17/09/2025

Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար

«Հրապարակ»-ի դիտարկումը, որ Փաշինյանի թիրախում հայտնվել են Տիգրան Ավինյանն ու Ալեն Սիմոնյանը, հանրության շրջանում ոգևորություն չի առաջացնում։ Ոչ թե այն բանի համար, որ հանրությունը չի  ուզում նշվածների պաշտոններից ազատումը, այլ մի բանի են սպասում, թե երբ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի թիրախում։

Փաշինյանի թիրախը  Տիգրան Ավինյանն ու Ալեն Սիմոնյանը չեն։ Նա պարզապես սիրում է ցուցադրական կերպով թիրախավորել ՔՊ-ում աչքի ընկնող դեմքերին՝ ուշադրություն գրավելու, շեղելու համար։ Իսկ հետո սովորաբար գլխի շոյումն է գալիս ու «բանեցումը»։ Փորձը ցույց է տվել՝ նա թիրախավորում է ոչ թե մերժելու, այլ վերահսկելու համար։ Ցուցադրաբար «կրակում» է, հետո «ատրճանակը գրպանը դնում» և «զոհին» սկսում թելադրել։ Մի քանի այդպիսիքին հիշենք։

Արսեն Թորոսյանը մի ժամանակ Փաշինյանի «հրետակոծության» տակ էր, բայց այսօր սոցապ նախարար է։ Կամ Հովիկ Աղազարյանը, որին կոշտ էր թիրախավորում, իսկ հիմա վերջինս նրան «չեստ» է տալիս ու նորից օգտագործվում։ Արայիկ Հարությունյանին չմոռանանք, որին փախցրեց ու իր քթի տակ բերեց։

Դրանցից շատ օրինակներ կան, չթվարկեմ։  Երբ նա իր թիմակիցներին է թիրախավորում, դա ընդամենը ազդանշան է այլախոհներին, հանրությանը․ «տեսեք, ձեր հերթն էլ է գալու»։ Այսինքն՝ եթե անգամ Ավինյանն ու Սիմոնյանը հայտնվեն կրակի տակ, դա նրանց վերջը չէ․ Փաշինյանը պարապ ոչ մեկին չի թողնում։

Բոլորի վրա էլ կոմպրոմատ ունի և պահում է ըստ անհրաժեշտության։ Ավինյանի կամ Սիմոնյանի շուրջ ստեղծվող պատմությունը ոչ թե նրանց մերժման կամ դուրսմղման մասին է, այլ Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար։

Փաշինյանի  իրական թիրախը մենք ենք՝ շարքային քաղաքացիներս։ Ամեն քայլ, ամեն որոշում հարվածում է հենց մեզ՝ մեր գրպանին, մեր իրավունքներին ու մեր խաղաղությանը։ Նա ատրճանակը  յուրայինների վրա է ուղղում, , իսկ մատը՝ ժողովրդի վրա։ Ցանկացած մեկը, ով կփորձի անցնել նրա աթոռի կողքով, նա մատը սեղմում է «ատրճանակին»։ Ցուցադրական կրակոցների իրական զոհը միշտ հասարակությունն է։

Փաշինյանը  սիրում է թիրախավորել բոլորին, բացի ինքն իրենից։ Հանրությունն այլևս սպասում է միայն մեկ կրակոցի, որովհետև մյուս կրակոցները «փըստ են»։ Իրական հասցեատերը մեկն է։