10/09/2025

ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Չինաստանի հետ

ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Չինաստանի հետ և պատրաստ է կանխել այն, ասել է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

«Ահա թե ինչու է նախագահ Թրամփը կոչ արել մեզ վերակառուցել մեր բանակը։ Ոչ թե` որովհետև մենք ձգտում ենք հակամարտության… Մենք չենք ձգտում դրան, և մենք դա հստակորեն հայտարարել ենք՝ Չինաստանի, Ռուսաստանի և ուրիշների հետ։ Սակայն պատրաստ լինելով՝ մենք կարող ենք կանխել այն (հակամարտությունը), պահպանել մարդկանց անվտանգությունը», – ասել է Հեգսեթը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նշել է Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցումը՝ դրա համար պատասխանատվությունը դնելով նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի վրա։

Միևնույն ժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «գերազանց հարաբերություններ» ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

«Մենք գիտենք, թե ինչի են նրանք հավատում և ովքեր են նրանք»,- բացատրել է Փենթագոնի ղեկավարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Պեկինում անցկացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին, ինչպես նաև Ճապոնիայի դեմ պատերազմում չին ժողովրդի հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։ Դրանց մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։