28/10/2025

Ինչ տարբերություն՝ Ադրբեջանի համար թիվ 1 թշնամի պետությունն ենք, թե թիվ 2-ը

Բաքվի իշխանական minval.az-ը հայտնում է թելեգրամյան ալիքում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքների մասին: Ըստ այդմ՝ հարցման ենթարկվածները նշել են Ադրբեջանի չորս բարեկամ և թշնամի երկիր:

Բարեկամ երկրների շարքը, բնականաբար, գլխավորում է Թուրքիան, երկրորդ տեղում Պակիստանն է, Իսրայելին արդեն բաժին է ընկնում երրորդ հորիզոնականը, իսկ չորրորդը շատ անսպասելիորեն Ուզբեկստանն է:

Ադրբեջանի թշնամի երկրների քառյակն այս դասավորությունն ունի՝ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Ֆրանսիա: Լրատվամիջոցն, ընդսմին, հատուկ ընդգծում է, որ սոցցհարցումների պատմության ողջ ընթացքում «առաջին անգամ է, որ Հայաստանը հայտնվել է երկրորդ տեղում»:

Որքանո՞վ են հավաստի այս արդյունքները՝ խիստ կասկածելի է: Ռուս-ադրբեջանական լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլեւ խորանում է: Սոցիոլոգիական հարցման նման արդյունքը պաշտոնական Բաքվին լիովին ձեռնտու է, Մոսկվայի հետ նոր երկխոսություն Ալիևը կարող է սկսել այն դիրքից, որ թեև հանրային կարծիքն ամբողջովին հակառուսական է, ինքը գերադասում է վերականգնել հարաբերությունները:

Հրապարակած տեղեկությունը քարոզչական առումով Ալիևին ձեռնտու է նաև ԱՄՆ հետ հարաբերություններում: Նա, անկասկած, Հայաստանի նկատմամբ որոշակի «հանդուրժողականությունը» մատուցելու է որպես պետական քաղաքականության արդյունք:

Ադրբեջանական քարոզչությունը հատկապես վաշինգտոնյան համաձայնությունների նկատմամբ ՌԴ արտգործնախարար Լավրովի «հոռետեսության» ֆոնին տեսակետ է շրջանառել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը «դեմ են Ռուսաստանը և Հայաստանի ռեւանշիստ ընդդիմությունը»:

Սա շատ նենգամիտ քարոզչություն է: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ կարող են լինել ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

«Չոր արդյունքում» կարող է մնալ «հայկական ռևանշիզմը»՝ որպես վաշինգտոնյան համաձայնությունները «տապալող ուժ»: