10/09/2025

Մեզ պետք չեն շարադրություններ գրող տնօրեններ, մեզ պետք են գործադիր մարդիկ

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, շուրջ 300-ից ավելի դպրոց այսօր չունի տնօրեն: Փորձագետների կարծիքով, խնդիրը պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման եւ բողոքարկման նոր կարգի մեջ է, որը կառավարությունը հաստատեց անցած տարի: 

Կառավարման նոր համակարգով նախատեսված է դպրոցի տնօրենների ընտրության եւ նշանակման եռափուլ համակարգ, ինչպես նաեւ՝ հետագայում տնօրենների գործունեության ամենամյա մոնիթորինգի եւ ատեստավորման համակարգ:

Տնօրենի նշանակման գործող կարգով՝ տնօրենի հավակնորդները ներկայացնում են դպրոցի զարգացման ծրագիր, որը մրցույթով ընտրված կազմակերպության կողմից անցնում է փորձաքննություն: Դրական շեմը հաղթահարած ծրագրերի հեղինակ հավակնորդները մասնակցում են հարցազրույցի լիազոր մարմնի շրջանակում, որի արդյունքներով էլ տեղի է ունենում նշանակումը։ Սակայն կարգի կիրարկման ընթացքում պարզվեց, որ կան դեպքեր, երբ զարգացման ծրագրերը չեն բավարարում նվազագույն պահանջներին, եւ երբեմն բացակայում է ինքնուրույն աշխատանքը, ինչի հետեւանքով շատ եւ շատ հավակնորդներ դուրս են մնում եւ չեն նշանակվում տնօրենի պաշտոնում:

Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ դպրոցներում առկա տնօրենների բազմաթիվ թափուր հաստիքներին՝ նշելով, որ 3-րդ հարցազրույցի փուլն անցկացվում է նախարարությունում` համատեղ հանձնաժողովում` բաղկացած լիազոր մարմնի եւ նախարարության ներկայացուցիչներից։ «Եթե որեւէ մեկը հաղթահարում է այդ փուլը, բնականաբար, նշանակվում է տնօրեն, եթե չի հաղթահարում` չի նշանակվում։ Սա շատ օբյեկտիվ եւ հստակ պահանջներ ունեցող գործընթաց է: Իհարկե, մենք ունենք ոլորտում նաեւ կարողությունների զարգացման խնդիր, որովհետեւ մեր ցուցանիշները ցույց են տալիս, որ ամեն 100 հավակնորդից 5-ն է, որ կարողանում է հաջողությամբ հաղթահարել ու վերջում նշանակվել»,- նշել էր Անդրեասյանն ու հավելել, որ, այդուհանդերձ, տեսանելի են որոշ դրական փոփոխություններ, իսկ հարցազրույցների զգալի մասն իր մասնակցությամբ է անցնում. «Մենք ողջ ամառվա ընթացքում էլ ունեցել ենք հարցազրույցներ՝ արդեն իրականացվող մրցույթների հավակնորդների հետ, եւ պետք է ասեմ, որ դինամիկան մի փոքր փոխվում է, ու սկսել են ավելի շատ հաղթահարել այդ փուլը»:

Դպրոցների տնօրենների մրցույթի դեպքում միակ փուլը, որի հետ հաշտ է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, հարցազրույցի փուլն է. «Այո, հարցազրույց պետք է, որպեսզի թե՛ նախարարը, թե՛ հանձնաժողովի մյուս անդամները տեսնեն, թե այդ թեկնածուն ինչպես է արտահայտվում, ինչպես է մտքերը ձեւակերպում, հայերեն ինչպես է խոսում, բանիմաց է, թե ոչ․ սա կարեւոր է: Սակայն մյուս երկու փուլերում մենք ունենք խնդիրներ, սկսենք թեստերից, եթե դուք տեսնեք, թե այդ հավաստագրման թեստերում ինչ տարօրինակ հարցեր կան, օրինակ, տնօրենի հավաստագրման թեկնածուին հարցնում են, ենթադրենք` «այս հարցն ով պետք է լուծի», եւ որպես պատասխան գրված է` «համապատասխան կառույցը»: Կամ՝ թեստային հարց են տալիս, որի պատասխանը 15 տող է: Հիմա այդ մարդը ո՞նց պետք է այդքանն անգիր հիշի, երբ դուք կարող եք արանքում մի բառ փոխել, եւ ինքը չհիշի դա»:

Փորձագետը կողմ է, որ տնօրենի հավակնորդները թեստ հանձնեն, բայց այդ թեստերի հարցերը պետք է շատ որակյալ լինեն, միաժամանակ «անցողիկ շեմն էլ դրված է 90 տոկոս, ինչը ճիշտ չէ, գոնե 80 տոկոս պետք է լինի անցողիկ շեմը, որովհետեւ ապահովել 90 տոկոս այդպիսի հարցերի պարագայում` դժվար է, քանի որ հարցերի մեծ մասն անորակ են, գուցե դա՞ վերանայենք: Նաեւ համաձայն չեմ 2-րդ փուլի հետ, երբ դպրոցի տնօրենը ներկայացնում է զարգացման ծրագիրը: Ես կարծում եմ, որ դպրոցի տնօրեն դառնալու համար ամենեւին պարտադիր չէ, որ թեկնածուն զարգացման ծրագիր գրի, ինչու, որովհետեւ մեր դպրոցները հեղինակային դպրոցներ չեն, իրենք պետական քաղաքականություն իրականացնող դպրոցներ են: Դուք տալիս եք իրենց դասագիրք, չափորոշիչ, նորմատիվներ, վերապատրաստումներ, եւ դպրոցներն այդքան ազատություն չունեն, որ ռազմավարական բաներ պլանավորեն, իրենք պետության քաղաքականությունը տեղում իրականացնող են, դրա համար դու տնօրենից պետք է ոչ թե ռազմավարական ծրագիր պահանջես, այլ ինչ-որ պետական ծրագրի հարմարեցում իր դպրոցին, որը լինի շատ պարզ բան: Որովհետեւ մեզ պետք չէ, որ շարադրություն գրող տնօրեններ ունենանք, մեզ պետք են գործադիր մարդիկ, որ պետական քաղաքականությունը տեղում իրականացնեն։ Այ, սա է պահանջը: Դրա համար հարցազրույցի ձեւաչափի հետ ես համաձայն եմ, ինչ խոսք, այստեղ նաեւ սուբյեկտիվության ռիսկեր կան, որովհետեւ հնարավոր է ինչ-որ մեկին սիրում ենք-չենք սիրում` ինչ-ինչ պատճառներով, ըստ այդմ՝ կարող է սուբյեկտիվ որոշում կայացնենք: Այս իմաստով խնդրահարույց է, բայց հարցազրույցը պետք է»,- ընդգծում է Ս. Խաչատրյանը:

Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ դպրոցի տնօրենների հավակնորդների մեծ մասի հետ հարցազրույցի փուլը հենց ԿԳՄՍ նախարարն է անցկացնում։ «Դա նշան է Հայաստանում իշխող այդ անվստահության մթնոլորտի: Ես չէի ուզենա, որ նախարարը, որը 4-5 ոլորտ է կառավարում, նստի տասնյակ հարցազրույցներ վարի, որովհետեւ նախարարը պետք է ավելի շատ ռազմավարական հարցերով զբաղվի, բայց մենք գիտենք, որ մեր երկրում կա վստահության խնդիր: Այսինքն՝ սա նաեւ վստահության հետ է կապված, գուցե նախարարն ուզում է վստահ լինել, որ իրոք արժանավոր թեկնածու է հաղթում, գուցե դրա համար է անձնապես հարցազրույցներին մասնակցում, բայց նորից եմ նշում, որ նախարարի զբաղվածությունը հաշվի առնելով, եթե նա օրական մի քանի այդպիսի հարցազրույց անցկացնի… դա արդեն ինքն իրենով խոսուն հանգամանք է, բայց մեր հայաստանյան իրականության կոնտեքստում ես դա հասկանում եմ, որովհետեւ վստահության խնդիր կա, եւ ուզում է անձնապես համոզվել»: