Ամոթ ոչ թե նրա համար, որ մենք մեր ապաշնորհության եւ տգիտության պատճառով կորցրինք Արցախը եւ հիմա անգամ 1988-ի վիճակին ենք երանի տալիս, այլ նրա համար, որ Արցախի հարցը բացահայտեց մեր մեջ նստած ստրուկին, զազրախոսին, հայատյացին, մանկուրտին, լալկանին, պոռոտախոսին, անտարբերին, սրիկային:
Հրապարակ թերթը գրել է․ Երեկ Արցախի օրն էր, եւ այդ օրը փոխանակ մենք արժանապատիվ, զուսպ հպարտությամբ, մեր կորսված հայրենիքին տեր կանգնելու վճռականությամբ, մեր անտուն հայրենակիցների մասին հոգ տանելու որոշմամբ եւ նրանց վերքերն ամոքելու հոգսով ապրեինք ու ցույց տայինք, որ ոչինչ կորած չէ, եւ ինչ-որ մարդիկ չեն կարող միանձնյա որոշել մի ողջ պետության ճակատագիրը, անհասկանալի էր, թե ինչով էինք զբաղված:
Մի կողմից՝ լալահառաչ տեքստեր էին հնչում, սուգ-շիվան, անիրատեսական խոստումներ, հուսահատություն: Մյուս կողմից` ստոր, անմարդկային հարցադրումներ, մեղքն արցախցիների, արցախյան ծագմամբ գործիչների եւ Արցախի վերջին իշխանությունների վրա բարդելու փորձեր:
Որոշ չմարդիկ անգամ չէին թաքցնում իրենց չարախնդությունն ու հրճվանքը, որ «ղարաբաղցիները պատժվեցին», «Հայաստանն ազատվեց Արցախի բեռից», եւ նույնիսկ Բաքվում ընթացող դատավարություններն էին արդարացնում: Իսկ որոշ հացկատակներ էլ ձեւացնում էին, թե Արցախի թեմա առհասարակ գոյություն չունի, իրենց առաջնորդի հանգով` «Արցախը տվել ենք, Հայաստանը` գտել»:
Իսկ հասարակությունը, մեծ հաշվով, հոգնել է ե՛ւ գործողությունների անընդունակ, միայն մեղադրանքներ հնչեցնող, իրականությունից կտրված ընդդիմությունից, ե՛ւ հանուն իշխանության հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնող իշխանավորներից:
Նա իրադրությունը փոխելու իրատեսական ծրագիր եւ հայրենիքի հանդեպ իրական սեր ունեցող, գրագետ մարդկանց է ուզում:
Բաց մի թողեք
Հետախուզական տվյալների փոխարեն վարկեր է կուտակել․ Լուսանկար
Ինչու պետք է Ալիեւն ավելի բարոյական գտնվի, քան Փաշինյանը` իր ՔՊ-ի հետ միասին
Կառավարությանը նոր լիազորություն կտրվի