17/09/2025

Մերթ Հիսուս Քրիստոս է ու Պապ թագավոր. Լուսանկար

Մարդը կորցրել է կողմնորոշումը եւ չի ընկալում` ինչ է կարելի եւ ինչ չի կարելի իրեն: Նա կա՛մ դեռ չի ընկալել վարչապետի իրավասությունների սահմանները, կա՛մ արդեն կորցրել է իրականության զգացումն ու միապետի որակներ ձեռք բերել:

Հրապարակ թերթը գրել է․ Դեռ չի գիտակցել, որ իրավունք չունի ԱԱԾ տնօրենին ու գլխավոր դատախազին ուղիղ հրահանգներ իջեցնել, նախարարներին ու ԲԴԽ նախագահին` sms-ով աշխատանքից հեռացնել, իրավունք չունի քիթը խոթել մարդկանց մասնավոր կյանքի մեջ, կարդալ նրանց օրագրերն ու զննել հեռախոսի պարունակությունը, իրավունք չունի ԱԺ պատգամավորից պահանջել` մանդատը վայր դնել, իրավունք չունի իր չփարատված կասկածները բարձրաձայնել, իրավունք չունի պետությունից անջատ գործող Եկեղեցու ներքին կյանքին խառնվել:

Պարզ է, որ օրենքներում եւ Սահմանադրության մեջ ֆիքսված այս բոլոր դրույթները չիմացող-չպահպանող անձը մարդկային բարոյականության ու էթիկայի կանոններին էլ դժվար թե տիրապետի, ուստի պետք չէ զարմանալ, որ նա չի գիտակցում, որ իրավունք չունի սահմանափակել ստեղծագործող մարդկանց ազատությունը` ներկայացումը դիտել, ապա շարել դերասաններին եւ, որպես հմուտ «թատերագետ», դիտողություններ անել` պիեսի հետ կապված, դրան վրադիր` այդ բոլորը նկարահանել եւ հրապարակել:

Մարդը խճճվել է իր անսահմանափակ իշխանության բավիղներում, նա մերթ ՀՀ վարչապետն է եւ ամբողջ կառավարությունն է մարմնավորում, մերթ շարքային քաղաքացի է, որը թատերական ներկայացում է դիտում, սակայն չի գիտակցում, որ ոչ մի շարքային հանդիսատես չէր կարող ներկայացումից հետո ծափահարելուց եւ շնորհակալությունից բացի` ելույթ ունենալ թատրոնում:

Նա մերթ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է, մերթ Եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքի կազմակերպիչ: Մերթ Հիսուս Քրիստոս է ու Պապ թագավոր: