Կարծում եմ, որ ապագա իշխանությունը Նիկոլից սովորելու բան ունի. եթե փորձի որևէ մեկին վատություն անել, ապա դա պետք է անի ամբողջությամբ ու բոլոր առումներով:
Այնպես, ինչպես դա արդեն երեք ամիս արվում է գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Չէ, հասկանալի է, որ Նիկոլից հետո «նիկոլիզմն» արմատախիլ է արվելու, բայց դե… Ներկայացնեմ «մեր ձևով» հայոց եկեղեցուն օգնելու պատրաստակամ Սամվել Կարապետյանի վատություն անելու ձևերը: Առաջին, ազատությունից ապօրինի զրկվեց հենց ինքը:
Երկրորդ, անօրինական միջոցներով տեղի ունեցավ սեփականազրկում. նախ, ՀԾԿՀ-ի միջոցով ձեռքից առնվեց ՀԷՑ-ը, փակվեցին «Տաշիր պիցա»-ների երևի կեսը: Հետո, չգիտես ինչու, բոլշևիկյան գործընթացը կանգնեցվեց, և Երևանի կրեսի շենքը գործարարից խլելու նպատակով ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը դատարան հայցադիմում ներկայացրեց «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձում տարածելու միջոցով հօգուտ ՀՀ-ի առգրավել կրկեսի շենքը, օժանդակ շինություններն ու հողատարածքը: Դիմելու հիմքն էլ շենքի շինարարության 20 տարի ձգձգման հանգամանքն է:
Եթե չեմ սխալվում, կրկեսի սեփականաշնորհման նպատակով 2006 թ.-ին ստեղծված «Երևանյան կրկես» ՍՊԸ-ն հիմնադրվել է կոլեկտիվի անդամների կողմից:
Այն ժամանակ գործարարներից մեկը թիկունք էր կանգնել կոլեկտիվին՝ վստահեցնելով, որ կապահովի ֆինանսավորումը: Բայց դա տեղի չէր ունեցել կամ ավելի ճիշտ ինչ-որ գումար ներդրվել էր, պայթեցվել էր շենքի գմբեթը, բայց հետո պարզվել էր, որ առկա տեխնիկական պարամետրերով շենքը չի բավարարում նոր սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ պահանջներին, և 2012-ին պայթեցվել էր ողջ շենքը:
Ենթադրում եմ, որ ամբողջովին նոր շենք կառուցելու գաղափարը պատկանել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ» ընկերությանը:
Բայց վերջինս երևի չի ունեցել «Երևանյան կրկես» ՍՊԸ-ի բաժնետոմսերի վերահսկող փաթեթն, ու այդ պատճառով ձգձգվել է շենքի շինարարությունն ու ներքին կահավորանքի տեղակայումը: 2019-ի նոյեմբերից «Տաշիր կապիտալ»-ը դարձել է ՍՊԸ-ի 76.5%-ի բաժնետեր:
Ինչը նշանակում է, որ շենքը կարող էր ամբողջովին պատրաստ լինել 2023-ի ավարտին՝ ինչպես նախատեսվել էր ներդրումային ծրագրով: Կամ էլ 2024-ի հունիսի վերջին՝ ըստ «Տաշիր կապիտալ»-ի ու ՀՀ կառավարության միջև կայացված համաձայնության:
Սակայն դրան սկզբում խանգարել է քովիդի համավարակը, երբ սահմանափակված էր ամեն գործունեություն: Քովիդը չավարտված՝ վրա է հասել 44-օրյա պատերազմը, իսկ հետո էլ ռուս-ուկրաինական պատերազմը:
Հասկանալի է, որ հատկապես երկրորդ պատերազմը պետք է խանգարեր սարքավորումների ներկրկմանը լոգիստիկայի տեսակետից:
Ի դեպ, Սամվել Կարապետյանի անօրինական ձերբակալումից մեկ տարի առաջ վարչապետի աթոռից կառչած անձի ընտանեկան լրատվական կայքը բազմաթիվ լուսանկարներով մեծ հոդված էր նվիրել շենքի ներսում կատարվող աշխատանքներին: Ու քանի որ գործարարը դեռևս Նիկոլի անձնական թշնամու չէր վերածվել՝ 2024 թվականի ամռանն աշխատանքներն ավարտելու հարցի վրա չէր կենտրոնացել:
Ինչը նշանակում է, որ 20 տարվա ձգձգումը եթե մեկ տարի էլ շարունակվեր՝ աշխարհը դրանից չէր կործանվի: Ու այդ հանգամանքն ընկալվել էր վերը նշված լրատվական կայքի խմբագրության, այսինքն տիկին Հակոբյան Աննայի կողմից:
Ինչևէ, շենքն արդեն պատարստ է, քանի որ հայտարարվեց, որ Երևան է ժամանել կրկեսային դեասանների մեծ խումբ: Սակայն Պետական գույքի կառավարման կոմիտեի դատական հայցն ընդունվել է, նիստն էլ նշանակվել է սեպտեմբերի 30-ին:
Կարծում եմ, որ հայաստանյան «անկախ» դատարանի կողմից հայցը կբավարարվի: Ու շուրջ երկու տասնամյակ ձգձգված՝ կրկեսի վերաբացումը տոնելու փոխարեն «Տաշիր կապիտալ» ընկերությունն ընկնելու է ներսի ու դրսի դատական ատյաններում քաշքշուկի գիրկը:
Ինչ վերաբերում է հայցի հիմնավորմանը, երբ 6 տարվա համարյա լիիրավ սեփականատերը պետք է պատասխան տա 20 տարվա ձգձգումների համար, ապա դա… Ընդունեք, որ դա հատուկ է ծուռ հայելիների թագավորությանը, իսկ մենք 2018-ից այս կողմ ապրում ենք հենց այդպիսի պետությունում:
Իսկ վարչապետի աթոռից կառչած անձի՝ «հատիկ առ հատիկ» վերադարձի գործընթացն ապօրինի եղանակով «կհարստանա» 14 միլիարդ դրամով: Դա այն գումարն է, որ «Տաշիր կապիտալ»-ի կողմից ներդրվել է կրկեսի վրա 2019 թվականից այս կողմ:
Բաց մի թողեք
Ավշարի Սուրիկ Գրիգորյանի առանձնատան պարսպի պատերին անհայտ անձինք հայհոյանքներ են գրել
Երևանի քաղաքապետարանը շարունակում է գաղտնի ու բացահայտ ծառեր կտրել մայրաքաղաքում
Սա ի՞նչ է էլի… Ալեն Սիմոնյանի անդրադարձը Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ տեղի ունեցածին