Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Խոսքը Ազատ գյուղի զորանոցում ողջ ողջ արված զինծառայողների գործի մասին է:
Ըստ մեղադրանքի, Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023-ի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում եւ որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել ՔՕ 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:
Ըստ մեղադրականի, Ռ․Մ․-ն 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, «պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի, շինությունների եւ ունեցվածքի անվտանգության եւ պահպանման համար, ինչպես նաեւ ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելուն հետեւելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով»:
Ըստ քննիչների, Ռ․Մ․-ն չի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի վտանգավոր գործողությունները, ապա ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը եւ նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը եւ կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:
Ե.Հ.-ի նկատմամբ եւս հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ). վարույթը դատաքննության փուլում է:
Ազատ գյուղում ողջ-ողջ այրված զինվորների ծնողները, հարազատները, սակայն, չեն հավատում իրավապահներին եւ պնդում են, որ դատարանը օրվա իշխանությունների անմիջական հրահանգով` գործը ծածկադմբոց է անում: Ազատ գյուղում ողջակիզված Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ինչ-որ մի կրտսեր սերժանտի դատելով իրավապահները փորձում են հանրության աչքին թոզ փչել, մինչդեռ նրա պնդմամբ` զորանոցում տեղի ունեցածը դիվերսիա է, իսկ, թե ինչու վարչապետ Փաշինյանն այդ օրը Կառավարության նիստի ժամանակ կոնկրետ վարկած առաջ քաշեց եւ ուղղորդեց առանց այդ էլ ուղղորդված Քննչական կոմիտեին, մեր զրուցակցի պնդմամբ` շատ կասկածելի է եւ մի շարք հարցեր է առաջանցում.
«Մի շարքային «սալդատի» դատելով հո՞ էս հարցը չի փակվում: Էդ ինչի՞ գեներալներ, բարձրաստիճան զինվորականներ չեն դատվում, որ մի ժջհել «սալդատ» ա մենակ դատվում. «Դատ ա գնում, մեղավորներ են փնտրում, բայց տպավորություն ա, որ բոլորին մեղադրում են, բացի իրական մեղավորներից: Դատապարտված սերժանտն է այդ օրը եղել հերթապահը, զուտ դրա համար են դատում, բայց ես վստահ եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն ա: Դիվերսիա է եղել` 100 տոկոս: Ոչ մի գրամ կասկած չունեմ: Սերժանտը զուտ էն բանի համար ա մեղավոր, որ չի հսկել, երեխեքը քնած են եղել ու էդ ժամանակ էլ դիվերսիա է տեղի ունեցել: Գործը դեռ շարունակվում է, դատավարության ընթացքում դեռ մի քանի վկաներ պիտի հարցաքննվեն, բայց ի՞նչ պիտի տան մեզ այդ հարցաքննությունները: Մեզ համար էն գլխից էլ պարզ ա, թե ինչ ա եղել: Նիկոլ Փաշինյանի սարքած գործն է: Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ ցուցմունք տալու, թող գա պարզաբանի, թե իրեն որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց դեպքի օրը: Հազար ու մի հանգամանք ենք պարզել, օրինակ` զինվորների հեռախոսները այրված չեն եղել, զորանոցի փայտե հատակը այրված չի եղել, ո՞նց կարող է հրդեհից մարդը այրվել, իսկ փայտե հատակը` ոչ: 12-13 րոպեի մեջ զինվորները մահացել են: Ո՞նց կարող է հրդեհից զինվորի մարմնի մի մասը այրվի, մի մասը շոգեխաշվի: Թուրքը` կամ դավաճան հայի օժանդակությամբ, կամ էլ` իր ձեռքով դիվերսիա է արել: Մի խոսքով` շատ վատ է ամեն ինչ: Ոչ մի բանի չենք հավատում, մինչեւ վերջ գնալու ենք, հասնելու ենք Եվրոպական դատարան: Պիտի պատասխան տան մեր անմեղ տղերքի կյանքի համար: Էսօր ում են դատում, ում են բանտարկում` դրանից մեզ ի՞նչ օգուտ: Մեզ պետք էր, որ իրականությունը բացահայտվեր: Ես արդեն անգամ այդ դատավարություններին մասնակցելու իմաստը չեմ հասկանում: Քանի անգամ դատավորն ինձ հանել է նիստերի դահլիճից: Էդ ինչի՞ գեներալներն ու գնդապետները չեն դատվում, մի շարքային «սալդատի» են դատում: Ո՞վ որոշեց, որ էդ մեկն ա միայն մեղավոր: Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր «վնգստացող դատավորներ» կան: Այ հենց նման դատավորներն են այդ վնգստացողները, որ գործը կոծկում են, բայց մենք մինչեւ վերջ գնալու ենք»:
Բաց մի թողեք
Ընդդեմ ու հօգուտ Նիկոլի դրսից միջամտությունը շատ ակտիվ է լինելու
2018-ից հետո արվեստի գրեթե բոլոր ճյուղերը սկսել են գրաքննության ենթարկվել
Կոմունիզմը վերադառնում է «Իրական Հայաստանի» դեմքով. թույլատրելի է միայն կուսակցական քարոզը