28/10/2025

Բա մի հատ զանգեք Դոնալդին … ո՞ւմ եք սպասում․ Աբովյան

Ալիևն արդեն գրեթե բացահայտորեն հայկական Սյունիքn անվանում է Ադրբեջանի մաս։ Ներողություն եմ խնդրում, բայց ստիպված եմ մեջբերել այդ ենթաթուրքի խոսքերը։

«Ադրբեջանը, որը գտնվում է Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ միջանցքների վրա, վերածվում է Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտա-լոգիստիկ հանգույցներից մեկի։ Ես նաև չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, առաջիկա ապագայում կխաղա կարևոր տրանսպորտային հաղորդակցության դեր՝ միացնելով մայրցամաքները։ Վստահ եմ, որ այս բոլոր տրանսպորտային գծերը կնպաստեն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների համաժողովի (CICA) անդամ երկրների միջև համագործակցության զարգացմանը», – Ալիևի խոսքերն են՝ ուղղված Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների համաժողովի 13-րդ նստաշրջանի մասնակիցներին։

Այս մեջբերումը շատ հստակ ցույց է տալիս այսօրվա իրականությունը․ Բաքուն անգամ հարկ չի համարում հիշատակել Հայաստանը, որի ինքնիշխան տարածքով պետք է անցնի, այսպես կոչված, «միջանցքը»։ Ավելին՝ Ալիևը Սյունիքը փաստացի ներկայացնում է որպես Ադրբեջանի մաս։ Նույն թուրքական և ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածում, որ արդեն բանակցություններ է տանում մի շարք պետությունների հետ` Հայաստանի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպման համար։

Հասկացա՞ք, թե ինչ է դա նշանակում: Իրավիճակը հասել է այնպիսի կետի, որ  Ադրբեջանում, ավելի ճիշտ` իրենց Խորհրդարանում, արդեն հնչում են կոչեր՝ այդ «միջանցքը» (ոչ թե «ճանապարհ», «կամուրջ» կամ «Թրամփի ուղի») «Ալիևի միջանցք» անվանելու: Իսկ ՀՀ ներկա իշխանության քարոզիչները շարունակում են հասարակությանը հրամցնել, թե իբր Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի կենսական շահերին, այնինչ պատկերը լրիվ հակառակն է։

Այս պարագայում կարո՞ղ է մի հատ Թրամփին զանգեք, քանզի հայաստանյան իշխանության մտերիմ և «թանկագին» թուրք-ադրբեջանական գործընկերները համառորեն հերքում են թավշյա «կտերը»` Հայաստանի քաղաքացիներին, իբր իրենք ոչ թե միջանցք են տվել թուրքերին, այլ ընդամենը տվել են ամերիկացիներին ճանապարհ։

Բա մի հատ զանգեք Դոնալդին …ո՞ւմ եք սպասում:

Սա ոչ միայն ադրբեջանցիների հակահայկական  հռետորաբանություն է, այլ ցուցիչ է, որ Ադրբեջանն օրեցօր ավելի է լկտիանում։ Իսկ եթե Երևանը շարունակի սահմանափակվել միայն դատարկ խոսքերով «ինքնիշխանության» և իբր «խաղաղության» մասին, ապա վաղը մենք ուղղակի չենք ունենալու ոչ ինքնիշխանություն, ոչ խաղաղություն, ոչ երկիր։

Դժվա՞ր էր դա հասկանալ: Մեր ԱԳՆ-ն պարտավոր է անհապաղ և խիստ արձագանքել նման հայտարարություններին, այլ ոչ թե զբաղվել ներսի սպառման համար անկապ և անիմաստ «ինքնիշխան» հեքիաթներով։

Արման Աբովյան