16/09/2025

Խաղաղություն՝ ալիեւյան ձեւով

Ավելի քան մեկ ամիս է անցել Վաշինգտոնում հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, սակայն պատերազմի սեւեռուն գաղափարը դեռ շարունակում է հետապնդել հարեւան երկրի ռազմատենչ առաջնորդին:

Իլհամ Ալիեւն անթաքույց պատերազմի պատրաստություններ է տեսնում՝ թեպետ ՀՀ-ում փորձագիտական եւ հանրային գերիշխող կարծիքը բացառում է լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը:

Համենայն դեպս՝ մինչեւ 2026-ի ամառ, երբ կբյուրեղանան հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքով պայմանավորված քաղաքական ուժերի վերադասավորումները:

Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի առումով նենգ ու հեռագնա նպատակներ փայփայող ապշերոնյան սուլթանը կհրաժարվի պատերազմ սադրելու մտքից՝ հատկապես իր համար նպաստավոր իրադրություն ստեղծվելու դեպքում:

Այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ մայրաքաղաքում օգոստոսի 8-ին տեղի ունեցած եռակողմ պայմանավորվածություններից հետո Ալիեւը դույզն-ինչ չի փոխել Երեւանի նկատմամբ իր քաղաքականությունն ու նախահարձակ ճամարտակությունները:

Նա ամենեւին էլ իրեն խաղաղության հարգն իմացող գործչի պես չի պահում. Իլհամը էությամբ պատերազմի հրձիգ է՝ քինախնդիր, լկտի եւ պարծենկոտ: Նկատե՞լ եք՝ Հայաստանի մասին խոսելիս միշտ սպառնալիքներ է տեղում՝ օդում թափահարելով բռունցքը:

Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տալիս անընդհատ միջամտել Հայաստանի ներքին գործերին. արդեն քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության ու Անկախության հռչակագրի փոփոխության պահանջը՝ իբրեւ «Խաղաղության համաձայնագրի» կնքմանը խոչընդոտող լրջագույն հանգամանք:

Իր երկրի Սահմանադրության մասին, որտեղ հստակ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նա լռում է, բայց հայկական կողմին հազար ու մի պահանջ է ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուց մինչեւ բանակի համար գնած զենքերի հետվերադարձ, քանի որ դրանք, իր պնդմամբ, խանգարում են խաղաղության հաստատմանը:

Հիմա հարց Ալիեւին՝ իսկ մի՞թե խաղաղության հաստատմանը չեն խանգարում տարիներ շարունակ Բաքվում ապօրինաբար հայ գերիների պահումը, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների պատանդառումն ու շինծու դատավարությունները, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի չդուրսբերումը, «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որը բացահայտ ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Բերված փաստերը բնավ բոլորը չեն, բայց բավարար են՝ համոզվելու համար, որ նման պայմաններում իրական խաղաղության մասին ավելորդ է խոսել: Խաղաղության փաստաթուղթ նախաստորագրած անձը Վաշինգտոնից վերադառնալուց օրեր անց չէր հայտարարի, թե՝ «մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի»:

Օգոստոսի 21-ի ելույթում Բաքվի բռնապետը կարեւորել է երկրի ռազմական հզորության մեծացումն ու անվտանգության երաշխավորումը, որի ուղղությամբ, ըստ նրա, պատշաճ միջոցներ են ձեռնարկվում. «Մեր երկիր են բերվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ներկայումս պայմանագրեր են կնքվել նոր մարտական ինքնաթիռների համար, իսկ գործող ինքնաթիռները լիովին արդիականացվել են»,- պարզաբանել է Ալիեւը:

Ճակատագրի հեգնանքով՝ նույն օգոստոսի 21-ին Երեւանում լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը եւս անդրադարձել է անվտանգության համակարգին՝ հայտարարելով. «Հնարավոր է՝ 2026թ.-ին պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացում չլինի կամ, ընդհանրապես, չլինի»:

Մինչ Փաշինյանը՝ ապավինելով խաղաղության «թղթին», նպատակահարմար չի գտնում 2026-ի բյուջեում ավելացնել պաշտպանական ծախսերը, Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ արդեն ավարտվել է Հայաստան բնակության մեկնելու համար 100 հազարից ավելի, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների» գրանցումը:

Այսինքն՝ Բաքվի իշխանությունները զուգահեռաբար շարունակում են առաջ մղել «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը, որը ներառում է ՀՀ-ի ողջ տարածքը։ Ծրագրի վերջնական նպատակն է ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությամբ հասնել Հայաստանի լիակատար բռնազավթմանը:

Աշխարհին ուղղված ծաղր է, երբ առավելագույնը 100-150 տարվա պատմություն ունեցող պետության ղեկավարը, որին չես ասի՝ անկիրթ է, փորձում է հավատացնել, որ առնվազն վեց հազարամյակների ճանապարհ անցած Հայաստանն է ադրբեջանական հողերի վրա հիմնավորվել, այլ ոչ թե հակառակը: Անպատկառությունն էլ, ի վերջո, պետք է չափ ու սահման ունենա:

«Հայացք Երեւանից»