18/09/2025

Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը

Ռուս հայտնի երգիչ Օլեգ Գազմանովը խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին է տվել ամբողջ գումարը, որը կյանքի ընթացքում խնայել էր թոշակի անցնելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գազմանովի ընտանիքի իրավաբան Ռոման Կուզմինը։

«2019 թվականին Օլեգ Միխայլովիչը և նրա կինը՝ Մարինա Անատոլևնան, պարտքով գումար են տվել Սարգսյանին։ Առանձնահատկությունն այն է, որ դա այն ամբողջ գումարն էր, որը Օլեգ Միխայլովիչն իր ողջ կյանքի ընթացքում վաստակել էր թոշակի տարիների համար»,-նշել է իրավաբանը։

Կուզմինի խոսքով՝ Սարգսյանը Գազմանովի ընտանիքի շրջապատում հայտնվել է 2016 թվականից և ջանացել է դրական տպավորություն թողնել։

«Փաստացի նա օգտվել է իր նկատմամբ նրանց վերաբերմունքից և ստացել դրամական միջոցները։ Մեկ տարի անց նրանից պահանջել են գումարը վերադարձնել, Սարգսյանը հայտարարել է, որ փող չկա։ Ինչ-որ անհասկանալի տեղ է ներդրել։ Իսկ մենք ոչ թե ներդրում էինք արել, այլ փոխառություն էինք տվել»,-մանրամասնել է փաստաբանը։

Հետագայում, փաստաբանի խոսքով, Սարգսյանը պատճառ է բերել քովիդի համաճարակը, հետո՝ հատուկ ռազմական գործողությունը, որոնք իբր թույլ չեն տալիս նրան փոխանցել գումարը ԱՄՆ-ից, որտեղ նա բնակվում է:

«Սարգսյանը թեև Ռուսաստանի քաղաքացի է, բայց վերջին տարիներին բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղ ունի ընտանիք, տուն, գույք և մեր փողերը։ Այստեղ գալիս է գաղտնի՝ ինչ-որ անձնական հարցերով։ Մենք բազմիցս խնդրել ենք նրան հանդիպել, սակայն նա մեզ ոչ մի բառ չի ասել և հետ է գնացել»,-հայտնել է Կուզմինը։

Հետագայում Գազմանովները գիտակցել են, որ իրենց խաբել են և որոշում են կայացրել դիմել ՌԴ Քննչական կոմիտե։

Ավելի վաղ իրավապահ մարմինները հայտնել էին, որ Մոսկվայում ձերբակալել են մի տղամարդու, որին կասկածում են ՌԴ ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովի և նրա կնոջ՝ Մարինա Մուրավյովա-Գազմանովայի նկատմամբ խարդախության համար: Պարզվել է, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, նախկինում չդատված։ Ձերբակալվածին արդեն խարդախության մեղադրանք է առաջադրվել։