09/11/2025

Ինչ որոշում կկայացնեն ՔՊ-ում․ երեկ, պատկերավոր ասած՝ «շիշ էին տշում»

Իշխող ուժի սեպտեմբերի 20-ի համագումարից հաշված օրեր առաջ «Քաղպայմանագիր» կուսակցությունում երեկ առաջին ականները պայթեցին։ Տեւական ժամանակ է մենք գրում էինք, որ ՔՊ-ում իրար միս են կրծում, հատկապես` վարչության անդամի թեկնածուները իրար տակ են քանդում, Նիկոլ Փաշինյանի սեղանին միմյանց մասին անձնական եւ այլ բնույթի «դոսյեներ» դնում՝ փորձելով խորտակել կուսակիցներին, որ իրենց ոտքի տեղը լայնացնեն։

Հրապարակ թերթը գրել է․ Քանի որ համագումարի ժամանակ կուսակցությունը նաեւ նոր վարչություն է ընտրելու եւ թեկնածուներից շատերը կարծում են, որ վարչության կազմում հայտնվելը ապագա լավ կյանքի երաշխիք է` Նիկոլ Փաշինյանը հաշվի է նստելու վարչության անդամության կարգավիճակի իրենց հետ ու առաջիկա ընտրություններին ցուցակի բարձր հորիզոնականներում են իրենք լինելու։

Եւ քանի որ Փաշինյանն էլ խրախուսում է իրար ոչնչացնելու գործելաոճը, շարքային ուսապարկերը 24 ժամ իրար նկատմամբ «լորիսություն» են անում, իրար դեմ լրատվամիջոցներով արտահոսքեր կազմակերպում, ուրիշների անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքում։

Երեկ այդ պայքարը ներթիմային նեղ շրջանակից դուրս եկավ ու բացահայտեց ՔՊ-ի ողջ կեղտոտ խոհանոցը: Այնպես որ անգամ կուսակցությունը ստիպված եղավ պաշտոնապես արձագանքեց։ Գաղտնիք չէ, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ նույն ինքը Շիշ բռնողը, լարված հարաբերություններ ուներ շատ ՔՊ-ականների, եւ հատկապես` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Նրանց լարված փոխհարաբերություններին վերջին ամիսներին մենք հաճախ ենք անդրադարձել, այն իր գագաթնակետին հասավ ամիսներ առաջ՝ պատգամավորի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների մասին նախագծի քննարկման օրերին։Իսկ ամիսներ անց՝ համագումարից հաշված օրեր առաջ՝ լրատվամիջոցներում հայտնվում է հրապարակում այն մասին, որ Հայկ Սարգսյանը ՔՊ վարչությանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանին կուսակցությունից հեռացնելու պահանջով։

Ընդ որում՝ նույն տեքստը էլեկտրոնային հասցեից երեկ ուղարկել էին բազմաթիվ լրատվամիջոցների: Անանուն աղբյուրը գրել էր, որ օրերս Կոտայքի մարզում ՔՊ հավաքներից մեկի ժամանակ Սարգսյանն ինքն է պատմել այդ մասին․ «Պատգամավորի խոսքով՝ երբ ինքը ներկայացրել է բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին օրենսդրական նախագիծ, Ալեն Սիմոնյանը բացահայտ դժգոհություն է հայտնել՝ ունենալով ֆինանսական շահ խաղադրույքներ ընդունող ընկերություններից»։

Նամակում նշվում է, որ Ալեն Սիմոնյանը հակագրոհ է սկսել Սարգսյանի դեմ՝ հարցը հասցնելով մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Եւ պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին՝ էթիկայի կանոնները խախտելու համար, ինչպես նաեւ կասեցնել նրա առաջարկած օրենքի քվեարկությունը։ Սակայն Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ նախագծին։

Հիշեցնենք, որ խոսքն այն նախագծի մասին է, որով պատգամավորն առաջարկում էր բուքմեյքերական ընկերությունների հարկերն ավելացնել, նրանց հարկել նաեւ ըստ շրջանառության։ Այդ նախագիծը ապրիլին թեեւ ընդունվել է, բայց էական վերապահումով: Իսկ դրան նախորդել են թեժ քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում, Հայկ Սարգսյանի թիմակիցներն ընդդիմանում էին՝ ասելով, որ նախագիծը խաղամոլության դեմ չէ, որ կարիք կա հավելյալ քննարկումների, որ նման նախագծի ընդունումը տնտեսապես մեծ վնաս է հասցնելու բյուջեին եւ այլն։

Այդ պատգամավորների թվում էին Բաբկեն Թունյանը, Հայկ Ցիրունյանը եւ այլք, որոնց Հայկ Սարգսյանը մեղադրեց բուքմեյքերական ընկերությունների շահերը պաշտպանելու մեջ։ Հայկ Սարգսյանը ՔՊ-ականներին նաեւ անգրագետ էր անվանել: Նրա պահվածքը` ԱԺ նախագահի դիմումի հիման վրա քննարկվել է նաեւ ՔՊ վարչությունում, նա խիստ նկատողություն է ստացել։

ՔՊ-ում երեկ պատկերավոր ասած՝ «շիշ էին տշում»: Կուսակցությունում շատերը կասկածում են, որ մամուլին արտահոսքը հենց Սարգսյանն է կազմակերպել։ ՔՊ-ում պատրաստվում են եւս մեկ անգամ քննել պատգամավորի վարքը, կուսակցության երեկվա պաշտոնական արձագանքում ըստ էության հայտնեցին այդ մասին․ «Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։

ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել», հայտնեցին կուսակցությունից` հաղորդագրության վերջին պարբերությամբ, ավելի ճիշտ՝ տողատակերով տեղեկացնելով, որ Հայկ Սարգսյանին կարող են նաեւ հեռացնել կուսակցությունից․ «Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Որոշ տեղեկություններով՝ կուսակցությունում մի ստվար զանգված մտադիր է Հայկ Սարգսյանի հարցը կրկին բարձրացնել վարչությունում, բանն այն է, որ ՔՊ կանոնադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ պարտավոր են հարգել ուրիշների՝ կարծիք ունենալու իրավունքը «քննարկումների ընթացքում ցուցաբերել հարգալից վերաբերմունք քննարկման այլ մասնակիցների նկատմամբ, հարգել ուրիշների՝ կարծիք հայտնելու իրավունքը»։

Եթե ապացուցվի, որ Հայկ Սարգսյանը Կոտայքի կուսակցականների մոտ նման հայտարարություն է արել՝ այն էլ վարչության կողմից խիստ նկատողություն ստանալուց հետո, իսկ նա երեկ լրատվամիջոցների հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այդ լուրերը, ապա կուսակցությունը` հավատարիմ իր ընդունած Կանոնադրությանը, պետք է հեռացնի Սարգսյանին իր շարքերից։

Ըստ ամենայնի՝ Սարգսյանի հարցին կանդրադառնան շաբաթ օրվա համագումարից հետո: Թեպետ կան շահագրգիռ մարդիկ, որ պնդում են, թե պետք է մինչ այդ նրա հարցերը լուծել։ ՔՊ-ում ասում են` մի ստվար զանգված ատամ ունի Հայկ Սարգսյանի վրա, նա իրեն ընդդիմադիր է ներկայացնում, նախաձեռնող խմբի նիստերին ինչ-ինչ ոլորտներում տիրող ապօրինություններից խոսում՝ անտեսելով իր աչքի «գերանը», ՔՊ-ում ասում են՝ լավ կլինի պատգամավորը պարզաբանի, թե ինչ միջոցներով է վերջին դասի մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա գնել եւ նման այլ հարցեր։