Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում մի գործ է քննվում՝ ընդդեմ Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի։ Նրան մեղադրում են դատավարական փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հրապարակ թերթը գրել է․ Բանն այն է, որ նա վիճարկում է Հանրային ռադիոյի տնօրենի ընտրության մրցույթը, որին մասնակցել է նաեւ ինքը։ Սակայն դատարանը գտել է, որ նա դատարան դիմելու ժամկետը բաց է թողել, եւ Խումարյանը որոշել է այնպես անել, որ այդ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչվի։
Նա փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում եւ մի դատավարական փաստաթուղթ, իր՝ դատարան դիմելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որտեղ նշել է, որ իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել եւ եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված էլ սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում եւ ներկայացրել է մի տեղեկանք, որ այդ ժամանակահատվածում եկամուտ չի ունեցել, մինչդեռ Քննչական կոմիտեն հայտնաբերել է, որ այդ շրջանում ստացած եկամուտը նա «դիտավորությամբ չի ներառել՝ այդկերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը»:
Եվ այս անհեթեթ մեղադրանքի հիման վրա էլ քաղաքական պայքարի գործիք դարձած Քննչական կոմիտեն քրեական հետապնդում է սկսել Խումարյանի դեմ, հիմա էլ հաղորդագրություն է տարածել է՛լ «հանցավոր դիտավորություն», է՛լ վարչական դատարանին ներկայացված «կեղծ տվյալներ պարունակող տեղեկություններ» անվանելով դրանք, ու նրան Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը) մեղադրանք են առաջադրել եւ քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Եթե կարճ ասենք՝ Խումարյանին աշխատանքից հեռացնելու, ապա հալածելու համար մեկ պատճառ կա․ նա համարձակվել է քննադատել Նիկոլ Փաշինյանին։ Գարեգին Խումարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց՝ ինչո՞ւմ են մեղադրում իրեն, ինչպե՞ս կմեկնաբանի այս մեղադրանքը:
Նա ասաց. «Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետեւյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի, այսպես կոչված, մրցույթի հետեւանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Մեղադրանքի մասով՝ այն բացարձակ շինծու է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ է, քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»։
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի