Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ադրբեջանը տևական ժամանակ զգալի ֆինանսական միջոցներ է հատկացնում Սյունիքի մշակութային-պատմական ժառանգությունը յուրացնելու, հայկական այդ երկրամասի նկատմամբ իր պատմական-բարոյական իրավունակությունը հիմնավորելու համար:
Շատերիդ գուցե տարակուսելի թվա, բայց մեր շրջանների ու բնակավայրերի մեծ մասի՝ 15-18-րդ դարերում ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ փաստաթղթեր կարելի է գտնել ադրբեջանական աղբյուրներից:
Բնականաբար, այդ ամենը, ըստ ամենայնի, համեմված է հայերիս որպես ադրբեջանցիների պատմական հայրենիքում ռուսների շնորհիվ հայտնված և ռուսական հովանավորությամբ ադրբեջանական պատմական հողերը բռնազավթած ժողովուրդ ներկայացնելու քարոզչությամբ:
Նշված գործընթացը, հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից ու Արցախի հայաթափումից հետո նոր խթան է ստացել: Ադրբեջանական այս ջանքերի համատեքստում հայկական ուսումնասիրությունների, փաստագրական նյութի պակասը, իսկ երբեմն բացակայությունը բազմակի անգամ ավելի նկատելի է դառնում:
Օրինակ, իմ հայրենի Սիսիանի վերաբերյալ տեղեկություններ կամ ուսումնասիրություններ շատ քիչ կան, ըստ որում, դրանք հիմնականում սահմանափակվում են մինչև Ստեփանոս Օրբեյանի Պատմություն նահանգին Սիսական կամ ռուսական տիրապետության հաստատումից հետո ժամանակագրական շրջաններով: Նույնիսկ դրանք, սակայն, կարելի է ասել չափազանց աղքատիկ են: Հայրենաճանաչության պակասը հստակ տեսանելի է նաև տեղաբնիկների տոհմաբանության մակարդակում, երբ նրանց գերակշիռ մեծամասնության տեղեկատվությունը սեփական նախնիների, իրենց տոհմի ծագումնաբանության մասին հասնում են առավելագույնը մինչև 1830-ական թվականներ: Նույնը բնակավայրերի պատմությանն է վերաբերում: Փոխելու ենք այդ վիճակը հիմնովին, մանրամասները թող անակնկալ մնան դեռ:
Պատիվ եմ ունեցել տեղեկացնելու, որ 2026 թվականին լրանում է Գերաշնոր տեր արքեպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանի 160-ամյա տարեդարձը: Հոբելյանական միջացառումների համակարգող խորհրդի կազմը կհրապարակայնացնեմ առաջիկա օրերին, ձևավորման աշխատանքները ավարտական փուլում են: Առաջին նիստում Խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացվելու հոբելյանական միջոցառումների ցանկը, ժամանակացույցը, տարբերանշանն ու պաստառը:
Սրբազանի 160-ամյա ու պատմական գիտության բնագավառում աշխարհում ամենահայտնի ու ամենախոշոր հայ գիտնականի՝ Նիկողայոս Ադոնցի, էլի Սիսիանի Բռնակոթ գյուղում ծնված, ծննդյան 155-ամյա տարեդարձի տարին Սյունիք այցելող յուրաքանչյուրի հայի համար Սիսիանը դառնալու է հայրենաճանաչության, հայրենագիտության, հայրենատիրության ու հայրենապաշտության կրթական-մշակութային միջավայր: Միջավայր, որ կարող ենք ու պետք է ձևավորենք միասին»:






Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի․ Քոչարյան
Ադրբեջանով ռուսական ցորենի ներկրումը կապ չունի Վաշինգտոնի համաձայնագրի հետ․ Սուրենյանց
Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը». Լուսանկար․ Մարտիրոսյան