Հետեւում մնաց Արցախի Անկախության եւս մեկ տարեդարձ՝ 34-րդը, առանց Արցախի, որը ոսկոր էր դարձել Հայաստանի իշխող քաղաքական համակարգի պատասխանատուների կոկորդում: Մատաղ արեցին մեր հազարամյա դրախտային բնօրրանը, եւ այդ զոհաբերությունը շատ թանկ նստեց արցախցիներիս վրա։
Մեզնից հարցնող չեղավ, թե քարը քարի վրա շարել, տուն-տեղ եք դրել, համաձա՞յն եք արդյոք ձեր տունը լքել: Մեզնից չհարցրին՝ ուզո՞ւմ ենք թշնամու կողքին ապրել, երբ հինավուրց մեր երկիրը տալիս էին անօրեններին՝ աչք փակելով մեր մրմռացող սրտերի լալահառաչ կանչի դեմհանդիման։ Եվ զոհաբերեցին ոչ միայն Արցախն ու արցախցիներին, այլեւ հնամենի մեր սրբությունները, պատմամշակութային արժեքները, մեր պապերի ու ապուպապերի գերեզմանները։
Մենք խանգարում էինք, երեւի, այդ ամենի գինը Արցախն էր, որ կորցրինք, ու Հայաստանը համագործակցել սկսեց տարբեր պետությունների հետ։ Մենք խանգարում էինք, երեւի, որ Արցախի կորստից հետո միայն երկրի ղեկավարն իրեն լիարժեք վարչապետ զգաց, անգամ ափսոսանք հայտնեց, որ ավելի շուտ չէր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Կարող էր, բայց չարեց, որպեսզի իրեն դավաճան չասեն:
Այս երկու տարում բռնատեղահանված արցախցիներս հասկացանք, որ թիրախում մենք էինք, մեզ պիտի զոհաբերեին՝ Արցախը հանձնելով, որպեսզի փրկեն Հայաստանը։ Բայց փրկեցի՞ն… Եթե այո, ապա ինչո՞ւ են այդ «փրկողները» դողում «Արցախ» անունը լսելիս: Ինչո՞ւ են փակում Արցախյան շարժման, առավել եւս՝ արցախցիների վերադարձի հարցը:
Չլինի՞ հակառակ դեպքում երերուն են դառնում իրենց իշխանական աթոռները, որովհետեւ «թավիշով» եկել էին Արցախի վերջը տալու ծրագրով, եւ առաջադրանքն այժմ կատարված է: Ասել է թե՝ «Մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»։
Բայց մավրը, կարծես թե, հեռանալու միտք չունի, մավրը շատ ամուր է կառչել իր աթոռից եւ նրան այդ աթոռից պոկել հնարավոր չէ: Կամ դա, թերեւս, կարելի է անել միասնաբար, սերտ համախմբվածության միջոցով:
Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, որը նվիրված էր Արցախի Հանրապետության օրվան, իր շուրջն էր հավաքել հայությանը` անկախ բնակության վայրից։ Այն ազդարարեց, որ Արցախից հետո վտանգված է Մայր երկրի կյանքը, որի փրկությունը միաբանվելու եւ համահավաք ուժ դառնալու մեջ է:
Խառնակ ժամանակներ են: Այժմ, քան երբեւէ, պահանջվում են զգոնություն, սթափություն, ուժերը մեկտեղելու կամք՝ հանուն հայոց պետականության պահպանման, երկրի իրական անկախության եւ ինքնիշխանության ամրապնդման հրամայականի։
Նատաշա Պողոսյան
Բաց մի թողեք
Որ անցանկալի սցենարը կանխելու համար է պետքարտուղար Ռուբիոն գործուղվել Իսրայել
Էրդողանը կոչ է արել «տնտեսական սահմանափակումներով Իսրայելին գետնին սեղմել»
Վրաստանում քաղաքական «թեժ աշուն» է