10/09/2025

Ես չգիտեմ՝ ով ում է խաբում, բայց որ խաբում են՝ հաստատ․ Սիրունյան

Եթե առաջներում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էին հայտարարություններ տարածում այն մասին, թե «թալանից» քանի միլիոն կամ միլիարդ են վերադարձրել պետությանը, ապա այժմ այդ գործին է լծվել նաեւ ներքին գործերի նախարարությունը` Արփինե Սարգսյանի գլխավորությամբ:

ՆԳՆ-ն երեկ տարածել էր հաղորդագրություն. «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նորաստեղծ վարչությունում։

Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության եւ Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Բարսեղյանը հանդես են եկել զեկույցներով։

Վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն եւ Քննչական կոմիտեներ ներկայացվել է 90 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է 83 քրեական վարույթ։

Բացահայտված հանցանքների թվում կան փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու, ընդերքօգտագործման կանոնների խախտման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, հարկերից խուսափելու եւ այլ դեպքեր։ Ներկայացված հաղորդումներով պետությանը եւ համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ։

Միայն մեկ բացահայտմամբ՝ չվճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2 միլիարդ 9 հարյուր միլիոն դրամ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետական բյուջե վերականգնվել է շուրջ 54 միլիոն դրամ»:

Որքանով հայտնի է, ՆԳՆ-ն քննչական գործառույթներ չունի եւ պետությանը պատճառված վնասը հետ բերելու պարտավորություն էլ: Բայց քանի որ տարբեր գերատեսչություններ մրցավազքի մեջ են, թե ով շատ հանրությանը կզեկուցի «հատիկ առ հատիկ» հետ բերելու մասին, ով ավելի շատ Փաշինյանի աչքը կմտնի եւ ընտրողների ուղեղները կլվանա, ուստի նման հաղորդագրություններ են հայտնվում համացանցում:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ կապ ունի ներքին գործերի նախարարությունը նման հարցերի հետ: Ինչո՞ւ է նախարար Սարգսյանը որոշել Աննա Վարդապետյանի հետ «թալանը» պետություն վերադարձնելու կեղծ օրակարգի շուրջ մրցել: Սիրունյանն ասաց. «Ձեր հարցին պատասխանեմ մաքսիմալ հակիրճ. ներքին գործերի նախարարը ոչ մի կապ չունի այդ հարցերի հետ, իրեն պետք է հարցնել, թե ինչու է նման հարցերի մեջ խառնվում:

Առհասարակ, նման բոլոր հայտարարություններ անողները սուտ են խոսում, խի մենակ ինքը չի՞ հո: Առողջապահության նախարարն էլ է խոսում ինչ-որ բաներ վերականգնելու մասին, գլխավոր դատախազն էլ, սաղ բան վերականգնող ու փող հետ բերող են դառել, բայց յոթ տարվա մեջ մի կոպեկ փող չի մտել բյուջե: Կոպեկ չեն կարողացել ստանալ: Ես չեմ հասկանում, թե ով ա ում խաբում, թե բոլորով իրար են խաբում, թե Նիկոլին են խաբում` ես չեմ հասկանում, բայց որ խաբում են՝ հաստատ:

Ասում են` 600 միլիոնանոց հողամաս ենք հետ բերել: Առը հա, թե նման բան կա` սուտ են խոսում: Էդ հողամասն այսօր հազիվ արժենա այդքան, բայց 30 տարի առաջ մաքսիմում 3 միլիոն դրամ արժենար: Հավանաբար, էս մեր աղջիկը` Արփինեն, դեկրետ ա գնում, փորը մեծացել ա, որոշել են մինչեւ ճանապարհելը սենց խաղեր տան:

Ենթադրենք՝ ես ու Դուք հանցագործներ ենք, եթե Արփինե Սարգսյանը մեզ կանչի ասի՝ կլինի՞ թալանածը վերադարձնեք, ի՞նչ պետք ա ասենք, չե՞նք ասելու. աղջիկ ջան, ցավդ տանեմ, քո ի՞նչ գործն ա: Ենթադրենք՝ ասածդ չենք անում, ի՞նչ պետք ա անես: Ես արդեն գլուխ չեմ հանում՝ սրանցից ով ա ում խաբում, գուցե բոլորով մեզ են խաբում»:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ գլխավոր դատախազն էր նախաձեռնությամբ հանդես եկել, թե` Նորքի լանջերին անտառներ հիմնենք: Մարդիկ, իրենց բուն գործառույթները թողած, ամեն ինչով զբաղվում են, բացի իրենց պարտականություններից: Մինչդեռ չկա օր, որ Հայաստանում սպանություն կամ մեկ այլ ծանր հանցագործություն տեղի չունենա: Իսկ ոստիկանության ու դատախազության գործը հանցագործությունների դեմ պայքարն է եւ կանխարգելելը: