«Անվտանգ սնունդ» տեղեկատվական-հետազոտական ՀԿ-ի և կայքի լրագրողներ Տաթև Խաչատրյանը և Անի Սարգսյանը ուսումնասիրություն էին իրականացրել «Քաղցկեղածին թունաքիմիկատներ միրգ-բանջարեղենում. ինչ է մեր «առողջ» ափսեի մեջ» վերտառությամբ, որին մասնակցել էր նաև «Էկոկենտրոն» կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը։
Ըստ այդ ուսումնասիրության, 2019-ի և 2021-ի պետական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված թունաքիմիկատների պարունակությունը հայկական միրգ-բանջարեղենի մեջ մտահոգիչ է՝ հատկապես քաղցկեղի զարգացման հավանականության մեծացման տեսանկյունից: Ներկայացված ցուցանիշներն ու ռիսկերը հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ են դարձել:
Անդրադարձ էր կատարվել նաև համապատասխան պետական մարմինների գործունեությանը, ուստի արձագանքն իրեն սպասեցնել չտվեց: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` ՍԱՏՄ-ն մի երկար հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էին, որ առանց պեստիցիդների գյուղատնտեսությունը չի կարող գոյություն ունենալ և որ միայն լիցենզավորված ու գրանցված թունաքիմիկատներ են երկիր ներկրվում:
«Հայաստանը հանդիսանում է Ստոկհոլմի և Ռոտերդամի կոնվենցիաների անդամ երկիր, որոնց հավելվածներում սահմանված քաղցկեղածին և հատկապես վտանգավոր պեստիցիդների ցանկերը արգելված են անդամ երկրներում։ Այդ արգելքները կիրառվում են նաև ՀՀ-ում: Իսկ թույլատրված (գրանցված) պեստիցիդների ցանկը հրապարակված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՍԱՏՄ-ն հավելում է․«Հայաստանում կա շուրջ 350, 000 գյուղացիական տնտեսություն վարող, և ինչպես ողջ աշխարհում՝ Հայաստանում ևս պեստիցիդների կիրառման հարցում խախտումների հավանականությունը չի կարող ամբողջությամբ բացառվել… Մնացորդների գերազանցման դեպքերը հիմնականում հետևանք են գյուղատնտեսական ոչ պատշաճ գործելակերպի՝ կիրառվող չափաքանակների (դոզաների), դրանց պարբերականության ու սպասման ժամկետները չպահպանելու և այլն։
Խնդրի լուծմանը նպաստելու նպատակով՝ Տեսչական մարմինն աշխատում է ֆերմերների, գյուղացիների հետ՝ իրազեկելով և խորհրդատվությամբ»:
ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ սննդագետ Դավիթ Պիպոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրության թե տեքստում, թե վիդեո-տարբերակում հստակ նշվում է, որ Հայաստանում մրգի և բանջարեղենի մոնիթորինգի ժամանակ բացահայտվել են քաղցկեղածին թունաքիմիկատների քանակները գերազանցող դեպքեր:
«Ավելին ասեմ, այդ մոնիթորինգները իրականացվել է ՍԱՏՄ-ի կողմից և այն լաբորատորիայի, որը նշված է ՍԱՏՄ-ի կողմից: Եվ նյութը բացարձակապես անկախ փորձաքննության վրա չի հիմնված, որ ասեն` փորձաքննության մեթոդը կամ նմուշառման մեթոդն այլ է: Նմուշառումն իրականացրել են ՍԱՏՄ տեսուչները, լաբորատոր փորձաքննությունն իրականացվել է իրենց իսկ սեփական լաբորատորիայում: Եվ այս տեքստում ևս իրենք հստակ նշել են, որ հայտնաբերվել են այդ խախտման դեպքերը:
Իսկ նյութում բացարձակապես չի ասվում` ինչով է պայանավորված քաղցկեղի աճը: Ավելին ասեմ, որևէ մեկը չգիտի՞, որ քաղցկեղի վրա ազդող գործոնները բազմաթիվ են ու բազմատեսակ, ավելին` տարբեր տեսակի քաղցկեղների վրա ազդող գործոնները շատ տարբեր են, բայց եթե հայտնաբերվել են քաղցկեղածին թունաքիմիկատներ սննդամթերքի մեջ, դրանից բացարձակ էությունը չի փոխվում:
Այս լրագրողական նյութի իմաստը այդ գործոնի քննարկումն է, մնացած գործոններով զբաղվողներն էլ թող այդ գործոններն անեն՝ ծխողները թող ծխելու ազդեցությունը չափեն, օդի աղտոտվածության մասնագետներն էլ օդի աղտոտումը չափեն: Այսինքն, որևէ մեկը կարո՞ղ է հերքել, որ գործոններից մի շատ էական գործոն` մարդու սննդակարգի գործոնից որևէ բան չի փոխվում մեր կյանքում»,-ասաց Պիպոյանը:
Հարցին, որ ՍԱՏՄ-ն հաղորդագրության մեջ ակնարկում է, որ անհնար է Հայաստանում գործող 350 հազար գյուղատնտեսական տնտեսությունների գործունեությունը վերահսկել, թե ինչ չափաբաժնով կամ պահպանման ինչպիսի ժամկետներով են թունաքիմիկատներն օգտագործում, սննդագետն ասաց. «Դա արդեն իսկ ինքնախոստովանական ցուցմունք է: Դա նշանակում է` ունենք տեսչական մարմին, որը չի երաշխավորում սպառողների անվտանգությունը»:
Պիպոյանի համար դա նորություն չէ՝ լինի 350 հազար, թե 30 հազար, ՍԱՏՄ-ն ոչ մեկի անվտանգությունն էլ չի ապահովում, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մարդը կարող է թունաքիմիկատը սրսկել՝ առանց համապատասխան ժամկետը ստուգելու, ապա մթերքն իրացնել ցանկացած բակում: «Դա ի՞նչ է նշանակում, որ երկրի անվտանգային համակարգն այնպիսին է, որ դուք կարող եք շրջանցել ու առանց համապատասխանության գնահատման, բերել ձեր բերքն իրացնել. դա ի՞մ պրոբլեմն է:
Մենք շատ կարևոր խնդիր ենք բարձրաձայնել, ավելին ասեմ, ՍԱՏՄ-ն իրենց նյութում գրել է, որ իրենք 2024 թվականին էլ են իրականացրել մոնիթորինգ, կտեսնեք, որ այդ մոնիթորինգի արդյունքներն այդպես էլ չեն տրամադրվել լրագրողական խմբին: Այստեղից հարց` եթե դուք իրազեկման գործառույթ ունեք, ինչո՞ւ չեք ուղարկել լրագրողներին, ինչո՞ւ եք թաքցնում և այս նյութում ևս չեն գրել, թե ինչ է հայտնաբերվել:
Ինձ էլ է շատ հետաքրքիր, թե 2024 թվականի մոնիթորինգի արդյունքներն ի՞նչ են ցույց տվել. Եթե իրենք հանրությանն իրազեկելու նպատակ ունեն, ինչի չե՞ն տալիս 2024-ի արդյունքները, թող հայտարարեն, մենք էլ տեսնենք քանի խախտում է հայտնաբերվել»,-ասաց Պիպոյանը:
2019-ի, 2021-ի բոլոր դեպքերը հրապարակված են` թե ինչքան խախտումներ են հայտնաբերվել տարբեր մթերքներում, քանի տոկոսում են հայտնաբերվել, այնինչ, 2024- մոնիթորինգի տվյալները չկան: Արդեն 2025 թվականի օգոտստոսն է՝ մեկ տարի է անցել մոնիթորինգից, սակայն տվյալները հրապարակված չեն:
«Այսինքն, իրազեկումն այն արագությամբ է իրականացվում, որ մենք պարտադիր այդ թունաքիմիկատների պարունակությունները գերազանցող մթերքն ուտենք»,- նկատեց սննդագետը: Իսկ ՍԱՏՄ-ի հաղորդագրությունը Պիպոյանը որակում է որպես ինքնախոստովանական ցուցմունք. «Այդ հաղորդագրությունը` երբ որ տեքստը շատ երկար գրում ես, որ մարդը բուն էությունից կտրվի… մի շատ կարևոր խնդիր կա. Հայաստանը փոքր երկիր է համարվում, այո՞, ո՞նց եք պատկերացնում` պետական վերահսկողությունը մեծ երկրո՞ւմ է դժվար իրականացնել, թե՞ փոքր երկրում՝ բնականաբար փոքր երկրում:
Մեր ազգաբնակչության 1/3-ը մայրաքաղաքում է բնակվում: Սուպերմարկետները, խանութները շատ մեծ դեր և նշանակություն ունեն. ցանկության դեպքում հնարավոր չի՞ սուպերմարկետներում և այլ կետերում վերահսկողություն իրականացնել թունաքիմիկատների պարունակությունների գերազանցման մասով, դրանք շուկայից հանելու համար՝ մի՞թե դա հնարավոր չի, իհարկե հնարավոր է, դրա համար պետք է քաղաքական կամք»:
Բացի այդ, 2021 թվականին բազմաթիվ խախտումներ է նույն ՍԱՏՄ-ն արձանագրել, 2021 թվականին այդքան խախտում հայտնաբերվող երկրում մինչև 2024 թվականը գյուղացիներին իրազեկման աշխատանքներո՞վ են փորձում այս խնդրին լուծում տալ՝ հռետորական հարցադրում է անում Պիպոյանը և հավելում.«Դուք աշխարհում գիտե՞ք այդպիսի երկիր, որ քարոզով և իրազեկումով թունաքիմիկատի քանակ է նվազեցնում:
Ես շատ լայն միջազգային համագործակցություն ունեմ, և տարբեր երկրներում եմ լինում, տարբեր միջոցառումների եմ մասնակցում, հավատացեք` աշխարհի որ երկրում պատմեք, որ մեր երկրում հաղորդագրությունների նման տեքստեր են շրջանառվում` որ դժվար է վերահսկել, եթե դժվար է վերահսկել, ուրեմն կոմպետենտ չեք: Եթե չեք կարողանում վերահսկել` հրաժարվեք: Եթե ձեր գրագիտությունը, գիտելիքը, փորձառությունը չի բավարարում, չունեք այդ գործիքները, լծակները, մի վերցրեք այդ բեռը ձեր վրա»:
Դավիթ Պիպոյանը շեշտում է, որ այս պարագայում գործ ունենք ոչ թե անհատի, այլ հանրային առողջության հետ, այնինչ, տեսչական մարմինը պատասխանում է, որ գյուղացիական տնտեսությունները վերահսկել հնարավոր չէ: «Այսինքն, մենք այսքան մարդ, այսքան միգր, բանջարեղեն, որ ուտում ենք, դա ոչինչ` նորմալ է:
Ընդամենը բացեք 2019, 2021 թվականների խախտումները տոկոսներով նայեք, ինֆոգրաֆիկայով շատ գեղեցիկ տեղադրած է, մի՞թե ոչ մի խոսք չկար ասելու այդ թվականների խախտումների մասով:
Իրենք էլ էին գրել, որ կան քաղցկեղածին թունաքիմիկատներ, դա ևս ողջունելի է, առնվազն շնորհակալ եմ ՍԱՏՄ-ին, որ նշել էին, որ քաղցկեղածին թունաքիմիկատներ կային, որովհետև պսևդո մասնագետներ կային, ովքեր մի քանի օր շարունակ ֆեյսբուքում ամպագորգոռ հայտարարություններ էին անում, որ քաղցկեղածին թունաքիմիկատներ չկան:
Փառք Աստծո, որ պաշտոնական մարմինները հաստատեցին, որ կան քաղցկեղածին թունաքիմիկատներ», եզրափակեց Պիպոյանը:
Բաց մի թողեք
Օգոստոսի 29-ի աստղագուշակ․ Ավելի լավ է սկսել սովորական գործերից
Քոբուլեթիում զոհված 24-ամյա հայ տղայի նշանածը գրառում է արել՝ հայտնելով դեպքից մանրամասներ. Լուսանկար
Ինչ մաքսատուրքերից ազատեցին Սամվել Ալեքսանյանի ընկերությանը