Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը (2025):
Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնն անցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և հանդիսանում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունը:
Մոտ երկու տասնամյակ է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):
Սեպտեմբերի 19-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում փառատոնի և հոբելյանական 100-րդ համերգաշրջանի հանդիսավոր բացմանը ելույթ կունենա համաշխարհային հեղինակավոր բեմերը նվաճած, ականավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ հռչակավոր ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն հանճարեղ գլուխգործոցներ՝ Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:
Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևոր համերգներից են սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվան նվիրված համերգը, որտեղ որպես մենակատարներ հանդես կգան միջազգային նշանակալի կարիերա կերտող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը և սիրված դաշնակահար Արմեն Բաբախանյանը: Մեր ժամանակների լավագույն, աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ շքեղ գալա-համերգը՝ ‹‹Կարեն Դեմիրճյան›› մարզահամերգային համալիրում նույնպես փառատոնի կուլմինացիոն կետերից է: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, ‹‹Բորոդին›› քառյակի ելույթով կնշվի քառյակի 80-ամյակը, կկայան մեր ժամանակների ամենախորը մտածող ու հոգևոր հարուստ ներաշխարհով կոմպոզիտորներից մեկի` Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված հեղինակային համերգ` անվանի երաժիշտներ ջութակահար Անուշ Նիկողոսյանի և Հայկ Մելիքյանի մասնակցությամբ և հռչակավոր դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ: Փառատոնի փակման համերգը կնշանավորվի մեկ այլ հայազգի վիրտուզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Կարևոր իրադարձություն է Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ ‹‹Ձոն››-ի համաշխարհային պրեմիերան, որը կոմպոզիտորը գրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ: Երկանյանի փոխանցմամբ՝ Ազգային ֆիլհարմոնիկը կարևորագույն մշակութային ու քաղաքակրթական ձեռքբերում է մեր ազգի համար, ամեն երկիր չէ, որ 100-այմա նվագախումբ ունի, այն էլ այսպիսի բարձր մակարդակի: Նա նպատակ է ունեցել այս սիմֆոնիկ ‹‹Ձոն››-ի միջոցով փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որն ապրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ:
Բազմազան է նաև փառատոնի ծրագիրը. կհնչեն Մալերի, Ռիմսկի-Կարսալովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բարտոկի, Բրիտենի, Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Բաց մի թողեք
«Խնդրեցի Լևոնին այդ օրը գալ ինձ հետ նկարահանման, ուզում էի, որ ամեն ինչ բնական լինի». Սիրուշո
Թույլ չտալ, որ հանրության պառակտող քաղաքացի Փաշինյանի վարքը հասնի նպատակին․ «Ակն ընդ ական»
Չեղարկվում են Մկոյի մասնակցությամբ ներկայացումները․ Լուսանկար