Լիպարիտ Դրմեյանին, թե՞ Դրմեյանն արդեն ինքնուրույն գլխի է ընկել և ազատման դիմումն արդեն գրել է։
Վահե Մակարյան, MediaHub.am
Բաց մի թողեք
Լիլիթ Մակունց` անգին քարը, կնշանակվի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Իրան – Բյուզանդիա հավիտենական հաշտության պայմանագիրն ընդամենը յոթ տարվա կյանք ուենցավ
Նախկին ոստիկանապետի վարորդը սկանդալի մեջ է հայտնվել