09/11/2025

Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել, ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար

Կառավարության որոշմամբ (իսկ ինչպես ասում է Փաշինյանը՝ «կառավարությունը՝ դա ես եմ»), նոյեմբերի 1-ից սկսած, մուտքի/ելքի դրոշմակնիքից կհեռացվի Արարատ լեռան պատկերը՝ որպես հայկական զինանշանի բաղադրիչ։

Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, այս թուրքամետ քայլը մեկնաբանեց դաստիարակչական ոճով. «Եթե տուն եք կառուցում, չարժե պատերին կախել նկարներ, որոնք հարևանների մոտ զգացմունքներ են առաջացնում»։ Հետաքրքիր է՝ սա ինչ կանոն է։ Արժե հետաքրքրվել՝ Արմեն Գրիգորյանի հարևաններից հարցուփորձ արե՞լ է, թե ինչ նկարներ կարելի է կախել իր պատերին։

Ավելին՝ դրոշմակնիքի վրա, ինչպես նաև զինանշանում, պատկերված է Արարատը՝ Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն՝ որևէ կերպ չի կարող խոսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլի մասին։

Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանությունը կարծում, թե այս կերպ վիրավորվում են թուրքական զգացմունքները։ Միգուցե հիմա արդեն արգելվա՞ծ է հայերին նայել Արարատին, եթե դա հարևանի մոտ հույզեր է առաջացնում։ Միգուցե Արարատի բոլոր տեսարանները՝ բոլոր անկյուններից, արդեն թուրքական մենաշնորհ են։

Եվ մի հարց էլ՝ իսկ հարևանները պատրաստվու՞մ են հարգանքով վերաբերվել հայերի զգացմունքներին։ Դատելով նրանց հռետորաբանությունից՝ հակառակը։ Ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը խաղում միակողմանի խաղ՝ պատրաստ գլխով պատին տալ, միայն թե բավարարի «գործընկերների» ցանկությունները, որոնք իրենց ոտքերը մեր վրայով են սրբում՝ անարգելով մեր արժանապատվությունը։

Այժմ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։ Ինչպես ասում է իշխող կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պետության խորհրդանիշները չպետք է պարունակեն հուզական տարրեր և վտանգավոր ուղերձներ։ Չէ՞ որ մեր հարևանը չափազանց զգայուն է։
Ընդհանրապես, թուրքերի և ադրբեջանցիների զգացմունքների հանդեպ հոգատարության, ինչպես նաև հայկական ազգային ինքնության «տրանսֆորմացման» (կարդա՝ ոչնչացման) շրջանակներում, Փաշինյանը կարող է այնքան հեռու գնալ, որ շուտով հայերին դժվար կլինի հավատալ, որ այս ամենը իրականում է տեղի ունենում։

Արդեն հիմա Հայաստանի իշխանությունները որոշել են գրաքննել արվեստը։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «իրական Հայաստանի էսթետիկայի» հայեցակարգը։ Իրական Հայաստանը, ըստ նախարարության, այնպիսին է, որը պատրաստ է մոռանալ իր պատմությունը՝ հանուն թուրքերի։ Ցավալի է, եթե իրական Հայաստանը իսկապես այդպիսին դառնա։
Փաստաթղթում փաստացի ներկայացված է Փաշինյանի հայեցակարգը՝ պատմական հիշողությունից հրաժարվելու մասին, ներառյալ խորհրդանիշները (ինչպես Արարատ լեռը)։ Նախագծի հեղինակները, մասնավորապես, անթույլատրելի են համարում պատմական բովանդակությամբ ողբերգական բեմադրությունները՝ փոխարենը առաջարկելով ուրախ, կենսախինդ, կյանքը գովերգող ներկայացումներ՝ այն մասին, թե ինչպես են մարդիկ բարգավաճում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության ներքո։

Այս փաստաթուղթը հայտնվեց անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը այցելեց թատրոն և հանդիմանեց ստեղծագործական խմբին՝ այն բանի համար, որ նրանք հիշեցնում են հանդիսատեսին պատմական փաստեր, որոնք անհարմար են Փաշինյանի արտաքին քաղաքականության համատեքստում։ Մինչդեռ պետք է հակառակը՝ օգնել հանրությանը գիտակցել իրական սահմանների արժեքը՝ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Ահա այսպիսին է մեր ժողովրդավարությունը՝ հասել ենք ուղիղ պետական գրաքննության։ Իսկ ինչի՞ զարմանալ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստվում է փոխարինել ավանդական հայկական եկեղեցին՝ իր ճաշակով ստեղծված նորով։

Ըստ Փաշինյանի՝ հանրապետությունում ամեն ինչ պետք է ծառայի Թուրքիայի շահերի սպասարկմանը։ Նա շատ հմտորեն է կազմակերպել ամեն ինչ՝ Հայաստանի բռնի թրքացումը ներկայացնելով որպես խաղաղ գործընթաց։ Իսկ ով քննադատում է Փաշինյանի հակահայկական քայլերը, հայտարարվում է խաղաղության թշնամի։

Բայց արդեն ակնհայտ է, որ նրա գործունեությունը խաղաղություն չի բերում։ Նա պարզապես մատուցում է Հայաստանը թուրքերին։

Ինչ վերաբերում է հարևանների զգացմունքների հանդեպ հոգատարությանը՝ այստեղ էլ կարելի է շատ հեռու գնալ։ Հիշենք մի դրվագ՝ 17-րդ դարի հայ պատմիչ Զաքարիա Քանաքերցու գրառումներից։

Նա պատմում է, որ Սեֆի Քուլիխան II-ը՝ Երևանի բերդի շահական նահանգապետը, հրաման է արձակել, որ անձրևոտ օրերին քրիստոնյաները (տեղական հայ բնակչությունը) դուրս չգան տներից, քանի որ իբր նրանցից հոտ է գալիս և դա վիրավորում է մահմեդականների զգացմունքները։

Միգուցե Փաշինյանը պատրաստվում է բավարարել նաև նման «գործընկերային» պահանջները։ Նրանք դրանցով հիմա էլ շռայլ են՝ հիշենք Բաքվի պահանջը, որ Զանգեզուրի միջանցքում ադրբեջանցիները «չհանդիպեն որևէ մեկին Հայաստանից»։
Ոչ մի կասկած չկա՝ եթե սկսենք բավարարել թուրքերի և ադրբեջանցիների յուրաքանչյուր ցանկություն՝ արտահայտված կամ չարտահայտված, դա անխուսափելիորեն կվերածվի սեփական բնակչության ուղղակի ահաբեկման։

Հաճախ կարելի է լսել, որ Փաշինյանին անվանում են «պարտված»։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ Նա ինքը չէ «պարտված», նա այն մարդն է, ով «պարտված» է դարձնում ամբողջ Հայաստանը։
Միևնույն ժամանակ, նրա վարկանիշը չի հասնում նույնիսկ 15 տոկոսի՝ հաշվի առնելով վարչական ռեսուրսի ճնշումը։ Այսինքն՝ նման ոչ ժողովրդականության պայմաններում նա որևէ իրավունք չունի ժողովրդի անունից ընդունել նման նվաստացուցիչ որոշումներ։

Այն, ինչ ներկայիս իշխանությունը՝ Արմեն Գրիգորյանի շուրթերով, անվանում է «բարդ տրանսֆորմացիա, որը առնչվում է ազգային ինքնության և ինքնագիտակցության շերտերին», իրականում փորձ է՝ այդ ինքնագիտակցությունը քանդելու, իսկ ինքնությունը՝ ջնջելու։

Հուսանք, որ Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել։ Ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար։