10/09/2025

Ուր է անհետացել «Հայոց տուն»-ը․ Լուսանկար

Մենք գրել էինք, որ ընտրական գործընթացներին ընդառաջ, ոչ իշխանական դաշտում կոնսոլիդացիաների, նոր ֆորմատների վերաբերյալ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում։

Հրապարակ թերթը գրել է, որ օգոստոսի 27-ին հանդիպել են քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ, մասնավորապես ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Նման քննարկումներն այս օրերին հասկանալի են եւ բնական: Ընտրություններին ընդառաջ քննարկվում են հնարավոր կոալիցիաների, միավորումների, իշխանափոխության հարցերը: Սակայն մեզ հետաքրքրեց այն, որ կուսակցությունների ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

Վերջերս նա, մի շարք մտավորականների հետ, «Հայոց տուն» անվանումով նախաձեռնություն է հիմնել, որն իր առջեւ հումանիտար նպատակներ է դրել, սակայն աղմկոտ հիմնադրումից հետո այլեւս հայտնի չէ, թե նախաձեռնողներն ինչ են անում:

Արմեն Չարչյանին «Հրապարակը» նախ հարցրեց` ե՞րբ է «Հայոց տուն» նախաձեռնության վերջին հավաքը եղել, եւ ի՞նչ հարցեր են քննարկվել: Պարոն Չարչյանն ասաց. «Մեր սայթում գրված է ամեն ինչ: «Հայոց տուն» նախաձեռնությունը բացարձակ ապակուսակցական, ապաքաղաքական, արժեհամակարգային, գաղափարախոսական նախաձեռնություն է, եւ մենք մնում ենք միմիայն այդ տիրույթում»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե վերջերս ինչ հարցեր են քննարկել «Օպերա սյուիթ» հյուրանոցում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Չարչյանը խուսափեց մեր հարցին պատասխանել՝ ասելով. «Ես հիմա աշխատանքի մեջ եմ` հիվանդ բուժելով եմ զբաղված»:

ՀԳ. Մենք տեղեկացանք, որ նշված հավաքին Արմեն Չարչյանը, կարելի է ասել, գրեթե պատահաբար է մասնակցել: Ներկա է գտնվել ընդամենը 15-20 րոպե, մասնակիցներից մեկի խնդրանքով: Նա քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրություն եւ ծրագիր չունի, որոշել է իրեն նվիրել բացառապես մասնագիտական գործունեությանը:

«Հրապարակ». Ուր է անհետացել «Հայոց տունը»