Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ, նախկինում սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար, ապա՝ նույն բնակավայրի վարչական ղեկավար, 54-ամյա Կամո Չոբանյանի դատավարությունը։
Ըստ մեղադրական եզրակացության, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2000 թվականի հունիս ամսին առանց համապատասխան ուսում ստանալու ձեռք է բերել ИБС 0773210 համարի բարձրագույն կրթության կեղծ դիպլոմ, որը 2022 թվականի հուլիսի 25-ին ներկայացրել է Մովսես Խորենացու անվան համալսարան եւ որպես առավելություն` ընդունվել տնտեսագիտություն մասնագիտության հեռակա բաժնի երրորդ կուրս: Կ․ Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 457 հոդվածի 1-ին մասով` փաստաթղթեր կեղծելը:
Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` 80-ից 150 ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկում` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կ․ Չոբանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Չոբանյանի շահերը պաշտպանում է իջեւանցի փաստաբան Արթուր Մելքիբեկյանը: Այս վարույթով նախնական դատալսումները Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում մեկնարկել են 2025 թ․ հունիսի 19-ին։ Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 24-ին։
Կ․ Չոբանյանը մեզ հայտնեց, որ 1994-2000 թվականներին բնակվել է Մոսկվայում, այդ տարիներին հեռակա սովորել է Գորյաչկինի անվան գյուղատնտեսական ակադեմիայում։ Նա հիշում է, որ այդ տարիներին Ռուսաստանում խառնակ վիճակ էր, փողոցներում սկինհեդների վտանգավոր խմբեր էին շրջում։ Չոբանյանի խոսքերով՝ ուսման առաջին կուրսում ուսման վարձը 2000 ռուբլի էր, իսկ ավարտական կուրսում՝ ավելի քան 12 հազար։
Քրեական վարույթն իրականացրած քննիչը քննության ընթացքում Չոբանյանին հարցրել է՝ պահպանե՞լ է գյուղատնտեսական ակադեմիայում մուծած ուսման վճարների անդորրագրերը։
Բայց Չոբանյանն ի՞նչ իմանար, որ դրանից մոտ 30 տարի անց ինչ-որ մեկի բողոքի հիման վրա իր դեմ քրեական գործ են հարուցելու, որ անդորրագրերը պահպաներ։ Չոբանյանի դիպլոմը Երեւանում` Փորձաքննությունների ազգային բյուրոյում փորձաքննության է ենթարկվել, ապացուցվել է, որ դիպլոմն օրինական է։
Սակայն դատարանում վիճարկվում է այն, թե այդ տարիներին Կ․ Չոբանյանը սովորե՞լ է նշված բուհում: 2014-ին Գորյաչկինի անվան ակադեմիան միավորվել է Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիային եւ նախկին բուհի տված դիպլոմը ՀՀ իշխանությունը համարում է կեղծ։ Չոբանյանի խնդրանքով` այս տարվա ապրիլի 25-ին Ռուսաստանում բնակվող իր եղբայրը` Կամոյի անունից դիմում է ներկայացրել Տիմիրյազեւի անվան գյուղատնտեական ակադեմիա, որպեսզի տեղեկանք տան այն մասին, որ Կամո Չոբանյանը 1994-2000 թթ. սովորել է Գորյաչկինի անվան գյուղակադեմիայում։ Սակայն տեղեկանքը չեն տրամադրել, պատճառաբանելով, որ գյուղակադեմիայի արխիվը դեռեւս թվայնացված չէ։
Չոբանյանն իր հանդեպ քրեական հետապնդումը վիրավորական է համարում, ասելով․ «2008 թվականից, 17 տարի ղեկավար պաշտոնների եմ, երկար տարիներ եղել եմ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար, գյուղի վարչական ղեկավար, գյուղնախարարության ոսկե մեդալի եմ արժանացել, գնացել եմ Ռուսաստան, այնտեղ ապրող համագյուղացիներից գումար հանգանակել, որ սահմանամերձ մեր գյուղում ծրագրեր իրականացնեմ»։
Որպես Բերդի համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ, նա Վ․ Կարմիրաղբյուրի վարչական ղեկավարի պաշտոնի համեմատ երկու անգամ պակաս աշխատավարձ է ստանում, սակայն հույս ունի, որ դատարանն առաջադրված մեղադրանքում իրեն կարդարացնի։
Նշենք, որ ՏԻՄ գործող օրենքի համաձայն՝ 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները պարտադիր պետք է ունեն բարձրագույն կրթություն, բուհի դիպլոմ չունենալու պատճառաբանությամբ 2024-ին աշխատանքից ազատվել են Բերդ համայնքի սահմանամերձ գյուղերի՝ Վ․ Կարմիրաղբյուրի, Չինարիի, Տավուշի, Արծվաբերդի վարչական ղեկավարները։ Դա այն դեպքում, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա, որ Կամո․ Չոբանյանը չի սովորել Գորյաչկինի անվան գյուղակադեմիայում։
Օրենքի այդ պահանջը տրամաբանական չէ այն առումով, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ավարտել ԵՊՀ-ն, Դիլիջան քաղաքն ու 6 գյուղերը միավորող Դիլիջան համայնքը 2021թվականից ղեկավարող Դավիթ Սարգսյանն ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, նա այս տարի է հեռակա ավարտել Հայաստանի Եվրոպական համալսարանի Իջեւանի մսանաճյուղը։
Տավուշի մարզպետի աշխատակազմում տարիներ շարունակ աշխատում են 2 մասնագետներ, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն։ Եվ վերջապես, անգամ թիվ 1 քաղաքական մարմնի` ԱԺ պատգամավորի դեպքում բուհի դիպլոմը պարտադիր չէ:






Բաց մի թողեք
ՔԿ-ն Վահան Քերոբյանին առնչվող գործի վերաբերյալ հաղորդագրություն, նա չի կալանավորվի
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար