17/10/2025

Ինչ է ԱԺ-ում ցուցադրել Նիկոլ Փաշինյանը․ Լուսանկար

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Վաշինգտոնում Հայաստանը և Ադրբեջանը ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունն ու սահմանների անխախտելիությունը։ Վարչապետի խոսքով՝ այս համաձայնությունից բխում է, որ ՀՀ տարածքով կարող են գործել այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշումը կայացնում է միայն Հայաստանը։

«Այս արձանագրության տակ կան նաև ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները»,– նշեց Փաշինյանը՝ ցուցադրելով փաստաթղթերի լուսապատճեններ, որտեղ իր ստորագրությամբ արձանագրված է «Tripp» անվանումով ենթակառուցվածքի գոյությունը։ Նա հավելեց, որ «Tripp»-ը Հայաստանի և ԱՄՆ-ի քննարկումների օրակարգային հարց է։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ ինքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են «մտադրությունների հուշագիր» Խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Ըստ նրա՝ պայմանավորվածությունը հիմնված է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքի վրա։ «Սա է օբյեկտիվ իրականությունը։

Ես հստակ ասում եմ՝ Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք։ Բայց չեմ կարող բացառել, որ Ադրբեջանում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, այդ անունը դարձել է այնքան պոպուլյար, որ իր տարածքում գտնվող որևէ ենթակառուցվածք, այդ թվում՝ այն, որ պետք է միանա օրինակ «Թրամփի ուղուն», կարող են անվանել ցանկացած անունով։ Բայց դա Հայաստանի ինքնիշխան տարածքի ու օրակարգի հետ որևէ կապ չունի»,- ասել է նա:

Ինչ է ցուցադրել Փաշինյանը