16/09/2025

Եթե Ավինյանը սոված էր, ո՞նց է Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղից, առանձնատունը որտեղից, հեկտարներով հողերը որտեղից

Շատ հետաքրքրական է, որ որոշ լրատվամիջոցներ արդեն յոթ տարի շարունակ թիրախավորում են կոնկրետ մի քանի պաշտոնյայի, այդ թվում՝ ինձ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա արձագանքեց մամուլում իր անվան հետ կապվող կոռուպցիոն դրսևորումներին, ինչպես նաև իր ընտանիքի բիզնես և գույքային ձեռքբերումներին։

«Ասում են՝ իմ ընտանիքի հարստությունը կուտակվել է մեր իշխանության գալուն զուգահեռ։ Գիտեք, կարելի է փորձել այդպես ներկայացնել, բայց եթե որևէ լրատվամիջոց, որ իրեն կոչում է հետաքննական, յոթ տարի հոդվածներ է գրում Տիգրան Ավինյանի մասին, կարող էր հարցում անել, օրինակ, ԿԸՀ և տեսնել, թե Տիգրան Ավինյանը ինչ է հայտարարագրել դեռ 2017 թվականին, երբ պաշտոնյա չէր և Լոնդոնից ընդամենը երկու-երեք տարի առաջ էր վերադարձել, որտեղ ուսանել էր իր ընտանիքի հաշվին։ Նույն կերպ էլ իր կինը, կրկին ընտանիքի հաշվին։

Զուգահեռ նաև նրա եղբայրը սովորել է Իսպանիայում՝ կրկին ընտանիքի միջոցներով։ Կներեք մանրամասնությունների համար, բայց 19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր «Mercedes» ջիփի մեջ, ֆինանսական հաջողությունների խնդիր չէր ունեցել։ Տիգրան Ավինյանի հայրն էլ երբևէ որևէ տենդերի կամ մրցույթի չէր մասնակցել։

Փորձում են ներկայացնել, թե Տիգրան Ավինյանը, կներեք, սոված էր ու ոչինչ չուներ։ Բայց եթե սոված էր, ո՞նց է Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղից, առանձնատունը որտեղից, հեկտարներով հողերը որտեղից։ Ասեմ՝ որտեղից․ ժողովուրդ ջան, արդար քրտինքով աշխատած է եղել դեռ մինչև 2018 թվականը», – նշեց Ավինյանը։

Եթե ձեր ասածը ճշմարտություն լիներ, ու մեր ընտանիքի ֆինանսական վիճակը բարելավված լիներ իմ քաղաքական գործունեությանը զուգահեռ, միգուցե դեբատի հարց լիներ։ Բայց այդպես չէ»,- ասել է նա,- Մեր աշխատանքը քննադատում են, մի քաղաքական ուժի մնացուկներ, ում քաղաքական հայրերը 100-ից ավել մանկապարտեզներ են օտարել. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում նախորդ տարիների մանկապարտեզների օտարման գործընթացին։

Շարունակելի ․․․